Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՅՍՕՐՎԱ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՊԱՏՐԱՍՏ ՉԷ»

Ապրիլ 11,2003 00:00

«ԱՅՍՕՐՎԱ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՊԱՏՐԱՍՏ ՉԷ» Ընդդիմության ներկայացուցիչ Շավարշ Քոչարյանի այս հայտարարությունը հնչեց երեկ Ֆ. Նաումանի հիմնադրամի եւ «Համաձայնություն» կենտրոնի կազմակերպած «Նախագահական ընտրությունների ազդեցությունը հասարակության եւ քաղաքական համակարգի վրա» քննարկման ժամանակ։ «Մենք շատ ծանր վիճակի մեջ ենք։ Այսպես եթե շարունակվի, կհասունանա այլ ճանապարհի անհրաժեշտություն»,- ասաց պրն Քոչարյանը։ «Այլ ճանապարհ» ասվածը նախագահական ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկելու այլընտրանքն է, քանի որ, ինչպես քաղաքագետ Աղասի Ենոքյանը նկատեց, «ռազմական պայքարի դեմ իրավական մեթոդներով չի կարելի պայքարել»։ Այս ռեպորտաժի նման «ռազմաշունչ» մեկնարկն ամենեւին չի նշանակում, որ քննարկումն էլ այդպես էր ընթանում։ Ընդհակառակը, ելույթ ունեցողներից ժամանակ առ ժամանակ ներկաներին կոչ էին անում առաջարկել ուղիներ՝ նախագահական ընտրությունների վերոնշյալ ազդեցությունը (որը գրեթե միանշանակ բացասական գնահատվեց) ինչ-որ չափով մեղմելու։ Քննարկման թեմատիկան, ինչ խոսք, չէր պարտադրում ուղիներ նշել, սակայն այդ ազդեցության բացասական լինելու եւ դրա օգտին փաստարկների մասին տեղեկատվությունը, որ երեկ հնչեց, ամենեւին թարմ չէր։ Հետեւաբար, հնարավոր ճանապարհի մասին ինֆորմացիայի կարիք, այնուամենայնիվ, կար։ Հնչեց քննադատություն ընդդիմության հասցեին. «Գործողություններից ստացվում է, որ ընդդիմությունը իշխանություն վերցնելու խնդիր չէր դրել», «Բոլորը տեսան, որ հասարակությունը պատրաստ է, բայց ոչ՝ քաղաքական ուժերը։ Հասարակությունը հուշում էր՝ ինչ անել, բայց ընդդիմությունը չէր կողմնորոշվում» եւ այլն։ Այն տպավորությունն էր ստեղծվում, որ քննարկմանը մասնակցում էին ընդդիմության հետ կապ չունեցող ուժեր։ Գուցե դա մասամբ հենց այդպես էլ էր, քանի որ ըստ մասնակիցներից մեկի, այս իրավիճակի պատասխանատուներից է նաեւ ՀՀՇ-ն, որն իշխանությունն զիջելուց հետո քաղաքական դաշտից այնպես հեռացավ, կարծես ոչ մի պատասխանատվություն չէր կրում 98-ից հետո ծավալվող իրադարձությունների համար։ Իսկ որ ամենակարեւորն է, այսօր հայտնի չէ՝ ՀՀՇ-ն ընդդիմությունո՞ւմ է, թե՞ ոչ։ Այնպես որ, անորոշ մնաց՝ ՀՀՇ-ին վերաբերո՞ւմ էր, թե՞ ոչ ընդդիմությանն ուղղված հորդորը. «Եթե ինչ-որ բան ընդդիմությունն ուզում է փոխել, պետք է խելքը գլուխը հավաքի»։ Չի բացառվում, որ այս հորդորից օգտվի իշխանությունը, քանի որ նախագահական ընտրություններից հետո, «Սովետի վերջին 10 տարիներին» նմանվելու համար, մեր երկրին մի բան է պակասում. ինչպես նկատեց Վահագն Խաչատրյանը. «Այսպիսի հավաքներ թույլ են տալիս անցկացնել։ Դեռ»։ «Ամենառազմաշունչ» խոսքերը Ա. Ենոքյանի «Մենք խուսափում ենք ասել, որ Քոչարյանը (Ռոբերտ.- Ա. Գ.) պատերազմ է հայտարարել» արտահայտությունից հետո Շ. Քոչարյանինն էին. «Ռեժիմից ազատվելու համար անհրաժեշտ է կազմել ճակատ»։ Այդ ճակատը կստեղծվի՞, թե՞ ոչ, եթե ստեղծվի, ապա՝ ինչպե՞ս եւ այլ հարցեր՝ երեկ էլ մնացին անպատասխան։ Ինչպես նաեւ այն, թե կօգտվի՞, արդյոք, ընդդիմությունը Պետրոս Մակեյանի խորհրդից. «Ընդդիմությունը պետք է բոյկոտի Սահմանադրական հանրաքվեն եւ խորհրդարանական ընտրությունները»։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել