Մրցանակակիրների բախտը հանձնաժողովի ձեռքում է Սեպտեմբերի 1-ին կունենանք 4144 պետպատվերով եւ 5646 վճարովի ուսանող Նախորդ տարիների փորձը ցույց է տվել, որ Հայաստանից միջազգային մրցույթներին մասնակցում եւ հաղթում են հիմնականում ֆիզիկա, մաթեմատիկա, արվեստ կամ ֆիզկուլտուրա մասնագիտությունների գծով: Այս մասին հայտնեց ԿԳ մասնագիտական կրթության վարչության պետ Ռուբեն Գասպարյանը՝ ներկայացնելով այն արտոնությունները, որոնք տրվում են առարկայական միջազգային մրցույթներին մասնակցած դիմորդներին: Եվ ոչ միայն: «Հանրապետական ընդունող հանձնաժողովը կարող է որոշում ընդունել հանրակրթական առարկաների գծով աշխարհի, միջազգային օլիմպիադաների առաջնությունների, փառատոների հաղթողներին եւ դափնեկիրներին՝ համապատասխան մասնագիտությունների գծով առանց ընդունելության քննությունների բուհ ընդունվելու մասին: Դրա համար դիմորդը պետք է ներկայացնի համապատասխան փաստաթղթեր, եւ հանձնաժողովն ըստ այդմ քննարկման կդնի դիմորդի ընդունելության հարցը»: Մրցութային հավասար միավորների դեպքում առավելություն է տրվում նաեւ, ըստ հերթականության, բոլոր տարիների մեդալակիր դիմորդներին, դպրոցական հանրապետական առարկայական օլիմպիադաների առաջին կարգի դիպլոմ ստացածներին, որից հետո միայն՝ բուհի կողմից նշված առաջին մրցութային քննությունից առավել բարձր միավոր ստացած դիմորդներին եւ դպրոցի ավարտական քննություններից առավելագույն միջին գնահատական ունեցողներին: Այս տարվա ընդունելության քննությունների կանոններում փոփոխություններ կան նաեւ երկկողմանի ծնողազուրկ կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար: Վերջիններս կընդունվեն բուհի անվճար համակարգ՝ վճարովի համակարգի համար անցումային միավորներ հավաքելու դեպքում: Պետպատվերով տեղերը Կառավարության կողմից արդեն հաստատվել են՝ 4144, այդ թվում եւ՝ ՆԳ եւ ՊՆ համակարգի ուսումնական հաստատություններինը, իսկ վճարովի տեղերը հաստատվել են 5646, որ վերաբերում է միայն ԿԳՆ ենթակայության տակ գտնվող բուհերին: Հաստատվել է նաեւ 130 պահուստային եւ 35 ԼՂՀ նպատակային տեղերի թիվը եւ 70 տեղ՝ սփյուռքահայ ուսանողության համար: Ի դեպ, ԼՂՀ դիմորդների ընդունելության քննությունները կազմակերպվում են հենց ԼՂՀ-ում, բացառությամբ արվեստի գծով քննությունների, որոնք անցկացվում են Երեւանում: Ռ. Գասպարյանը նշում է նաեւ առաջին հայտի գերակայության առավելությունը, երբ դիմողը հնարավորություն ունի մի քանի հայտ ներկայացնել: Դա նշանակում է, որ այս տարի հատուկ կարեւորություն է տրվելու մասնագիտության հստակ կողմնորոշմանը: Բացի այդ, մեկ միասնական հայտ ներկայացնելով՝ խուսափում ես քաշքշուկներից, երբ բարձր միավորներով կարող էիր ընդունվել «ոչ հեղինակավոր» մի ֆակուլտետ, այն դեպքում, երբ այդ ֆակուլտետ քեզ հետ ընդունվել են շատ ավելի ցածր միավորներով: Այս տարի «Դիմորդ 2003»-ը լույս կտեսնի սովորականից ավելի շուտ, մինչեւ այս ամսվա վերջը, եւ դիմորդները ժամ առաջ կհամոզվեն, որ իրենցից պահանջվում է միայն դպրոցական գիտելիքների իմացություն, ինչն, ի դեպ, «Կրթության մասին» ՀՀ օրենքի պահանջն է, ըստ որի՝ հարցատոմսերում պետք է ներգրավված լինեն առնվազն 1 տարի դպրոցում շրջանառության մեջ եղած դասագրքերի նյութեր: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ