Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՆԻՄԱՍՏ ԿԼԻՆԵՐ ՄԻԱՅՆԱԿ ԲՈՅԿՈՏԵԼ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

Ապրիլ 10,2003 00:00

«ԱՆԻՄԱՍՏ ԿԼԻՆԵՐ ՄԻԱՅՆԱԿ ԲՈՅԿՈՏԵԼ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» «Ընդդիմությունն ընդհանրապես պետք է բոյկոտեր ԱԺ ընտրությունները: Այսինքն՝ բոլոր այն ուժերը, որոնք գտնում են, որ նախագահական ընտրություններն անցել են խախտումներով՝ անկախ իրենց գաղափարական ուղղվածությունից, միմյանց նկատմամբ ունեցած վերաբերմունքից: Ընդդիմությունը պետք է նման կոչ աներ»,- նկատեց ՀՀՇ վարչության անդամ Անդրանիկ Հովակիմյանը: Ու քանի որ նախագահական ընտրությունների գործընթացներին մասնակից բուն ընդդիմությունը՝ «Արդարություն» դաշինքը, չնախաձեռնեց նման կոչ եւ որոշեց մասնակցել ԱԺ ընտրություններին, ապա, ինչպես նկատեց Ա. Հովակիմյանը, «անիմաստ կլիներ միայնակ բոյկոտել այն: Իրենք պետք է նախաձեռնող լինեին»: Արդյոք ընդդիմությունը նման քայլով չէ՞ր աջակցի իշխանությանը՝ ԱԺ-ում իր նախընտրած ուժերին ընդգրկելու առումով: Մեր այս դիտարկմանն ի պատասխան Ա. Հովակիմյանն ասաց. «Կարծում եմ, որեւէ տարբերություն չկա: Շատ մեծ հարցական է՝ թույլ կտա՞ն իշխանությունները, որպեսզի նույն «Արդարություն» դաշինքն ընդհանրապես 5 տոկոսը հաղթահարի: Եթե այդպիսի կոշտ մեթոդների են դիմում, ինչպես երեկվա հանրահավաքի ժամանակ էր, ապա ո՞րն է երաշխիքը, որ այդքան ձայն են հավաքելու»: Ըստ Ա. Հովակիմյանի, ՀՀՇ-ի համար շատ պարզ է, թե ինչ մեխանիզմներ են դարձյալ գործելու ԱԺ ընտրությունների ժամանակ, սակայն այնուամենայնիվ այն իրենց մոտեցումներն ու ծրագրերը ներկայացնելու համար եւս մեկ պատեհ առիթ է: Ինչ վերաբերում է 5 տոկոսի արգելապատնեշը հաղթահարելուն, ապա Ա. Հովակիմյանը նշեց, որ Հայաստանում գործում են երկու տարբեր ձեւեր: Առաջին՝ թե որքան քվե կստանաս հասարակությունից, եւ երկրորդ՝ որքան քվե «կնկարեն»: Իսկ այդ գործընթացներում, նրա կարծիքով, դեռեւս ամեն ինչ պարզ չէ, առավել եւս` երբ նախագահական ընտրությունների գործընթացը դեռ շարունակվում է, եւ Սահմանադրական դատարանում շարունակվում է նախագահական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին հայցի քննությունը: «Ես վստահ եմ, որ որեւէ արդյունք այդտեղից չի լինի: Այնուամենայնիվ, հարկ է արձանագրել, որ այդ մամլիչը սեղմվում է, եւ բնական է, որ այս գործելակերպի պայմաններում մի օր դա ուղղակի պայթելու է: Ես դրանում վստահ եմ, որովհետեւ հասարակությանն անընդհատ չի կարելի պահել այդպիսի վիճակում: Եվ եթե նույնիսկ իշխանություններին հաջողվի ԱԺ ընտրություններն էլ այնպես անցկացնել, ինչպես նախագահական ընտրություններն էին՝ միեւնույն է, դա երկար տեւել չի կարող, որովհետեւ մենք այնուամենայնիվ այն երկիրը չենք, որտեղ կարելի է, ասենք, Իրաքի նման, ժողովրդին պահել շղթաների մեջ: Միեւնույն է, մի օր դա իրեն զգացնել է տալու»,- հայտարարեց Ա. Հովակիմյանը՝ վստահեցնելով, որ ՀՀՇ-ն փորձելու է ամեն ինչ անել, որպեսզի հասարակությանն առավել մատչելի ու հասուն ներկայացնի իր բոլոր մոտեցումներն ու ծրագրերը: ՀՀՇ ներկայացուցչին հիշեցրինք այն զուգահեռները, որ այսօր անցկացվում են 1996 թ. Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ այսօր Ռոբերտ Քոչարյանի կարգավիճակների միջեւ: Եվ այն կանխատեսումը, թե՝ ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանն, այնպես էլ Ռոբերտ Քոչարյանը «վերընտրվելուց» հետո հրաժարական կներկայացնի: «Ես չեմ կարծում, որ իրավիճակը նույնն է, որովհետեւ տարբերությունները շատ-շատ են: Չմոռանանք, որ Տեր-Պետրոսյանը հեռացավ այն բանից հետո, երբ հստակ խնդիր դրեց. հասարակությանը բանավեճի հրավիրեց այն խնդրի շուրջ, որը մինչ օրս ամենաակտուալն է՝ ԼՂՀ հիմնահարցը: Ցավոք, մենք էլ վատ աշխատեցինք, հասարակությանը մինչեւ վերջ չկարողացանք այդ ամենը ներկայացնել: Եվ վստահ եմ, որ Քոչարյանն այն անձնավորությունը չէ, որն այդ մոտիվով կհեռանա: Ինքը կհեռանա միայն ճնշումների հետեւանքով՝ եւ՛ ներսի, եւ՛ դրսի: Իսկ տարբերությունները չափազանց մեծ են, եւ կարելի է բազմաթիվ օրինակներ ներկայացնել»,- վստահեցրեց նա՝ ավելացնելով, որ 1995 թ. ԱԺ ընտրությունների ժամանակ բոլոր կուսակցությունները, որոնք առաջադրվել էին՝ ընդգրկված էին ընտրահանձնաժողովներում: «1996թ. ընդդիմությունն ուներ 6 արտահայտված անդամներ հանձնաժողովներում՝ 2 ԱԺՄ-ական, 2 ՀԿԿ-ական, 2 ԱԻՄ-ական: Այն ժամանակ այս պատմությունները չէին, երբ իշխանություններն այնպիսի մե՜ծ ազդեցություն ունեին, որ անդամներին ճնշեին, վախեցնեին: Կարելի է համեմատել հեռուստատեսային մոնիտորինգը: Հիշեցնեմ, որ 1996թ. գործում էր նաեւ «Ա1»-ը, որը փայլուն աշխատում էր ընդդիմության համար»,- թվարկեց նա: Ըստ Ա. Հովակիմյանի, ընդդիմությունը «վատ աշխատեց» նախագահական ընտրությունների ընթացքում: «Այնտեղ 16 կուսակցություն կա, բոլորը հայտարարում են, թե 30-40.000 անդամ ունեն, բայց փորձը ցույց տվեց, որ 1865 ընտրատեղամասերում գոնե մեկական մարդ չկարողացան դնել, որը կարող էր մինչեւ վերջ կանգնել եւ այդ արձանագրությունները վերցնել: Դրա բացատրությունն էլ շատ օբյեկտիվ է. թե՛ ոստիկանության, թե՛ ուժային կառույցների, թե՛ գործադիր իշխանության մյուս կառույցների ճնշումներն աննախադեպ էին: Բայց փորձի պակասն էր թե ինչը՝ իրենք ժողովրդի այդ վերելքը չկարողացան օգտագործել ճիշտ ուղղությամբ»,- նշեց Ա. Հովակիմյանը: ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930