Լրահոս
Օրվա լրահոսը

Երեկ նրանք երջանիկ են եղել

Ապրիլ 10,2003 00:00

Երեկ նրանք երջանիկ են եղել Երբ Ռոբերտ Քոչարյանը հերթական անգամ առաջադրվում էր որպես ՀՀ նախագահի թեկնածու, հայ մտավորականների, նաեւ մարզիկների մի ստվար հատված անմիջապես միացավ այդ առաջադրմանը: Նախընտրական քարոզչության ընթացքում նրանցից ոմանք նաեւ հայտնվեցին Քոչարյանի գովազդային հոլովակներում: Երեկ վերջինիս երդման արարողությունն էր, ու մենք հարկ համարեցինք կրկին հիշել նրան սատարող մտավորականներից մի քանիսին ու ճշտել, թե որքանով էին նրանք երեկ երջանիկ: Նախ «Հայոց Ցեղասպանության» թանգարանի տնօրեն Լավրենտի Բարսեղյանը, որ միայն վերջերս է անդամագրվել ՀՌԱԿ-ին, ասաց, թե ինքը մասնակցել է Քոչարյանի երդման արարողությանը եւ, այո, դրան մեծ նշանակություն է տալիս: «Ես նույնիսկ հուզվեցի,- խոստովանեց նա՝ ընդգծելով,- անկախ այն բանից, թե երդվողը Քոչարյանն է, թե այլ մեկը, որովհետեւ դա մեր անկախ պետականությունը խորհրդանշող արարողություն է»: Իսկ մինչ ընթանում էր այդ խորհրդանշական արարողությունը, մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից մեկում ընդդիմությունն ու անկախ Հայաստանի քաղաքացիների մի ստվար հատված նույնքան խորհրդանշական հանրահավաք-երթ էր անում՝ հայտարարելով, որ ինքը Քոչարյանին ամենեւին էլ չի ընտրել: Ինչպե՞ս է այս ամենին վերաբերվում Լ.Բարսեղյանը: «Վատ: Արարողությանը ներկա էր ԱԺ 131 պատգամավորից 83-ը»,- նկատեց պատմաբանը, որի կարծիքով, բացակա պատգամավորները հենց նրանք են եղել, ովքեր Քոչարյանի վերընտրությունը չեն ճանաչում: Ըստ նրա, եթե գոյություն ունի պետություն, եւ պատգամավորն էլ ժողովրդի կողմից ընտրված մարդ է, ապա նա պետք է գոնե հարգի պետությունը եւ ժողովրդի կողմից ընտրված նախագահին: Մեր այն դիտարկմանը, թե այդ ընդդիմության ասածն էլ հենց այն է, որ պետության խորհրդանիշ-նախագահը լեգիտիմ չէ, կեղծիքներով է դարձել նախագահ, նա հակադարձեց. «Կեղծիքներով չի, մաքուր է ընտրվել»: Մեր մյուս զրուցակիցը Խորեն Աբրահամյանն էր, որը եւս մասնակցել էր երդման արարողությանը: Մեր այն հարցին, թե ինքն արդյո՞ք կարեւորում է կամ նշանակություն է տալիս «երդման արարողություն» ասվածին, պրն Աբրահամյանն այսպես արձագանքեց. «Ո՞նց կարող է կարեւոր չլինի»: Նրա ասելով, բոլորը, այդ թվում՝ նաեւ ինքը, սպասելիքներ ու ակնկալիքներ ունեին, սպասում էին Ռ.Քոչարյանի խոսքին: Իսկ ի՞նչ ասաց Ռ.Քոչարյանն, ու արդյո՞ք նրա խոսքն այն էր, ինչ ակնկալվում էր: «Հիմա ի՞նչ պետք է ասեր: Պարզ է, որ մեր ակնկալիքը հետո պետք է սկսվի, իրականացվի ամենօրյա ծանր աշխատանքով»: Անդրադառնալով ընդդիմության գնահատականներին՝ Քոչարյանի ոչ լեգիտիմության, նրան որպես նախագահ չճանաչելու մասին հայտարարություններին, պրն Աբրահամյանը նկատեց. «Այդպես եղել է միշտ: Խառնակիչներ միշտ եղել են, եւ այսօր դա շարունակվում է»: Խ.Աբրահամյանը տեղյակ չէր ու ականատես էլ չէր եղել, որ Քոչարյանի երդման արարողության ընթացքում ոստիկանները ռետինե մահակներով ծեծել են Քոչարյանին իրենց նախագահը չհամարող ցուցարարներին: «Այդ միջադեպին ես ականատես չեմ եղել, ուստի կարծիք հայտնել չեմ կարող»,- ասաց նա: Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930