ԱՄՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆ ԸՆԴԴԵՄ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ Հայաստանի Հետաքննող լրագրողների ընկերակցությունը մտահոգված է, որ Իրաքում ռազմական գործողությունների զոհ են դարձել լրագրողներ: Արդեն զոհվել է 12 լրագրող: Իսկ պատերազմը դեռ շարունակվում է… 2003թ. ապրիլի 7-ին ամերիկյան հրթիռից մահացել են «E1 Mundo» թերթի թղթակից Խուլիո Անգիտա Պարադոն եւ «Focus» հանդեսի թղթակից Քրիստիան Լիբիգը: Մեկ օր անց ամերիկյան օդուժի ռմբարկուի արձակած հրթիռներից ոչնչացվեց «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության Բաղդադի կենտրոնում տեղակայված կենտրոնական գրասենյակը, որի արդյունքում զոհվեց լրագրող Թարկ Այուբը, վիրավորվեց օպերատոր Զախիր Ալ-Իրաքիին: Ապրիլի 8-ին Ամերիկյան հրասայլը գնդակոծեց «Պաղեստին» հյուրանոցը, որտեղ ապրում էին արտասահմանցի լրագրողները: Երեք լրագրողներ վիրավորվել են, մեկը` մահացել: Լրագրողների վրա նման հարձակումները համարում ենք հանցագործություն եւ հստակ միտում ենք տեսնում դրա մեջ: Ամերիկյան ռազմական մեքենան թիրախ է դարձրել լրագրողներին, եւ սա չունի ոչ մի արդարացում: Մենք կոչ ենք անում բոլոր լրագրողական կազմակերպություններին հետամուտ լինել, որպեսզի մեղավորները խստագույնս պատժվեն, ինչպես նաեւ` կոչ ենք անում ամերիկյան կառավարությանը յուրաքանչյուր դեպքի շուրջ կատարել հետաքննություն եւ պարզել, թե ում հրահանգով են կատարվել այս հանցագործությունները: Ամերիկյան ռազմական մեքենան հաշվի չի առել լրագրողների անվտանգությունը երաշխավորող ոչ մի միջազգային փաստաթուղթ: Փաստորեն բոլոր դեպքերում լրագրողները զոհվել են այդ մեքենայի գործողություններից: Մենք համոզված ենք, որ ամերիկյան հասարակությունն իր ղեկավարությունից պարզաբանումներ կպահանջի: Հետաքննող լրագրողների ընկերակցություն