Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՏԵՎՈՒՄ «ՄՈՍԿՎԱՆ» ԷՐ

Ապրիլ 11,2003 00:00

ԵՏԵՎՈՒՄ «ՄՈՍԿՎԱՆ» ԷՐ Երեկ հանդիպեցինք 50-ամյա Դավիթ Մկրտչյանին, որը Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանի վճռի համաձայն՝ ապրիլի 9-ին «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «չարամտորեն չի ենթարկվել ՆԳ աշխատակիցների օրինական պահանջներին», ուստի եւ արժանացել է 2000 դրամ տուգանքի, որը վճարելու հնարավորություն չուներ: Մեր հարցին, թե հատկապես ինչպե՞ս «չարամտորեն չի ենթարկվել», պրն Մկրտչյանը պատասխանեց. «Կինո «Մոսկվայի» մոտ, երբ արդեն հանրահավաք չկար, երկու հոգի մոտեցան, թե կասկածում են, որ ես ոստիկաններին հրմշտել եմ՝ տանում են ուղղակի պարզեն: Բայց տարան ու ժամը 15-ից մինչեւ կեսգիշեր պահեցին Նորքի 1-ին զանգվածի քաղմասում: 23:30-ին բերեցին Կենտրոնի դատարան»: Նա վկայեց, որ ապրիլի 9-ի գիշերն այդ դատարանն էլի լիքն էր բերման ենթարկված ցուցարարներով: Երեկ ՀԺԿ անվճար իրավաբանական ծառայություն էր այցելել Քանաքեռ-Զեյթուն համայնքի բնակիչ Աստղիկ Հովհաննիսյանը, որի գլխին էին հարվածել մահակով, եւ նույն համայնքի բնակիչ, դարձյալ ծեծված Ռիմա Հակոբյանը: Գարիկ Աբրահամյանի հայրը՝ Ավետիսը, ՀԺԿ-ին հայտնել էր, որ իր որդուն առանց դատարանի են տարել Էրեբունու մեկուսարան: Այս տվյալները փոխանցելով՝ ՀԺԿ լրատվության պատասխանատու Ռուզան Խաչատրյանը հայտնեց, թե էլի հնարավոր չէ ճշգրիտ նշել ձերբակալվածների թիվը, քանի որ ոստիկանությունը հրաժարվում է այդ մասին տեղեկատվություն տրամադրել. «Ապրիլի 9-ի երթից հետո ամբողջ օրն, ասենք, փորձում էինք ապարդյուն պարզել, թե ուր են տարել Գայանե Աշուղյանին, որին, ականատեսների պնդմամբ, Արաբկիրի ոստիկանները ենթարկել էին դաժան ծեծի եւ քարշ տալով գցել մեքենան ու տարել: Պատգամավորները զանգեցին Արաբկիրի ոստիկանություն՝ պատասխանեցին, թե իրենց մոտ ընդհանրապե՛ս չկան ձերբակալվածներ, այն ժամանակ, երբ այնտեղ էր գտնվում նաեւ Արամազդ Զաքարյանի որդին՝ Արմանը»: Նշենք, որ պաշտոնական տվյալներով՝ ապրիլի 9-ի իրադարձություններից հետո բերման է ենթարկվել միայն 8 քաղաքացի, որոնցից 6-ը կալանավորվել են, 2-ը՝ տուգանվել: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել