Լրահոս
Օրվա լրահոսը

«ԻՆԱԳՈՒՐԱՑԻԱՅԻՑ» ՀԵՏՈ

Ապրիլ 10,2003 00:00

«ԻՆԱԳՈՒՐԱՑԻԱՅԻՑ» ՀԵՏՈ Ընդդիմությունն ու վերջինիս նախաձեռնած հանրահավաքներին մասնակցող մարդիկ արդեն անհամեմատ հանգիստ ու նույնիսկ սարկազմով են վերաբերվում այդ հանրահավաք-երթերից հետո իրենց ձերբակալելու վտանգին: Մարդիկ դրան սովորել են 2002-ի մայիսի 14-ից ի վեր, ու առավել եւս, 2003-ի փետրվարի 19-ից հետո: Ահավասիկ երեկ էլ տեղի ունեցած հանրահավաք-երթից հետո, որի ընթացքում ցուցարարների ու իրավապահների միջեւ կարճատեւ բախում էր եղել, իրավապահները սովորության ու, թերեւս, արդեն բնազդի ուժով՝ չսպասելով նույնիսկ գիշերային ժամերին, օրը ցերեկով հերթական մարդաորս սկսեցին: Ինչպես միշտ նման դեպքերի պարագայում, «օպերացիան» կենսագործում էր հիմնականում Արաբկիրի ՆԳ բաժինը՝ Քրեական հետախուզության բաժնի պետ Արթուր Մեհրաբյանի ղեկավարությամբ: Ասում են, որ այստեսակ գործերում նմանը չունի, առավել եւս, որ նրան վստահում է ինքը՝ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Սա, իմիջիայլոց: Իսկ երեկ ընդդիմության հանրահավաքից հետո քաղաքացիական հագուստով իրավապահները մի քանի ավտոմեքենայով եկել, ներխուժել էին «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արամազդ Զաքարյանի բնակարան ու վերջինիս որդու՝ Արման Զաքարյանի ձերբակալության ժամանակ ծեծի ենթարկել Արամազդ Զաքարյանի կնոջն ու ընտանիքի մյուս անդամներին, որոնք փորձել էին դիմադրություն ցույց տալ եւ խանգարել ձերբակալությանը: Արման Զաքարյանին, իրավապահներն, իհարկե, տարել էին: «Հանրապետություն» կուսակցությունից տեղեկացանք, որ ԱԺ պատգամավորներ Շավարշ Քոչարյանն ու Վարդան Մկրտչյանն են մեկնել Արաբկիրի ՆԳ բաժին: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Արման Զաքարյանին մի քանի ժամ ոստիկանական բաժնում պահելուց հետո ազատ են արձակել: Ընդ որում, ձերբակալության պատճառը մնացել է անհայտ: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել