Հույզերի ու զգացմունքների ոլորտում է նաեւ կառավարությո՞ւնը ԱԺ ընդդիմադիր ուժերը շարունակ աղմուկ էին բարձրացնում, թե ՀՀ «Քրեական օրենսգրքից» չպետք է հանել մահապատիժ կիրառելու մասին դրույթը, սակայն երեկ ԱԺ-ում «Քրեական օրենսգիրքը» գործողության մեջ դնելու մասին» օրինագիծը քննարկելու ժամանակ դահլիճը դատարկ էր: Վերջում ներկա էին միայն երեք կոմունիստ պատգամավորներ: Չնայած ԵԽ առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունների շարքում է նաեւ մահապատժի իսպառ վերացումը, սակայն ՀՀ կառավարությունն օրինագծում բացառության երեք դեպքեր է նախատեսել, որոնց պարագայում Հայաստանում անհրաժեշտ է կիրառել այն: Դրանք են՝ ահաբեկչության, մանկահասակ աղջկա բռնաբարության եւ ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանության դեպքերը: ՀՀ ոստիկանապետի խորհրդական Միքայել Գրիգորյանի կարծիքով, կառավարության դիրքորոշումը կապված է մեր «իրողությունների» հետ: Նա կարծում է, որ ժամանակ անց հնարավոր է վերանայել այդ դիրքորոշումը: «Բայց միաժամանակ ենթադրում եմ, որ ճիշտ կլիներ, եթե մահապատժի վերացման խնդիրը լուծվեր սկզբունքորեն»,- հայտարարեց Մ. Գրիգորյանը: Վերջինս, որն իր ողջ կարողություններով համոզում էր ընդունել այդ օրինագիծը եւ որպես այդ ոլորտին քաջատեղյակ «մասնագետ»՝ վստահեցնում էր, թե այն այնքան «նպաստավոր» է մեր երկրի համար, հակասական հայտարարություններ էր անում: Օրինակ, որ՝ մահապատիժը «մետաստազներ» տարածելու արատավոր սովորություն ունի եւ այն որեւէ պարագայում նախատեսելու դեպքում՝ հետագայում չի բացառվում դրա տարածումը նաեւ ուրիշ հանցագործությունների կամ հանցագործություններ կատարած այլ անձանց վրա: «Օրինակների հետեւից հեռու գնալու անհրաժեշտություն չկա: 1961թ. ՀՀ այսօր գործող քրեական օրենսգիրքն ընդունելու ժամանակ, իսկ մինչ այդ՝ 1958թ. ԽՍՀՄ եւ միութենական հանրապետությունների քրեական օրենսդրության հիմունքներն ընդունելիս, մահապատժի կիրառման հնարավորություն նախատեսվում էր ընդամենը 6 հանցագործությունների համար: Հետագայում, համապատասխան «զարգացումների» արդյունքում, այդ հանցագործությունների թիվը հասավ 32-ի, ընդ որում՝ դրանցից 16-ի կարգավորումը հնարավոր էր խաղաղ պայմաններում: Ահավասիկ մի ցայտուն օրինակ այն մասին, որ մահապատիժն իսկապես տարածվելու արատավոր ընդունակություն ունի»,- ասաց ոստիկանապետի խորհրդականը, որի համոզմամբ, «արդի աշխարհը» գնում է մարդասիրության եւ մարդասիրական արժեքներն «արատավորելու» ճանապարհով, եւ դժվար թե ճիշտ լինի մահապատժի պահպանումն իրեն քաղաքակիրթ հասարակություն համարող եւ իրավական պետության միտում դրսեւորող երկրում: Կառավարության դիրքորոշումն «արատավոր» որակելով, ավելի ուշ Մ. Գրիգորյանն «աղերսեց, խնդրեց ու հորդորեց» դատարկ դահլիճին՝ ընդունել այն. «Կարծում եմ, միաժամանակ կարելի է բազմաթիվ փաստարկներ բերել՝ մահապատիժը վերացնելու օգտին: Իհարկե, մահապատիժը վերացնելու վերաբերյալ հակառակորդները նույնպես կարող են փաստարկներ բերել, բայց այսօրվա դրությամբ իմ կարծիքն այն է, որ Հայաստանը պետք է իր հետագան կառուցի մարդասիրական սկզբունքներով ու մասնավորաբար առանց մահապատժի»,- վստահեցնում էր նա: Մ. Գրիգորյանի համոզմամբ, մահապատժի կիրառմանը կողմ արտահայտվող քաղաքական ուժերն այն դիտարկում են հույզերի ու զգացմունքների ազդեցությամբ, այնինչ այդ հարցը քննարկելիս ընդհանրապես, ըստ նրա, անհրաժեշտ է պահպանել որոշակի նախապայմաններ: «Մահապատժի խնդիրը չպետք է տեղափոխել հուզականության ոլորտ, որովհետեւ այս պարագայում ծայրահեղությունների հանգելու հնարավորությունները չափազանց մեծ են: Չեմ ժխտում, որ այսօր քաղաքականացվում է, որովհետեւ դա կլինի մեղանչել ճշմարտության դեմ»,- ասաց նա՝ զգուշացնելով, որ դրա քաղաքականացումը չափազանց վտանգավոր է, քանի որ «այս տիրույթում ծայրահեղությունները նույնպես բավականաչափ հնարավոր են»: Հարցին, թե ԵԽ-ն նման դեպքում պատժամիջոցներ չի՞ կիրառի Հայաստանի նկատմամբ, Մ. Գրիգորյանը պատասխանեց. «Երեւի դա ԵԽ-ին պետք է հարցնել, չեմ ուզում գուշակություններ անել, բայց կարծում եմ, Հայաստանը կշարունակի իր ժողովրդավարության ուղին, որովհետեւ միակ ճիշտ ուղին դա է, եւ ժամանակակից հասարակարգում մենք չենք կարող ղեկավարվել այնպիսի իրողություններով, որոնք արդեն ապրել են իրենց դարը»,- ինքն իրեն դարձյալ հակասեց ոստիկանապետի խորհրդականը: ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ