ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ԱՌԱՋԻՆ ԱՂԲՅՈՒՐԻՑ Իզուր էին դաշնակցականները փորձում Սահմանադրությամբ վերացնել պատգամավորների անձեռնմխելիությունը: Ուղղակի կարող էին վերստին դառնալ ընդդիմադիր եւ անմիջապես ձեռնմխելի կլինեին իրավապահների համար: Ապրիլի 9-ին Հանրային հեռուստաընկերության «Առաջին ծրագրի» հաղորդավարուհին՝ Ռոբերտ Քոչարյանի նախընտրական հոլովակը դիտելուց հետո, չկարողացավ չհայտնել իր հիացմունքը. «Մենք շա՜տ ուրախ ենք, որ ապրում ենք նման ազատ ու ժողովրդավարական երկրում»: Նույն օրը մեր «ազատ ու ժողովրդավարական» երկրում, ուր սովորական են դարձել անգամ կանանց նկատմամբ բռնությունները, ոստիկանները ձեռք, իսկ ավելի ճիշտ՝ մահակ բարձրացրին ժողովրդի անձեռնմխելի ընտրյալների վրա: Ամենազուսպն այս առիթով արտահայտվեց ԱԺ Գիտության, կրթության եւ մշակույթի հանձնաժողովի նախագահ Շավարշ Քոչարյանը. «Բնական է՝ քանի որ առջեւում էի, ես էլ հայտնվեցի ընդհանուր քաշքշոցի մեջ: Բայց ինձ հատուկ, նպատակային չէին քաշքշում. ինչպես բոլորին՝ այնպես էլ ինձ»: Իսկ Արշակ Սադոյանը պատմեց. «Երբ հակառակ փոխոստիկանապետ Հովհաննես Վարյանի հավաստիացումների, պարզվեց, որ «Մոսկվա» կինոթատրոնի մոտ բարիկադներ են ստեղծված՝ ես ոստիկանության բարձրաստիճաններից մեկին հարցրի, թե ի՞նչ իրավունքով թույլ չեն տալիս շարունակել մեր երթը՝ նա, ավելի բարձրաստիճան սպայի հրահանգով, շուռ եկավ ու սկսեց հրել ինձ: Ստիպված ես էլ բռնեցի նրա վերնաշապիկից ու հարցրի, թե այդ ինչպե՞ս է վարվում անձեռնմխելի պատգամավորի հետ: Քաշքշոց սկսվեց: Բայց ես դեռ պատգամավոր եմ, ճանաչված անձ, եւ եթե իմ նկատմամբ են այդպես վարվում՝ կարող եք պատկերացնել, թե չափ ու սահմանը կորցրած, խիղճը կորցրած այդ մարդիկ ինչպես էին վարվում տարեց կանանց եւ մնացածի հետ»: Հետաքրքրվեցինք, թե ԱԺ նախագահը կատարվածից հետո որեւէ կերպ արձագանքե՞լ է պատգամավորների նկատմամբ գործված այս բռնություններին: «Կարծում եք, թե սեղաններ կառավարելու գերընդունակ Արմեն Խաչատրյանը կարող էր մտահոգվե՞լ ԱԺ հեղինակության, պատգամավորների՝ Սահմանադրությամբ սահմանված անձեռնմխելիության պաշտպանության հարցերով: Ես, ցավոք, արդեն վաղո՜ւց հույսս չեմ դնում ԱԺ այս նախագահի եւ նրա քմահաճ վերաբերմունքի վրա»,- պատասխանեց պրն Սադոյանը: ԱԺ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանն այժմ անձեռնմխելի չէ, եւ նրա անհրաժեշտ ինքնապաշտպանությունը կարող է իշխանության համար առիթ դառնալ ընդդիմադիրների հետ հերթական հաշվեհարդարի համար: «Մատենադարանի հենց ներքեւում ոստիկանության աշխատակիցները մի քանի շարքով փակել էին ճանապարհը,- հիշեցրեց պրն Բազեյանը:- Հետեւի շարքերը գալիս էին առաջ եւ առջեւի շարքերում առաջացավ լարվածություն: Մենք փորձում էինք ոստիկանության աշխատակիցներին համոզել, որ սա անօրինականություն է, եւ իրենք իրավունք չունեն ճանապարհ փակելու»: Կատարվածին ներկա իշխանամետ թղթակիցները պնդել էին, թե ցուցարարներն իրենք են նախահարձակ եղել՝ վիրավորանքներ տեղալով ոստիկանների հասցեին եւ այլն: «Դա եղել է արդեն ոստիկանության այն աշխատակիցների գործողություններից հետո, որոնք սկսել էին բռնություններ գործել առջեւի շարքերում գտնվող անխտիր բոլորի նկատմամբ՝ մահակներ էին գործադրում առանց նայելու, թե կին է, ծեր կամ երեխա»: Ահա այստեղ էլ պրն Բազեյանը նկատել է. «Զրահաբաճկոնով եւ սաղավարտով մեկը ռետինե մահակով հարձակվեց մի կնոջ վրա: Ես էլ միջամտեցի, որ պաշտպանեմ այդ կնոջը: Ոստիկանը փորձեց ինձ հարվածել մահակով՝ ես էլ ինքնաբերաբար պաշտպանվեցի»: Հետաքրքրվեցինք, թե երեկ դատախազությունը փորձե՞լ է ոստիկանին հարվածելու համար բացատրություններ պահանջել «Հանրապետության» քաղխորհրդի նախագահից. «Ո՛չ: Բայց մե՛նք ունենք իրենց հարցեր. այդ ո՞ր օրենքի հիման վրա, կամ ի՞նչ իրավունքով էին փակել ճանապարհը, ինչո՞ւ էին անզեն մարդկանց վրա հարձակվում մահակներով: Այն դեպքում, երբ մենք կանգնել եւ պատգամավորների հետ միասին ուղղակի բանակցում էինք, որ բացեն ճանապարհը: Մենք բացարձակապես մտադիր չէինք ուժով քանդել ոստիկանների այդ պատնեշը»: Մինչդեռ ըստ իշխանամետների մեկնաբանությունների՝ ընդդիմության առաջնորդները ցուցարարներին «թնդանոթի միս» են դարձրել՝ խոստացել էին, թե գնալու են առջեւից, սակայն հետո կանայք էին հայտնվել սպառազեն ոստիկանների առջեւ: «Մենք միշտ էլ կոչ ենք արել ժողովրդին, որ սպասեն, մինչեւ գանք-հասնենք երթի սկիզբ, եւ մեր հետեւից գան,- ասաց Ալբերտ Բազեյանը:- Բայց մինչեւ Մատենադարանի հարթակից իջնում ենք ներքեւ՝ վերջին հատվածում գտնվող մարդիկ հայտնվում են երթի առջեւում: Եվ այդպես է ստացվում, որ ընդդիմության ղեկավարներին, որոնք միշտ էլ առջեւի գծում են՝ համահավասար կամ մի երկու քայլ առաջ գալիս են նաեւ այլ մարդիկ: Ապրիլի 9-ին էլ էր նույն վիճակը՝ մենք առջեւում էինք, բայց մեր կողքին էին հանրահավաքի մասնակիցները: Եվ բախման կիզակետում էլ հենց մենք էինք՝ կուսակցությունների ղեկավարներ, պատգամավորներ»: Տուժողներից մեկն էլ «Հանրապետության» քաղխորհրդի անդամ Արամազդ Զաքարյանն էր. Ռոբերտ Քոչարյանի երդմնակալության օրը ներխուժելով նրա բնակարան, չխնայեցին անգամ կնոջը, քրոջը, իսկ ավագ որդուն ծեծեցին ու տարան քաղմաս: «Նման մեթոդներով աշխատում են չեչենները, երբ ընտանիքի անդամներից մեկին պատանդ են վերցնում եւ դրա համար պահանջում գլխագին: Հայաստանում ուղղակի գլխագինը քաղաքական ակտիվության նվազեցման պահանջն է:- ասաց Արամազդ Զաքարյանը:- Ասեմ, որ չի՛ հաջողվելու դա: Որքան էլ քրիստոնյա ենք ու կարող ենք ներել՝ կարող ենք նաեւ երբեմն շատ խիստ լինել, երբ մարդիկ անցնում են սահմանները: Յուրաքանչյուր նորմալ մարդ ունի առնվազն երկու սրբություն՝ Հայրենիք եւ ընտանիք. եթե ձեռք է բարձրացվում դրանց վրա, ապա պիտի ստանան համարժեք պատասխանը»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Հ. Գ. Ալբերտ Բազեյանը տեղեկացրեց, որ պատրաստվում են հայց ներկայացնել ոստիկանության դեմ, որն ապօրինաբար զրկել էր մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքից, թեեւ նաեւ վստահ էր, որ դատարանը նորից քաղաքական վճիռ կկայացնի այս առնչությամբ: