Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ՎԱԿՈՒՈՒՄ

Ապրիլ 09,2003 00:00

ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ՎԱԿՈՒՈՒՄ «Տեղական ինքնակառավարման մարմիններում պատահական մարդիկ են հայտնվել։ Օրինակ, գյուղապետերից շատերն այնքան հեռու են մշակույթից, որ գտնում են, թե գյուղի կամ ավանի բյուջեն բավարար չէ գրադարան կամ մշակութային այլ օջախ պահելու համար։ Եվ գրչի մի հարվածով նրանք «լուծում» են այդ հարցը՝ մոռանալով, որ գյուղում նորից կարող է Սեւակ ծնվել։ Իսկ գրադարան չլինելու պատճառով կարող է չկայանալ այդ Սեւակը»,- ասում է Ավ. Իսահակյանի անվան քաղաքային կենտրոնական գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը։ Նա իր վրդովմունքն է հայտնում մեկը մյուսի հետեւից փակվող մարզային գրադարանների կապակցությամբ։ Ազգային գրադարանային շաբաթվա շրջանակներում երեկ Իսահակյանի անվան գրադարանում հանդիպում էր կազմակերպվել տարվա հոբելյար գրողների հետ։ Գրադարանի տնօրենի ներկայացմամբ, միջոցառումն իրենց՝ գրադարանավարների նախաձեռնությունն է։ Նպատակը՝ մեկ անգամ եւս հասարակության եւ իշխանությունների ուշադրությունը բեւեռել գրքի եւ գրադարանի խնդիրներին։ Անդրադառնալով իրենց գրադարանի պատմությանը, Հ. Կարապետյանը նշեց, որ այն հիմնադրվել է 1935 թվին՝ ունենալով 8000 օրինակ գիրք։ Երկու տարուց կնշվի գրադարանի 70-ամյակը։ Այժմ այն ունի 30 հազար ընթերցող եւ շուրջ միլիոն օրինակ գիրք։ Սակայն Հ. Կարապետյանը կարծում է, որ այս ամենին զուգահեռ, Հայաստանում գրադարանները հետին պլան են մղվում։ Դրա համար էլ Ազգային գրադարանային շաբաթվա շրջանակներում գրադարանավարները կհանդիպեն նաեւ ԱԺ պատգամավորների հետ։ «Ես չեմ ընդունում շրջափակումը, փող չունենալը։ Բոլոր ժամանակներում էլ մշակույթը նվիրյալների շնորհիվ է պահպանվել, բայց եղել է պետական ուշադրություն։ Գրադարանները գրականության համալրման խնդիր չեն ունեցել»,- նշեց Իսահակյանի անվան գրադարանի տնօրենը։ Հ. Կարապետյանը նաեւ հիշեց, որ ժամանակին գրադարանը ցանկացած տպագիր արտադրանքի 1 օրինակ պարտադիր ստանում էր, ինչն այսօր չի արվում եւ գրադարանում տեղեկատվական մեծ վակուում է առաջացել. նոր ինֆորմացիան, ֆինանսավորում չլինելու պատճառով, չեն կարողանում ձեռք բերել։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել