ՆԱՀԱՆՋ Ուզածները միայն ԱԺ մտնե՞լն էր Դեռ ՀՀ նախագահի ընտրությունների նախընտրական շրջանում իշխանությունները հայտարարում էին, թե թեկնածու Ստեփան Դեմիրճյանի շուրջ համախմբված ուժերի ծավալած քարոզարշավն ուղղված է ոչ այնքան նախագահական, որքան ԱԺ ընտրությունների համար քաղաքական կապիտալի կուտակմանը: Գուցե դա պարզապես քարոզչություն էր, բայց նման գնահատականը, պարզվեց, ճշմարտությունից այնքան էլ հեռու չի: Իսկ այն իրականություն դարձրին հենց ընդդիմության թեկնածուն ու նրա շուրջ համախմբված ուժերը, երբ դեռ ՀՀ նախագահի ընտրությունների պաշտոնապես հրապարակված արդյունքները չճանաչելուն ու այդ խնդիրը ՍԴ-ում վիճարկելուն զուգահեռ՝ լրջորեն լծվեցին ԱԺ ընտրություններին: Մինչ Մատենադարանի մոտ հավաքված ժողովուրդը «Դե-միր-ճյան, նա-խա-գահ» էր վանկարկում, ՀԺԿ-ում ԱԺ ընտրությունների համամասնական ցուցակ էր գծագրվում: Մինչ ժողովուրդը մարզերից երբեմն ոտքով գալիս էր Մատենադարան՝ հույսեր փայփայելով ու հավատալով, թե ընդդիմությունն ուժեղ է, քան երբեւէ, Ստեփան Դեմիրճյանն էլ՝ այնքան վստահ իր ուժերին ու ազգընտիր նախագահ լինելու փաստին, որ Քոչարյանի անկումն օրերի հարց է ու տեխնիկայի խնդիր, այդ ընթացքում արդեն ծանրութեթեւ էր անում՝ լինե՞լ ԱԺ համամասնական ցուցակում, թե՞ չլինել: Ի վերջո Ստ.Դեմիրճյանը հայտնվեց խորհրդարանական ընտրությունների գնացող «Արդարություն» դաշինքի առաջին տողում: Հիմա, երբ փորձում ես բանավիճել ու հասկանալ, թե ո՞րն էր այդ քայլի էֆեկտը, որեւէ տրամաբանական պատասխան չես ստանում, թերեւս, այն պատճառով, որ դա հասկանալու համար, առնվազն՝ կամ ընդդիմություն, կամ ՀԺԿ անդամ, կամ նախագահի թեկնածու պետք է լինես: Իսկ ի՞նչ աներ, բա որ ՍԴ-ն նախագահական ընտրություններն անվավեր չճանաչի ու Ստեփան Դեմիրճյանը խաղից դուրս մնա՞: Ավելի պոպուլյար լեզվով սա հարկ է այսպես հասկանալ՝ Ստ.Դեմիրճյանը քաղաքական խաղերից դուրս չմնալու համար պատրաստ է նույնիսկ արհամարհել ժողովրդի ընտրությունը ու սկզբունքորեն դեմ չէ, եթե իշխանությունները թույլ տան իրեն եթե ոչ ՀՀ նախագահ, ապա՝ գոնե ԱԺ խոսնակ կամ հանձնաժողովի նախագահ դառնալ: Կարծում ենք, ամեն ինչ պարզ է ու բոլոր այլ պատճառաբանություններին նույնիսկ լրջորեն պատասխանելը՝ անիմաստ: Նույնքան անիմաստ է հույսեր փայփայել, թե ՍԴ-ի կողմից ընտրություններն անվավեր չճանաչվելու դեպքում, ԱԺ ընտրությունները պակաս կեղծիքով ու ուժային մեթոդներով են անցնելու: Իսկ այդ պարագայում ընդդիմության հաղթելու միակ տարբերակը, եթե, իհարկե, նա իր պատվից ցածր չի համարի, իշխանություններից որպես կոմպենսացիա ԱԺ-ում 5-15 տոկոս ողորմություն ստանալն է: Այդ դեպքում էլ Ստ.Դեմիրճյանը կարող է նույնիսկ ԱԺ նախագահ դառնալու հույսեր փայփայելով իրեն նեղություն չտալ: Այդ աթոռի վրա շատ այլ աչքեր կան՝ իշխանական ճամբարից: Դատելով հասարակության տրամադրության անկումից ու հասարակական ձեւավորված կարծիքից՝ առանձնակի սպասելիքներ չկան, թե ՍԴ-ն ընտրություններն անվավեր կճանաչի: Դրա պատասխանատվությունն ընկնում է նաեւ ընդդիմության վրա. համաժողովրդական ընդվզումի հզոր ալիքը մարեց հիմնականում հենց ընդդիմության մեղքով, հատուկենտ հանրահավաքները հրավիրվում են ԱԺ համամասնական ընտրություններին մասնակցող «Արդարություն» դաշինքի անվան տակ, ինչը վկայում է, որ դրանք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզչության են վերածվել: Միաժամանակ «Արդարություն» դաշինքու մ «Հանրապետություն» կուսակցությունը, թերեւս, միակն է, որ միանշանակ չի վերաբերվում ԱԺ ընտրություններին համամասնական ընտրակարգով մասնակցելու նպատակահարմարությանը: Ստ.Դեմիրճյանը հայտարարում է. «Միացյալ ընդդիմությունը պետք է մասնակցի եւ հաղթի ԱԺ ընտրություններում: Դա բացարձակապես չի նշանակում, թե մենք ավարտված ենք համարում նախագահական ընտրությունների հարցը: Իհարկե, միամտություն կլինի կարծել նաեւ, որ այս իշխանություններն ի վիճակի են ավելի նորմալ խորհրդարանական ընտրություններ անցկացնել…» («ՀԺ»՝ 04.04.03): Նույն օրը «Հանրապետության» ներկայացուցիչ Արամ Սարգսյանն է հայտարարել. «Ընդդիմությունը, ավելի ստույգ՝ «Արդարություն» դաշինքը, հանդես է եկել հայտարարությամբ, որ կմասնակցի ընտրություններին, եթե երկրում վերականգնված լինի սահմանադրական կարգը: Ընտրությունները բոյկոտելը ես համարում եմ քաղաքական լուրջ մեթոդ, բայց բոյկոտե՞լ, թե՞ ոչ՝ որոշելու համար դեռ բավականին ժամանակ կա» («Օրրան»՝ 04.04.03): Հարցը նույնիսկ այն չէ, որ ընդդիմության երկու առաջնորդների դիրքորոշումներն այդ հարցի շուրջ, մեղմ ասած, այնքան էլ համահունչ չեն: Ավելի կարեւոր է այն, որ Ստ.Դեմիրճյանի ընտրազանգվածը ԱԺ քարոզարշավի շրջանակներում, եթե հանկարծ նրան հարցնի՝ դու, ախր մեր նախագահն էիր, ու մեր ձայնն ու ընտրությունը չպաշտպանեցիր, ազգընտիրը գոնե պատասխան տալու բարոյական իրավունք ունենա: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ