ԵՐԴՎԻ՛Ր, ԲԱՅՑ ՈՉ ՀԻՄԱ «Հուպ տալու» գործընթացը շարունակվում է Ընդդիմության թեթեւ ձեռքով եւ ժողովրդական անհնազանդության արդյունքում Ռոբերտ Քոչարյանի երդման արարողությունը վերածվեց ուժային ակցիայի՝ զորքով, փշալարերով, զրահամեքենաներով, բոլոր կողմերից փակված երկրի գլխավոր հրապարակով, բռնարարքներով ու ձերբակալություններով, «ամոթ-ամոթ», «Քոչարյան, հեռացիր» վանկարկումներով։ Երեկ Մատենադարանի մոտ ընդդիմության հերթական հանրահավաքը տեղի ունեցավ, մասնակիցներից շատերը անսալով նախորդ հանրահավաքում Արշակ Սադոյանի հնչեցրած կոչին, եկել էին՝ շեփորներով եւ աման-չամանի չխկչխկոցով փորձում էին խանգարել «այդ մարդու երդման արարողությունը»։ Հանրահավաքի մասնակիցներին պատային վիճակում էր պահել ոստիկանապետի տեղակալ Հովհաննես Վարյանը իր ոստիկաններով եւ ՆԳ զորքով, ակնհայտ էր՝ հրահանգ է տրված ամեն գնով փակել ճանապարհը։ Երեկ փակվել էին մայրաքաղաք բերող բոլոր ճանապարհները, նաեւ՝ մայրաքաղաքի կենտրոն բերող բոլոր ճանապարհները, չէր աշխատել Հրազդան-Երեւան ճեպընթացը, իսկ Աշտարակից Երեւան եկող ավտոմայրուղում կանգնեցվում եւ ստուգվում էին բոլոր ավտոմեքենաները։ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Ալբերտ Բազեյանը հայտարարեց. «Եթե մենք իրականում ունենայինք ընտրված նախագահ, ապա այսօր մեզ համար, մեր ժողովրդի համար տոնախմբության օր էր լինելու։ Վարչախումբն ինքն իր համար կազմակերպել է երդման արարողություն։ Մեզ զրկեցին իշխանություն ձեւավորելու իրավունքից, ընտրություն կատարելու իրավունքից, սակայն զրկել հայ ժողովրդին ազատության համար իր ձգտումներից, երկրում օրինականություն հաստատելու իր ձգտումներից՝ հնարավոր չէ»։ ՀԴԿ փոխնախագահ Հայկ Եսայանը հայտարարեց, թե ապրիլի 9-ը այսուհետեւ կնշվի որպես ժողովրդի անհնազանդության օր. «Անհնազանդություն բռնություններին, անօրինական նախագահին, տնտեսական հանցագործությունների մեջ ժողովրդին ծնկի բերած պետությանը»։ ՀԿԿ կենտկոմի քարտուղար, ԱԺ պատգամավոր Խորեն Սարգսյանն ասաց, թե ինքն իր խիղճը չի կորցնում եւ Ավետարանի վրա ձեռք չի դնի. «Բայց Սահմանադրության վրա կարող եմ դնել։ Ես երդվում եմ, որ արդարությունը հաղթանակելու է, ես երդվում եմ, որ իրեն ՀՀ նախագահ հռչակածը այդ աթոռին երկար չի մնա»։ Արամ Կարապետյանն ասաց, որ երդման արարողությունը մինչեւ ՍԴ-ի որոշումը հետաձգելը մի քանի «վախ»-եր է պարունակում. «Լիովին վստահ չի երեւի ՍԴ-ի վրա, կա վախ, որ ՍԴ-ն մեկ անգամ գոնե կհիշի, որ ինքը ոչ թե պաշտպանելու է իշխանության շահերը, այլ՝ Սահմանադրության։ Քիչ հավանական է, բայց այդպիսի բաներ մեկ-մեկ լինում են, Հայաստանում ամեն ինչ հնարավոր է»։ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը «Բարի լույս, ժողովուրդ» պաթոսով ողջույնից հետո ժողովրդին շնորհակալություն հայտնեց «թիկունք կանգնելու, մեր բոլոր կոչերին սատար կանգնելու եւ մասնակցելու համար»։ Դիմելով բոլոր նրանց, ովքեր գնացել էին երդման արարողությանը, Արամ Սարգսյանն ասաց. «իրենցից յուրաքանչյուրը գիտի, թե ում է երդում տալիս այդ մարդը՝ ժողովրդի՞ն, որին խաբեց, որի քվեն կեղծեց, թե՞ կլանին, որի միջոցով եկավ իշխանության։ Ի՞նչ է ասելու՝ երդվում եմ, որ ծառայելու եմ ձե՞զ, երդվում եմ, որ թողնելու եմ ավելի շատ փո՞ղ աշխատեք»։ Հանրահավաքի մասնակիցները Ստեփան Դեմիրճյանին երեկ դիմավորեցին առավել ջերմ ու ոգեւորված։ Մատենադարանի տարածքը հենց այդ պահին հոսանքազրկվեց։ Հանրահավաքի կազմակերպիչները երթն սկսեցին սակայն Մաշտոցի պողոտայից (պոնչիկանոցի մոտից) մի քանի շարքով կանգնած ՆԳ զորքերը, ոստիկանները, կարմիր բերետավորները։ Առաջին շարքից գնում էին պատգամավորները, «Հանրապետության» եւ ՀԺԿ-ի առաջնորդները։ Այդ շարքում լինելն անվնաս բան չէ, ու ոստիկանների եւ ժողովրդի արանքում հայտնված լրագրողիս ոչինչ չէր մնում՝ քան մի փոքր ծեծ ուտելն ու հրմշտվելը։ «Դուբինկա» ասվածն էլ, պարզվում է՝ բավականին ցավոտ բան է, սակայն ես լուրջ վնասվածքներ չստացա, փոխարենը ոստիկանները խփեցին ու հրմշտեցին ԱԺ պատգամավոր Արամայիս Բարսեղյանին (ընդ որում, շարքային ոստիկանները կաշկանդված էին՝ «ախր, պատգամավոր է», բայց շեֆը աչքունքով հասկացրեց՝ «հուպ տվեք»), հրմշտոցից բաժին հասավ շատերին։ Ռոբերտ Քոչարյանի նախընտրական խոստումը հուպ տալու մասին ուժային կառույցներն արդեն սկսել են իրականացնել։ Եվ այդ ճանապարհին չեն խնայում ոչ մեկին, նույնիսկ երեխաներին ու տարեց մարդկանց։ Ինը տարեկան Քնարիկին դուբինկայով հարվածել էին ու վախեցած երեխան ակնհայտորեն բժշկի կարիք ուներ, մեր «քաջարի» հասարակական կարգի պահապանները ջարդեցին ՀԺԿ անդամ Սվետա Ծատուրյանի քիթը, «դուբինկայով» հարվածեցին 79-ամյա Սեդա Անայլովային (պատերազմի վետերան), 72-ամյա Ասկո Ստեփանյանին, որի գլխից արյուն էր հոսում, Սուսաննա Ավետիսյանին։ Տուժածները ավելի ուշ հավաքվել էին «Հանրապետություն» կուսակցության գրասենյակի մոտ, եւ ինչպես մեզ տեղեկացրեց Դուստրիկ Մխիթարյանը, կուսակցության ներկայացուցիչների օգնությամբ տարվում էին հիվանդանոցներ։ Ձերբակալությունների նոր շղթա սկսվեց երեկվա հանրահավաքից հետո եւս։ Երեւի սա էլ Ռոբերտ Քոչարյանի նախընտրական հաջորդ՝ «շողուլի եմ բերելու» խոստման իրականացումն է։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ