Լրահոս
Օրվա լրահոսը

Երկուստեք ստեր

Ապրիլ 10,2003 00:00

Երկուստեք ստեր Ավարտվում է Իրաքյան պատերազմի երրորդ շաբաթը: Ամերիկյան զորքերը երեկ կարողացել են գրավել Բաղդադի կենտրոնը, անգլիացիները հիմնականում վերահսկում են մեծությամբ երկրորդ՝ Բասրա քաղաքը: Ի սկզբանե պարզ էր, որ հակամարտող կողմերի ուժերը հավասար չեն: Մյուս կողմից՝ այնքան էլ անհավասար չեն, որ Իրաքը հանձնվի առանց լուրջ դիմադրության, իսկ անգլո-ամերիկացիները հաղթեն առանց բազմաթիվ զոհեր տալու: Վերջիններիս կորուստների թիվն արդեն իսկ անցել է 100-ից, իրաքցիներինը՝ մոտ 10 անգամ ավելի է: Չնայած երկու գլխավոր քաղաքների գրավմանը՝ պատերազմը դեռ շարունակվելու է, եւ մասնավորապես քաղաքային մարտերում հարձակվողների տեխնոլոգիական առավելություններն այնքան էլ ցայտուն չեն լինելու՝ ավտոմատը մնում է ավտոմատ, տանկը՝ տանկ, հրասայլը՝ հրասայլ, անկախ նրանից, թե ում ձեռքին են՝ իրաքցու, թե ամերիկացու: Վերջիններս, հավանաբար, անց են կացնելու այն, ինչ ռուսները Չեչնիայում կոչում են «զաչիստկա»՝ մտնելու են իրաքցիների տները՝ «Սադամի ֆիդայիներին» հայտնաբերելու նպատակով: «Ֆիդայիներն» էլ պատասխանելու են պարտիզանական պատերազմով: Մարդկային զոհերն այդպիսով անխուսափելի են՝ դա է ամենացավալին, որովհետեւ, կարծում եմ, ոչ մի ժողովրդավարություն, ոչ մի նավթ, ոչ մի իսլամ եւ ոչ մի Սադամ մարդկային կյանք չարժեն: Երկու կողմից կռվողները, ինչպես նաեւ այդ կողմերին սատարող «լվացած ուղեղները» դա չեն հասկանում: Նրանք ղեկավարվում են իրարամերժ քարոզչական առասպելներով, որոնք հավասարապես սուտ են եւ սնամեջ: Ամերիկյան քարոզչական առասպել: Անգլո-ամերիկյան զորքերը մտել են Իրաք՝ ժողովրդավարություն հաստատելու եւ Իրաքի ժողովրդին Սադամից փրկելու նպատակով: Նախ՝ պատերազմը սկսելուց առաջ բոլորովին այլ պատրվակ էր բերվում՝ իբր Իրաքը զանգվածային ոչնչացման զենք ունի, որն օր առաջ պատրաստվում է կիրառել ողջ մարդկության դեմ: Որտե՞ղ է այդ զենքը, ինչո՞ւ Սադամն այն չի կիրառել, ինչո՞ւ, գրավելով Իրաքի կեսից ավելին, այդ զենքը չի հայտնաբերվել: Մի երկու օր առաջ անգլիացի զինվորներն ինչ-որ տակառներ գտան եւ ամբողջ աշխարհով աղմուկ բարձրացավ, թե գուցե սա է քիմիական զենքը: Պարզվեց, սովորական պարարտանյութ է: Հիմա զանգվածային ոչնչացման զենքի մասին խոսակցությունները կարծես թե դադարեցին: Առաջ են մղվել ավելի բարձր շարժառիթներ՝ պայքար ընդդեմ Սադամի արյունոտ ռեժիմի, հանուն Իրաքի ժողովրդի ազատագրման: Հնարավո՞ր է դա անել՝ մանկապարտեզներն ու ծննդատները ռմբակոծելով: Իհարկե, ոչ: Այդպիսի բաներ քարոզողներն էլ դժվար թե հավատան իրենց իսկ ասածներին: Չնայած հավատացողներ կան. «ուղեղների լվացումն» իր արդյունքները տալիս է: Եվ հետո՝ ի՞նչ է, Սաուդյան Արաբիայում կամ Սուդանում ժողովրդավարակա՞ն ռեժիմներ են: Եթե ոչ, ապա ինչո՞ւ եք հետները «բարեկամություն անում»: Իրականում ԱՄՆ-ը որպես աշխարհի միայնակ մնացած կայսրություն՝ ուզում է եւ ի վիճակի է ստիպել աշխարհի բոլոր երկրներին խաղալ իր թելադրած կանոններով: Որքան էլ դա տհաճ լինի մնացած աշխարհի համար, բայց պետք է ընդունել. երբ խաղի կանոնները հայտնի են եւ միատեսակ են, ավելի հեշտ է ապրել, քան այն պարագայում, երբ այդ կանոնները տարբեր են կամ ընդհանրապես չկան: Իրաքյան քարոզչական առասպել /որը մասամբ պաշտպանում են ռուսները/: Իրաքի ժողովուրդը պաշտում է Սադամին, պայքարում է իր ուրույն, «արեւելյան ուղու» համար: Նայելով Բաղդադում եւ Բասրայում «խելագարված ամբոխների» պարզունակ թալանին եւ չինովնիկների նկատմամբ «Լինչի դատաստաններին», դա չես ասի: Ո՞վ կպաշտի իր ղեկավարին՝ 10 դոլար աշխատավարձ ստանալով եւ չինովնիկների «Մերսեդեսները» տեսնելով: Իրաքցիները որեւէ ջերմ զգացմունք չունեն իրենց երկրի բռնապետի նկատմամբ՝ նրանք պարզապես վախեցած եւ ճնշված էին, ճիշտ այնպես, ինչպես խորհրդային ժողովուրդները՝ Ստալինի ժամանակ: Այդ վախի պտուղներն, ի դեպ, մենք վայելում ենք առ այսօր: Սադամն իսկապես արյունոտ բռնապետ է: Այս մի քանի օրը բացվում են «զնդանները», որտեղ նրա հատուկ ծառայությունները /մեկի փոխարեն չորսն էին/ տասնամյակներ շարունակ խոշտանգում էին հազարավոր անմեղ մարդկանց: Այնպես որ, Սադամին ու իր կլանին հասնում է ամենախիստ դատը: Բայց անհրաժեշտ է, որ այդ դատն իրականացնի Իրաքի ժողովուրդը: Իսկ երբ դա անում են օտարները, այդ դատի արդյունավետությունը զրոյական է: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930