Լրահոս
Օրվա լրահոսը

Էռնեկյանը կկառուցի նոր օդանավակայան

Ապրիլ 11,2003 00:00

Էռնեկյանը կկառուցի նոր օդանավակայան «Որեւէ մեկը, որ 50 մլն դոլարի ներդրում պետք է անի, որը մինչեւ այսօր բյուջեից Եվրոբանկին վճարված 2,5-3 մլն դոլար՝ պետք է բյուջե վճարի, պիտի ստեղծի եկամտի աղբյուրներ, դրանցից ներդրումներ կատարելու եւ շահույթ ստանալու համար։ Հետեւաբար, չպետք է զարմանալ, որ օդակայանում կկառուցվեն բաներ, որոնցից իրենք շահույթ կստանան»։ Ի պատասխան լրագրողների հարցումների, երեկ նման հայտարարություններ արեց կառավարության պաշտոնական իրավախորհրդատու Վահե Յաղուբյանը։ Բանն այն է, որ երեկ կառավարությունն իր նիստում հավանության է արժանացրել Էդուարդո Էռնեկյանի ընկերության կողմից ներկայացրած «Զվարթնոց» օդանավակայանի զարգացման մաստեր-պլանը։ Արծարծված խնդիրը վերաբերում էր վճարովի ավտոկանգառներին, եւ հիշյալ հայտարարությունն անելուց հետո, իհարկե, պարոն Յաղուբյանը լրագրողներին սփոփեց նաեւ՝ ասելով, որ մեր կառավարությունը կհետեւի որոշակի հստակ չափանիշների, եւ գերշահույթներ չեն լինի։ Բայց հարկ համարեց մեկ անգամ էլ հիշեցնել, որ 50 մլն-ի ներդրում պետք է լինի, իսկ դրա համար՝ «ապահով ֆինանսական հոսքեր» պետք է լինեն։ Պարոն Յաղուբյանի հավաստմամբ, միայն 30 տարի հետո պարոն Էռնեկյանը բախտ կունենա վայելելու իր ներդրումների արդյունքները։ Իսկ մինչ այդ, բնականաբար, կբարձրանան տարբեր ծառայությունների վճարները, նոր ծառայություններ կներմուծվեն, մինչդեռ «օդանավերի սակագները մնացին նույնը. դրա շուրջ համաձայնություն եղավ»։ Այսպիսով, համաձայն կառավարության հավանությանն արժանացած մաստեր-պլանի, Հայաստանի Հանրապետությունը կունենա նոր օդանավակայան։ Դա՝ քննարկումների արդյունքում եւ կառավարության առաջարկով։ Իսկ մինչ օրս իբրեւ օդանավակայան ծառայած կառույցը (կլոր շենքը), այլեւս կամ կծառայի իբրեւ հյուրանոց, կամ խանութների համալիրի կվերածվի։ Նման որոշումը պայմանավորված է կառույցի հնությամբ եւ սեյսմակայունության խնդիրներով։ Առաջիկա 60 օրվա ընթացքում կսկսվեն նոր օդանավակայանի շինարարության աշխատանքները եւ մինչեւ տարեվերջ առաջին մասնաշենքն արդեն պատրաստ կլինի։ Ծրագրի արժեքը 59 մլն դոլար է՝ 8 տարվա համար։ Պարոն Յաղուբյանի ներկայացմամբ՝ մեր նոր օդանավակայանը կլինի «ԽՍՀՄ քաղաքները սպասարկող տրանզիտ-օդանավակայան»։ Եվ ըստ այդմ, առաջին մասնաշենքը հնարավորություն կունենա միաժամանակ սպասարկելու ութ օդանավ՝ տարեկան 1,2-1,4 մլն ուղեւոր։ Իսկ ՀԱՈՒ-ի «նոր ներդրողները պետք է կենտրոնանան տրանզիտ տրաֆիկի ուղղությամբ»։ ՀԱՈՒ-ի հնարավոր սեփականաշնորհումը կառավարության պաշտոնական իրավախորհրդատուի համոզմամբ, ուղեւորաշրջանառության տարեկան 5-10% աճ կապահովի, եւ վերոբերյալ թվերը «ոչ թե երազային են, այլ նույնիսկ կոնսերվատիվ»։ Քանի որ ՀՀ կապի հիմնական միջոցներից մեկը տարածաշրջանում առաջինը եւ առայժմ միակն է նման հավակնություններ ցուցաբերում, ուստի տերերը վստահ են հաջողությունների ակնկալիքներում։ Իսկ առաջիկա 15 տարիների ընթացքում ներդրումները կկազմեն 80-100 մլն դոլար։ Ինչ վերաբերում է աշխատատեղերին. «մասնավոր բիզնես է եւ որքան կարիք ունենան, այնքան աշխատող էլ կընդունեն»։ Օդանավակայանի անվանումը կհամալրվի «Արմենիա» բառով։ Հայրենական ավիացիային, մասնավորապես ՀԱՈՒ-ին վերաբերող հարցերին կառավարության պաշտոնական իրավախորհրդատուն հրաժարվեց պատասխանել, քանի որ եկել էր «մաստեր-պլանը ներկայացնելու»։ Կառավարությունն իր նիստում ընդունել է նաեւ ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագիծ՝ հիմնական խնդիր դնելով, այսպես ասած, նախադրյալներ ստեղծել, որպեսզի մարդիկ գերծանրաբեռնված Երեւանից տեղափոխվեն մարզային բնակավայրեր։ Պարզվել է, որ ռեսուրսների «կայուն օգտագործման դեպքում 5 մլն մարդ կարող է ապրել ՀՀ տարածքում»։ ՀՀ գլխավոր գանձապետ Արամ Ջանջուղազյանն էլ ներկայացրեց «հանրային ֆինանսների կառավարման, բյուջետային հիմնարկների հաշվապահության» բարեփոխման ու կատարելագործման ծրագիրը։ Բացառապես գրանտային միջոցների հաշվին՝ 12,7 մլն դոլար, մեր բյուջետային հիմնարկները մինչեւ այժմ ԽՍՀՄ ստանդարտներով տարվող իրենց հաշվապահությունը կհամապատասխանեցնեն միջազգային չափանիշներին։ Ի դեպ, սա նաեւ ՍԱԿ-5 վարկի տրամադրման նախապայմաններից մեկն է։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել