Լրահոս
Օրվա լրահոսը

Օպերային ստուդիան Մոսկվայում

Ապրիլ 10,2003 00:00

Օպերային ստուդիան Մոսկվայում Իբրեւ ինքնուրույն թատրոն, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիան ավելի քան քսան տարի լրացնում է կամերային օպերային ստեղծագործությունների պակասը մեր երաժշտական կյանքում։ Օրերս Մոսկվայի Վերդիան օպերային ընկերության դահլիճում կայացան օպերային ստուդիայի Յոզեֆ Հայդնի «Դեղագործը» եւ Դոմինիկո Չիմառոզայի «Նվագախմբի դիրիժորը» կամերային օպերաների ներկայացումները։ Օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Հովհաննես Միրզոյանը տեղեկացրեց. «Մեկնել էինք 13 մեներգիչներով։ Դժվար ու պատասխանատու հյուրախաղ էր։ Մեր նվագախմբի երաժիշտներին չկարողացանք տանել զուտ ֆինանսի բացակայության պատճառով։ Սակայն Պոկրովսկու թատրոնի դիրիժոր Անատոլի Լեւինի աջակցությամբ, սուղ ժամանակահատվածում մեզ տրամադրվեց նվագախումբ՝ կազմված Գնեսինների ուսումնարանի ուսանողներից։ Կարճ ասած՝ երկու փորձից հետո, երեկոյան խաղացինք ներկայացում»։ Արդարության դեմ չմեղանչելու համար պարոն Միրզոյանը նշեց, որ թեպետ նվագախմբի ուսանող երաժիշտները փորձ չունեին օպերային ներկայացում մեկնաբանելու, սակայն «այդաստիճան հապճեպությունը չանդրադարձավ ներկայացումների որակին»։ Մեր զրույցին «հյուրընկալված», ստուդիայի գլխավոր ռեժիսոր Հովհաննես Հովհաննիսյանը իր պարտքը համարեց մենախոսել. «Բառացիորեն մեջբերեմ ռեժիսոր, ԽՍՀՄ ժողարտիստ, պրոֆեսոր Գեորգի Անիսիմովի խոսքը, այն է՝ Հայ երաժիշտները անմոռանալի դաս տվեցին մեզ։ Նման տոն վաղուց չէինք տեսել»։ Ոգեւորված գործընկերոջ խոսքից, Հ. Միրզոյանն էլ ցիտեց աշխարհահռչակ Լիսիցյան քույրերի բառերը. «Բոլորին մարս արինք»։ Հարկ է ասել, որ Վերդիան ընկերության հեղինակավոր դահլիճում կայացել են այնպիսի աշխարհահռչակ երաժիշտների առաջին բեմելը, ինչպիսիք են դեռ էն թվերին «չընդունված» Ալֆրեդ Շնիտկեն, Էդիսոն Դենիսովը, հետագայում՝ Վլադիմիր Սպիվակովն ու իր վիրտուոզները եւ այլք։ Հետաքրքիր է, որ այս դահլիճն ունի միայն առաջին հայացքից տարօրինակ թվացող «ավանդույթ»։ Այսպես. ներկայացումից կամ համերգից հետո տեղի է ունենում, այսպես կոչված՝ թեյելու արարողություն, ասել է թե՝ երրորդ բաժին։ Պարոն Միրզոյանի խոսքերով. «Երրորդ բաժինը սկսվեց ներկայացումից հետո ու տեւեց մինչեւ լուսաբաց՝ ժամը 4-ը։ Չտեսնված, իմպրովիզացիոն համերգ, որի «դերակատարները» ունկնդիրն էր ու մենք»։ Ներկայացումներից զատ, Մոսկվայի թատերական արվեստի պետական ինստիտուտի (ԹԱՊԻ) դահլիճում տեղի է ունեցել եւ գալա համերգ։ Սա դեռ վերջը չէ, ինչպես ասվում է սկզբների սկիզբն է։ Առայժմ բանավոր, իսկ ամենամոտ ժամանակներս պայմանագրեր կկնքվեն ԹԱՊԻ-ի, Գնեսինների ուսումնարանի եւ օպերային ստուդիայի միջեւ ուսանող երաժիշտների փոխայցելությունների, բարձրագույն վարպետության դասընթացների եւ կամերային օպերային ներկայացումների անցկացման վերաբերյալ։ Անկասկած, հանրապետության միակ երաժշտական բուհի ուսանողների, ասպիրանտների հաջողությունը ուրախացնող է, բայց մինչեւ ե՞րբ պետք է շարունակվի մեր արվեստագետների «հայկական վիճակը»։ Մինչեւ ե՞րբ մեկ, լավագույն դեպքում՝ երկու հովանավոր հայթայթելու «պարտականությունը» պետք է հլու ու հնազանդ, իրենց ուսերին տանեն մեր արվեստագետները։ Իհարկե, պետք է լինել արվեստի նվիրյալ, բայց ոչ՝ «ստրուկ»։ Հետո էլ ափսոսում ենք, աշխատում գտնել միակ «ավանդական» դարձած հարցի պատասխանը. ինչո՞ւ այս կամ այն արվեստագետը հայրենիքում ստանալով բարձրագույն երաժշտական կրթություն, հայտնվում է արտերկրում, նույնիսկ Աֆրիկայում՝ գումար վաստակելու եւ, ինչու չէ, գնահատվելու ակնկալիքով։ Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել