Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՃԱԿԱՏԱԳԻՐ ՇԵՆՔԵՐԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

Ապրիլ 10,2003 00:00

ԱՆՃԱԿԱՏԱԳԻՐ ՇԵՆՔԵՐԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ Երեւանում կան շենքեր, որոնց հիմքերը դրվել են դեռ խորհրդային տարիներին եւ որոնք երեւանցիների համար իսկական պատուհաս են դարձել։ Խոսքս կիսակառույց բնակելի եւ ոչ բնակելի շենքերի մասին է, որոնք կարծես մոռացության են մատնվել համապատասխան մարմինների կողմից։ Դրանց թիվը, ըստ քաղաքապետարանի շինարարության եւ բարեկարգման վարչության տվյալների, հասնում է 200-ի։ Երբ խորհրդային պետությունը սկսեց փլուզվել, այս շենքերի աշխատանքները դադարեցվեցին։ Ներկայումս շենքերի մեծ մասի վրա չի կատարվում ոչ մի տեսակի շինարարական աշխատանք։ Դրա փոխարեն շենքերը ենթարկվում են տեղումների ազդեցությանը։ Եթե նախկինում գործում էր Երքաղխորհրդի կապիտալ շինարարության վարչությունը, որը զբաղվում էր այս կառույցներով՝ պետպատվերի սահմաններում, ապա այսօր ո՛չ այդ վարչությունը կա, ո՛չ էլ պետպատվեր հասկացությունը։ «Դրանք անճակատագիր շենքեր են»,- տեղեկացանք քաղաքապետարանի քաղաքաշինության վարչության աշխատակից Արթուր Մանուկյանից։ Շենքերի տեխնիկական մաշվածությունը մի կողմից, գումարի բացակայությունը՝ մյուս, մեզ թույլ են տալիս մտածել, որ այս կառույցները դատապարտված են անավարտ մնալու։ Մինչդեռ, դրանց կառուցումով կլուծվեր մի շարք անտուն քաղաքացիների տանիքի հարցը։ Սա հարցի միայն մի կողմն է։ Ոչ պակաս կարեւոր է նաեւ անվտանգության խնդիրը, որը խիստ է դրված այդ տարածքում։ Կիսակառույցներում տեղադրված կռունկները յուրատեսակ կարուսել են դարձել այդ թաղամասերի երեխաների համար, որոնք չգիտակցելով վտանգը, բարձրանում են դրանց վրա եւ խաղում մանկական անհոգությամբ։ Կարուսել-կռունկներն էլ երեւի արդեն չեն աշխատում՝ այդքան ժամանակ պարապուրդի մատնվելուց հետո եւ կարող են ծառայել միայն որպես մետաղի ջարդոն։ Եվ մինչեւ կառավարությունը կընդունի համապատասխան որոշում, մինչեւ գործի կդնի այդ որոշումը, խնդիրը կլուծվի բնական ճանապարհով՝ առանց ավելորդ ծախսերի։ ՆԱՐԻՆԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել