Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌՈՂՋ ՏՂԱՄԱՐԴԸ ՄՏԱԾՈՒՄ Է

Ապրիլ 11,2003 00:00

ԱՌՈՂՋ ՏՂԱՄԱՐԴԸ ՄՏԱԾՈՒՄ Է Սահմանադրական դատարանում երեկ շարունակվեց ՀՀ նախագահի էքսթեկնածու Ստեփան Դեմիրճյանի դիմումի քննությունը։ Ջերմում էր ՍԴ նախագահը, վատառողջ էր նաեւ ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը։ Դիմող կողմը 4 օր շարունակ ներկայացրել էր իրավախախտումների վերաբերյալ բազմաթիվ օրինակներ, 1670 էջանոց փաստաթղթերի մի ողջ տրցակ, որոնք, ի դեպ, պատասխանող կողմի ներկայացուցչի կողմից (արդարադատության փոխնախարար Տիգրան Մուկուչյանի) գնահատվեցին իբրեւ ոչ առաջնային։ Պատասխանող կողմը երեկ ժամը 10.00-ից մինչեւ 13.15-ը ներկայացրեց իր առարկումները։ Մուկուչյանի խոսքը կարելի է բաժանել երկու մասի՝ տեսական հարթության վրա կառուցված եւ դիմող կողմին հակընդդեմ պատասխաններ։ Տեսական հարթությունում նա մասնավորապես անդրադարձավ անմեղության կանխավարկածին եւ դրա խախտմանը։ Մասնավորապես անդրադարձավ նաեւ անձի արժանապատվությունը եւ պատիվը ցանկացած ոտնձգությունից պաշտպանելու իրավունքին։ Ցիտելով Սահմանադրությամբ քաղաքացիներին վերապահված իրավունքների մասին առանձին հոդվածներ, նա ասաց, որ հանրապետությունում գործում է դատական վերահսկողության լիակատար համակարգ, որից կարող էր օգտվել դիմող կողմը, որը երեկվա դրությամբ ներկայացնում էին դարձյալ ԱԺ պետաիրավական հարցերի նախագահ Վիկտոր Դալլաքյանն ու Հայաստանի փաստաբանների միության անդամ Աշոտ Սարգսյանը։ «Եթե դիմող կողմը ՍԴ-ին կներկայացնի դատարանի վճիռներ եւ որոշումներ, պատասխանող կողմը պարտավոր է ընդունել վճիռների ճշտությունն ու իսկությունը, դրանցում առկա պատճառական կապը ընտրության արդյունքի հետ»,- ասաց Տ. Մուկուչյանը: Այնուհետեւ հայտնեց դատարանին, որ «գտնում ենք, ՍԴ-ն չի կարող արհեստականորեն ընդլայնել Սահմանադրությամբ իրեն վերապահված իրավասության շրջանակը, լրացնել դրանով իսկ դիմող կողմի բացթողումը, քննության առարկա դարձնելով, դիմողի կարծիքով, ընտրության նախապատրաստման, կազմակերպման, անցկացման փուլերում տեղ գտած խախտումները»։ Ստացվեց այսպես. մի դեպքում պատասխանող կողմը հարցականի տակ է դնում, թե ինչու դիմող կողմը ընդհանուր իրավասության դատարաններ չի դիմել, թե ինչու վերոնշյալ դատարանների վճիռներն ու որոշումները տեղ չեն գտել ՍԴ ներկայացված փաստաթղթերում: Մյուս դեպքում էլ հեռահար հասկացնում էր, որ ՍԴ-ն չի կարող արհեստականորեն ընդլայնել իր իրավասությունները: Դիմումում խոսք էր գնացել նաեւ Երեւանի մամուլի ակումբի եւ Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի մոնիտորինգի արդյունքների մասին։ Պատասխանող կողմը հանդես եկավ մամուլի հարցերով իրավապաշտպանի կեցվածքով, ոչ միայն արձանագրելով, որ լրատվամիջոցների կողմից (ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր, ինչպես անվճար, այնպես էլ վճարովի) խոչընդոտներ չեն եղել, այլ «Հանրային հեռուստատեսության գովազդից թեկնածուները օգտվեցին մասնավորապես հավասարապես, եւ առաջին 3 շաբաթներում համարյա սպառեցին լիմիտը։ Քոչարյանը, Գեղամյանը, Կարապետյանը մոտեցան լիմիտին, իսկ Դեմիրճյանը մի քիչ գերազանցեց այն»։ Առհասարակ, մասնավոր հեռուստատեսության հետ կապված, արդարադատության փոխնախարարը «հիշեցրեց», որ մասնավորը ձեռնարկատիրական գործունեության իրականացման մի բնագավառ է եւ ունեցել է սեփական կարծիքի որոշակի դրսեւորումներ։ «Սեփական կարծիք հայտնելիս օգտվում են հանրապետության բոլոր լրատվամիջոցները՝ ե՛ւ Հանրայինը, ե՛ւ մասնավորը»,- ասաց ԿԸՀ ներկայացուցիչը։ Պատասխանող կողմը գրեթե խուսանավեց, երբ փաստաբան Աշոտ Սարգսյանի կողմից փորձ արվեց ճշտելու, թե «Ստեփան Դեմիրճյանի դեպքում երկիրը կործանվելու է, երկիրը կանգնելու է պատերազմի առաջ»՝ քարոզչությո՞ւն է, թե՞ կարծիք։ Տ. Մուկուչյանն ասաց, որ դա առանձին լրատվամիջոցի կարծիքի արդյունք է։ Ինչ վերաբերում է դիմումատուի կողմից առաջ քաշված վստահված անձանց եւ շտաբի անդամների ձերբակալությունների խնդրին, պատասխանողը ասաց. «Որեւէ մեկի պատուհանի տակ թեկուզ նախընտրական քարոզչություն անելը գիշերվա ժամը 22-ից մինչեւ առավոտյան ժամը 6-ը, բնական է, պետք է կիրառվեին հարկադիր միջոցառումներ գիշերային անդորրը խախտելու համար»։ «Միամիտ» հարցեր ու պատասխաններ Վիկտոր Դալլաքյանը ներկայանալով իբրեւ ՀՀ «միամիտ» քաղաքացի, ռեպլիկի կարգով նկատեց, որ ժամը 24-ից մինչեւ 6-ը ավելի հետաքրքիր զբաղմունքներ կան։ Պատասխանող կողմը նույնքան միամիտ նկատեց, որ այո, «գիշերը առողջ տղամարդը մտածում է»։ Ի դեպ, երեւի մտածելու արդյունքում է, որ պատասխանողը իր հակափաստարկների մեջ նշեց, որ թեկնածուի 5595 վստահված անձանցից 5%-ն է մասնակցել ՍԴ ներկայացրած թղթերի գոյացմանը։ Վիճակագրական հաջորդ տվյալով, պատասխանողները գտնում էին, որ հաշվառում չունեցող անձանց ցուցակների 65%-ը սխալ է։ Եվ որ 56 ընտրատարածքում ներկայացված է վստահված անձանց 1,3%-ի հատուկ կարծիքը։ Դիմող կողմը մի միամիտ հարց էլ տվեց պատասխանողին, թե կառավարության անդամներից քանի՞սն են գտնվել արձակուրդում եւ ովքե՞ր են, որ չեն գտնվել արձակուրդում։ «Կադրերի վարչություն չէ ԿԸՀ-ն»,- ասաց Տ. Մուկուչյանը եւ նույնիսկ չհակադարձեց Վ. Դալլաքյանի այն ռեպլիկին, որ, մասնավորապես, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հունվարի 23-ին հաշվետվություն ներկայացնելիս «մոռացել» է, որ գտնվել է արձակուրդում եւ, փաստորեն, կես ժամ եղել է նախարար, 5 րոպե՝ քարոզիչ։ Ինչ վերաբերում է պետական միջոցների օգտագործմանը (Քոչարյանի կողմից), դիմումատուն սիրահոժար ԿԸՀ-ին նվիրեց հունվարի 21-ի «ՀՀ» թերթը, ուր սխալմամբ թեկնածուներին հատկացված 180 րոպե եթերաժամի փոխարեն գրված է եղել 208 րոպե, ինչի արդյունքում Քոչարյանը 2 մլն դրամ չի մուծել։ Պատասխանողը խոստացավ ծանոթանալուց հետո պատասխանել հարցին։ Առանձին վիճաբանության տեղիք տվեց 2 մլն 331 հազար 507 ընտրողների թվին 26 հազար 820 ընտրողի հավելագրումը։ Պատասխանողը գտնում է, որ քաղաքացիները (4000) օգտվել են դատական կարգով իրենց իրավունքները պաշտպանելուց եւ ճշտվել են ցուցակները։ Մասնավորապես, նա նկատի ուներ Շենգավիթի համայնքի ինչ-որ բնակելիի ճշտումները։ Դիմումատուի փաստարկմամբ, այդ բնակելիում չէր կարող միաժամանակ ապրել 26820 ընտրող։ Դիմումատուին վերագրելով «անհայտ ծագումնաբանության փաստաթղթերի» ձեռքբերման մեջ (քրեորեն հետապնդելի արարք), նա հեռահար օգտագործեց մի այսպիսի միտք. «Օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցները արգելվում են եւ մերժում ենք դիմումն ամբողջությամբ, քանի որ այդ ապացույցները չեն կարող քննության առարկա լինել բարձր դատարանում»։ Սպասենք՝ արդյոք դիմումատուն համարժեք պատասխան կտա՞, թե՞ կընդունի, որ զբաղված է եղել փաստաթղթերի ապօրինի ձեռքբերմամբ։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել