Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԴՈՒՄ՝ ՆԳ ԶՈՐՔԵՐԻ ՍԵՂՄ ՕՂԱԿԻ ՄԵՋ

Ապրիլ 10,2003 00:00

ԵՐԴՈՒՄ՝ ՆԳ ԶՈՐՔԵՐԻ ՍԵՂՄ ՕՂԱԿԻ ՄԵՋ Անգամ երեկ Ռոբերտ Քոչարյանի երդմնակալության որոշ հրավիրյալներ էին խոստովանում, թե այդ արարողությունը պիտի հետաձգվեր՝ մինչեւ նախագահի ընտրության արդյունքների վերաբերյալ Սահմանադրական դատարանի վճիռը: Շրջապատված ոստիկաններով Երեկ առավոտից մեր ազատ ու ժողովրդավարական երկրում ոստիկանների հոծ շարքերը պաշարել էին անխտիր բոլոր փողոցները եւ նրբանցքները, որոնք տանում էին Հանրապետության հրապարակ: Նրանց պատնեշը կարելի էր ճեղքել միայն խիստ որոշակի վայրերից: Ասենք՝ Հանրապետության փողոցից ուղարկում էին Նալբանդյան պողոտա եւ այդ ճանապարհին մի քանի անգամ ստուգում փաստաթղթերը: Ինձ 45 րոպեի չափ կանգնեցրին Մելիք-Ադամյան փողոցի մատույցներում, քանզի ոստիկանների մոտ չկար ԱԺ հատուկ նիստին մասնակցելու իրավունք ունեցող լրագրողների ցուցակը, իսկ ռադիոկապով անուն տալ չէր կարելի: Ակամա ստիպված էի հետեւել նրանց աշխատանքին: Շարքայիններից մեկն իր հրամանատարի հանդիմանությանն արժանացավ պատգամավորի փաստաթղթերը մանրազնին չստուգելու համար: «Ախր նրանք անձեռնմխելի են»,- ապարդյուն արդարանում էր ոստիկանը, սակայն դրանից հետո արագ ուղղեց սխալը: Տեսնել էր պետք, թե ի՜նչ կատարվեց ոստիկանների հետ, երբ ի տարբերություն հրավիրյալների մեծամասնության, որոնք ոտքով էին անցնում այդ ամբողջ ճանապարհը (հազվագյուտ տեսարան էր՝ փողոցում քայլում էին Միխայիլ Բաղդասարովը, Բարսեղ Բեգլարյանը եւ այլ օլիգարխներ), Ալվարդ Պետրոսյանը Ներքին զորքերի պահակակետին մոտեցավ մեքենայով: «Էս մեքենայի հետ ի՞նչ անենք,- խառնվեցին ոստիկանները եւ ռադիոկապով հրահանգ էին աղերսում:- Ասացեք, ավտոն ի՞նչ անենք»: «Հանկարծ չկրակեք»,- միջնորդեցի ես: Ինչ-որ պահից՝ սկսեցի պահակակետով անցնողներին հարցնել, թե ինչպես են գնահատում այն, որ երկրի նախագահի համար գլխավոր իրադարձությունը՝ երդմնակալությունն անցկացվում է Ներքին զորքերով շրջապատված: ԱԺ մարտունեցի պատգամավոր Հակոբ Հակոբյանն ըմբռնումով էր մոտենում. «Երեւի ապահովության միջոցներ են սրանք՝ անվտանգության հետ կապված»: Հետաքրքրվեցինք, թե ովքե՞ր են սպառնում Ռոբերտ Քոչարյանի անվտանգությանը՝ ցուցարարնե՞րը: «Ո՜չ, քավ լիցի, ո՜չ»,- ասաց պրն Հակոբյանը, բայց այդպես էլ չպարզաբանեց, թե ումից են զգուշանում: Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը՝ մեր հարցին ի պատասխան, հարցրեց, թե որտեղ է շրջափակված: Առաջարկեցինք նայել շուրջբոլորը, եւ պրն Խաչատրյանն ասաց. «Այդքան էլ հաճելի բան չի: Բայց չեմ եղել այլ՝ ասենք, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի նախագահների երդման արարողություններին ու չգիտեմ, թե այնտեղ ինչպես է անցնում, որ համեմատեմ»: ՀՅԴ խմբակցության անդամ, արձակագիր Ռուբեն Հովսեփյանը պատասխանեց. «Անշուշտ՝ տգեղ երեւույթ է: Բայց երեւի թե վիճակից ելնելու միակ ձեւն այս է»: Հարցուփորձը շարունակեցի արդեն նիստերի սրահում: Նախագահական կինոթատրոն Լրագրողները երդմնակալության արարողությանը հետեւում էին Նիստերի դահլիճի մոտքի դռան աստիճանների մոտ տեղադրված տնային կինոթատրոն կոչվող մեծ հեռուստացույցով: Եվ այդպես տեսանք, թե ինչպես Ռոբերտ Քոչարյանն «Օսկարի» մրցանակակիրների պես անցավ կարմիր կարպետի վրայով, կամ ինչպես հերթական անգամ սեղմեց ու ոչ թե համբուրեց Ամենայն Հայոց կաթողիկոսի աջը, վերջինս էլ ձեռքը դրեց նրա ուսին: Սահմանադրության բնօրինակն այս անգամ բերեց նախագահի աշխատակազմի ղեկավարը, քանի որ ՍԴ անդամները ոչ տեղին էին համարել նախագահի ընտրության արդյունքների վերաբերյալ ընթացող քննության պայմաններում իրենց ներկայությունը: Ներկա էին օտարերկրյա դեսպանները, հյուրեր միայն Ռուսաստանից՝ Իլյա Կլեբանովը, Արթուր Չիլինգարովը, Վլադիմիր Սպիվակովը,Հայաստանի իշխանական ամբողջ վերնախավը եւ իշխանամետ արվեստագետները: Եվ ինչքան տեսանք այդ հեռուստացույցով՝ անարձագանք մնաց ներկաներին ուղղված Գարեգին կաթողիկոսի կոչը՝ «միասնաբար աղոթենք»: Թերեւս մեր քաղաքական ղեկավարները չգիտեն անգամ «Տերունական աղոթքի» բառերը: Հիշեցնենք նաեւ, որ «Արդարություն» դաշինքի կին անդամները նամակ էին հղել Վեհափառին՝ խնդրելով չօրհնել կեղծիքներով ընտրված նախագահին: «Երդվում եմ անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները, հարգել մարդու եւ քաղաքացու իրավունքները եւ հիմնական ազատությունները»,- երդման այս բառերը հակասում էին այն բռնություններին, որ այդ պահին իսկ իրականացվում էին Մատենադարանի մոտ հավաքված ընդդիմության նկատմամբ: Երդմնակալության արարողության ընթացքում հնչած երկու ելույթների մեջ էլ արծարծվում էր ընտրությունների թեման: Կաթողիկոսը գոհություն ու փառք տվեց Աստծուն, թե «ազատ է մեր Հայրենիքը», ու նաեւ նշեց, թե դժվարին օրեր ապրեցինք ընտրությունների կապակցությամբ. «Հուզումներ ու անհանգստություններ, որոնց անդրադարձը այսօր ավելի պիտի իմաստնացնի մեզ, ավելի ամրացնի միասնական լինելու մեր կամքն ու որոշումը»: Վեհափառը լռեց վերջին շրջանում ժողովրդավարության ոտնահարումների մասին, բայց ասաց. «Անցնող տասնամյակում առիթներ ունեցանք համոզվելու, որ ունեցած բոլոր ձեռքբերումներով հանդերձ՝ դեռեւս ճանապարհ ունենք անցնելու դեպի կայացած ժողովրդավարություն»: Ռոբերտ Քոչարյանն իր ելույթում նախ երախտագիտություն հայտնեց իրեն տրված վստահության քվեի համար եւ նշեց. «Յուրաքանչյուր ընտրություն փորձություն է ժողովրդի եւ պետության համար։ Բայց ընտրություններն ավարտվում են, եւ նորից սկսվում է ամենօրյա աշխատանքը՝ երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծման ուղղությամբ»։ Նաեւ ասաց. «Նախընտրական պայքարը կոշտ էր եւ անզիջում։ Ավելին՝ քաղաքական ուժերի դիմակայությունը մասամբ վերաճեց դիմակայության՝ հասարակության ներսում։ Այստեղ մտորելու տեղ կա, եւ մենք պարտավոր ենք որոշակի հետեւություններ անել»։ Ուշադրություն դարձրեք, թե ինչ հետեւություններ է արել այս ամենից պրն Քոչարյանը. «Չափազանց կարեւոր է, որ իշխանությունների քաղաքականությունը հասկանալի լինի հասարակությանը։ Մենք միշտ պետք է պարզաբանենք մեր գործողությունները, դրանց անհրաժեշտությունը եւ օգտակարությունը մարդկանց համար»։ Ստացվում է, որ հասարակության մի զգալի մասն ուղղակի անհասկացող է, քանի որ Քոչարյանի գործողությունների օգտակարությունն ամեն Աստծո օր պարզաբանվել է նրա վերահսկողության ներքո գտնվող լրատվամիջոցներով: Եվ կարծես հնարավոր էլ չէ ավելի սաստիկ պարզաբանել: «Ես գիտակցում եմ, որ երեք իրար հաջորդող ընտրարշավների փոխզուգակցումը լուրջ փորձություն է մի երկրի համար, որտեղ ժողովրդավարության հիմքերը նոր են դրվում,- նաեւ ասաց պրն Քոչարյանը:- Չի՛ կարելի անպատասխանատու վարքով քայքայել պետականության հիմքերը: Նախընտրական մոլուցքը չի՛ արդարացնում հասարակության պառակտմանն ուղղված գործողությունները: Ազգային համերաշխությունը ե՛ւ երկրի ներսում, ե՛ւ արտերկրում համահայկական խնդիրների լուծման կարեւոր նախապայման է։ Պառակտված ազգի հնարավորությունները բազմապատիկ անգամ սահմանափակ են։ Մենք չենք կարող մեզ թույլ տալ նման շռայլություն, երբ մեր հնարավորություններն առանց այդ էլ համեստ են։ Անհրաժեշտ են քայլեր՝ ուղղված հասարակության մոտ լավատեսական տրամադրվածության ամրապնդմանը»: Այնպես որ՝ հրատապ է դառնում «Միայն լավ լուրերի» վերջապես հեռարձակումը եթեր, որպեսզի մեր երկրում, որտեղ, պարզվում է, ժողովրդավարության հիմքերը դեռ նոր-նոր են դրվում՝ համերաշխ լինենք ընտրություններ կեղծողների եւ բռնություններ իրականացնողների հետ: Ժողովրդավա՞ր եք արդյոք Արարողությունից հետո կազմակերպված խնջույքի մասնակիցներին դարձյալ նույն հարցն էինք ուղղում, թե ինչպես են գնահատում Հայաստանում երդմնակալության արարողության համար այս աննախադեպ պայմանները, երբ ստիպված Ներքին զորքերի հսկողության ներքո տոնակատարություն կազմակերպեցին, որ մարդկանց հնարավորություն չտան իրենց վերաբերմունքն արտահայտել այս առիթով: Հարցը կարեւորում էինք՝ իբրեւ մի յուրօրինակ թեստ, որով պարզվում է, թե տվյալ անձնավորության համար արդյոք արժեքնե՞ր են ժողովրդավարությունը եւ մարդու իրավունքները: Վարչապետ Անդրանիկ Մարգարյան. «Կարող եմ հստակ ասել, որ ոչ թե ստիպված եղանք, այլ պետության կյանքում ցանկացած կարեւորագույն արարողություն, ինչպիսին նախագահի երդման արարողությունն է՝ պետք է ունենա անվտանգության իր կանոնները: Եվ այս ամենն արվել է անվտանգության կանոնները պահպանելու շրջանակներում»: ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյան. «Ոստիկաններին, ճիշտն ասած, չտեսա՝ մի քիչ շուտ ենք եկել: Ամեն դեպքում՝ ես ուզում եմ, որ մեր Հայրենիքում լինի խաղաղություն, սեր, համերաշխ մթնոլորտ, եւ հույս ունեմ՝ դա կլինի»: Նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյան. «Ընդհանուր առմամբ՝ վատ է, իհարկե, ցանկալի չէ: Բայց ինքը՝ նախագահը, ժողովրդին ուղղված իր ուղերձում էլ այդպիսի գնահատական տվեց, որ քաղաքական դիմակայությունը, ընտրապայքարը նաեւ որոշակի խզումների բերեց հասարակության տրամադրությունների մեջ: Ուղղակի պետք է փորձել հաղթահարել այդ խզումը: Եվ միգուցե դա պետք է անել նաեւ առաջիկա խորհրդարանական ընտրությունների կազմակերպմամբ, ընտրությունների արդյունքներով»: Պրն Թումանյանին նաեւ հարցրինք, թե Քոչարյանի երդման մեջ «մարդու եւ քաղաքացու իրավունքները եւ հիմնական ազատությունները» հարգելու խոստման ուղղակի դրժո՞ւմը չէ ազատ տեղաշարժի այն սահմանափակումը, որ երեկ էլ կիրառվեց. «Ես համաձայն չեմ: Տվյալ դեպքում՝ պետական միջոցառում է եւ ավելին՝ խորհրդարանի հատուկ նիստ, եւ դրանք պետք է ընթանան աշխատանքային որոշակի պայմաններում: Այսինքն՝ այդպես չէ, թե ժողովրդավարությունը չի ենթադրում ինչ-որ սահմանափակումներ: Ցույցերի իրավունքը եւ պետական իշխանության ակցիաները երկուսն էլ իրավունքի եւ օրինականության դաշտում են»: Գլխավոր դատախազ Արամ Թամազյան. «Համաձայն չեմ Ձեր դիրքորոշմանը»: ԿԸՀ նախագահ Արտակ Սահրադյան. «Պետության խորհրդանիշի անվտանգությունը պետության խնդիրն է: Պետականության տեսակետից՝ նաեւ կոռեկտ չեմ համարում նախագահի երդման արարողության ժամանակ սեւ դրոշ բարձրացնելը: Իմ գնահատականով՝ դա մեր արժեքներին հարիր չէ»: «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյան. «Նայած, թե ինչպես եք մեկնաբանում ոստիկանական շրջապատումը: Ես կարծում եմ, որ պետությունը գնալով ավելի է ամրանում եւ դառնում ավելի լուրջ»: ՀՅԴ անդամ Կիմ Բալայան. «Եթե հասարակության մեջ կան քաղաքական ուժեր, որոնք նաեւ սահմանադրական նորմերն են պատրաստ խախտել՝ ուրեմն, ստիպված են այսպիսի մեթոդներ նույնպես կիրառել»: Խոսուն լռություն «Օրվա հերոսը» խնջույքի ամբողջ ընթացքում շնորհավորանքներ էր ընդունում հերթ կանգնած հրավիրյալներից: Նշենք, որ Հայաստանի առաջին նախագահը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որ Քոչարյանի երդմնակալությանը մասնակցեց անգամ իրեն պարտադրված հրաժարականից հետո՝ այս անգամ չէր եկել շնորհավորելու նրան: Ռոբերտ Քոչարյանն անարձագանք թողեց լրագրողների կողմից իրեն ուղղված միակ հարցը, թե արդյոք 5 տարի անց կգա՞ շնորհավորելու Հայաստանի հաջորդ նախագահին, եւ հեռացավ: Արձանագրենք նաեւ, որ Հայաստանի նախագահների ընտրության հետեւանքն է՝ ո՛չ 1996-ին, ո՛չ 1998-ին, ո՛չ էլ 2003-ին հռչակված նախագահներին չշնորհավորեցին նրանց հիմնական մրցակիցները: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել