«ԱրմենՏելը» պարտվեց Մեկ տարի ընթացած դատավարության արդյունքում Հայհամակարգիչ-«ԱրմենՏել» «հակամարտությունն» ավարտվեց վերջինիս պարտությամբ։ Հայցադիմումի 8 պահանջներից 6-ը բավարարվել է ամբողջությամբ, երկուսը մերժվել է։ Հայհամակարգիչ կենտրոնի տնօրեն Վահրամ Մխիթարյանի խոսքերով՝ «այսօրինակ ելքի արդյունքում, երբ մեր հայցի 80%-ը դրական լուծում է ստացել, մեր երկրում ինտերնետ ծառայությունների որակը եւ ծավալը էական զարգացում կապրեն»։ Մասնավորապես՝ «ԱրմենՏելի» կողմից ապօրինի անջատումների ժամանակ ընդհատված բոլոր ծառայությունները կվերականգնվեն»։ «Տեխնիկական պայմանների բացակայության պատճառով» դատարանը մերժել է ուղիղ գծերի տրամադրման դիմումները։ Միաժամանակ առաջարկվել է ստեղծել ուղիղ գծերի սեփական ցանց, ինչին, Վ. Մխիթարյանի հավաստմամբ՝ «մենք պատրաստ ենք»։ Ելնելով կենտրոնի գործունեության լիցենզիայի դրույթներից, չեն բավարարվել նաեւ Հայհամակարգչի միջազգային ելքի պահանջները։ Բանն այն է, որ ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարության կողմից տրվող լիցենզիաներով պարտադրվում է, որպեսզի տեղական օպերատորներն ինտերնետ ծառայություններ մատուցեն «ԱրմենՏելի» ցանցերի միջոցով։ Սակայն Վ. Մխիթարյանը հուսով է, որ «այդ բացը» կլրացվի։ Քանի որ լիցենզավորման կարգն արդեն փոխվել է։ Ոլորտի ձեռնարկություններն այսուհետեւ կլիցենզավորվեն, այսպես ասած, պարզեցված կարգով՝ իրենց գործունեության մասին հայտարարելով ՀՀ ֆինանսների նախարարությանը եւ, բնականաբար, պետական տուրք վճարելով։ Հարկ է նշել, որ Համաշխարհային բանկը այս պահանջը դրել էր ՍԱԿ-5-ի տրամադրման հիմքում եւ նախագահ Քոչարյանը փետրվարի առաջին տասնօրյակում «դաբրոն» ամրագրել է սեփական ստորագրությամբ։ ՀՀ տնտեսական գործերով դատարանը բավարարել է նաեւ «ԱրմենՏելի» հակընդդեմ հայցը, որով Հայհամակարգիչ կենտրոնին պարտավորեցրել է վճարել 16,5 մլն դրամ։ Չնայած վճարելու պատրաստակամությանը, կենտրոնի տնօրենը փաստեց, որ իրականում «բանակցություններն անավարտ են մնացել եւ ծառայությունները չեն տրամադրվել»։ Բայց քանի որ նաեւ անհրաժեշտ փաստաթղթերը նախապես են պատրաստված եղել՝ «մենք դա կվճարենք»։ Ժամանակին Վահրամ Մխիթարյանը կարծիք էր հայտնել, որ հակընդդեմ հայցի բավարարման դեպքում կենտրոնը նոր՝ վնասների փոխհատուցման հայցադիմումով կներկայանա դատարան։ Ի դեպ, Վ. Մխիթարյանի հավաստմամբ՝ «գործը շահելու հիմքերը կան եւ դա «ԱրմենՏելի» վրա շատ ավելի թանկ կնստի»։ Իսկ իբրեւ հիմնավորում, պարոն Մխիթարյանը վկայակոչում է դատարանի վերոբերյալ որոշումը՝ «մեր հայցին 80%-ով դրական լուծում տալն ինքնըստինքյան ենթադրում եւ հաստատում է ապօրինի անջատումների արդյունքում մեր կրած վնասները»։ Սակայն նոր հայցով դատարան ներկայանալ Վ. Մխիթարյանն առայժմ չի շտապում. «Դեռեւս երկու ամիս առաջ պաշտոնապես դիմել ենք «ԱրմենՏելին» եւ կարծում եմ հարցը կքննարկենք»։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ