ՖՈՒՏԲՈԼԸ՝ ԹԻՎ ՄԵԿ ՄԱՐԶԱՁԵՎ Ֆուտբոլային տենդ Իսպանացիք, պարզապես, հիվանդ են ֆուտբոլով։ Նրանք ֆուտբոլին տրվում են կրքոտ ու անմնացորդ՝ անկախ տարիքից ու սեռից։ Ֆուտբոլիստն այնտեղ պաշտամունք է։ Ֆուտբոլասերներին հետաքրքրում է ամեն բան, ինչ վերաբերում կամ առնչվում է ֆուտբոլին։ Լեոնում բավական էր, որ մեր հավաքականին սպասարկող ավտոբուսը հայտնվեր հյուրանոցի մուտքի առջեւ, անմիջապես բազմություն էր հավաքվում՝ տեսնելու իրենց թիմի մրցակցին, ինքնագրեր վերցնելու։ Մեր թիմի մարզման ժամանակ այնքան հանդիսատես էր հավաքվում, որքան մեր առաջնության խաղերին չես տեսնի։ Ֆուտբոլասերները հանդիպմանը նախապատրաստվում են նախօրոք։ Իսկ խաղի օրը ստադիոնների մատույցները վերածվում են բազմերանգ ու աղմկոտ տոնավաճառների, որտեղ վաճառվում է ֆուտբոլին առնչվող ամեն ինչ՝ սկսած պետական ու ակումբների դրոշներից, վերջացրած թիմերի, առանձին ֆուտբոլիստների նկարներով, գավաթներով, շեփորներով ու թմբուկներով, մարզազգեստներով, այլեւայլ խորհրդանիշերով, սուլիչներով, զարդեղենով։ Այդպիսի գունազարդ ու բազմամարդ տեսարաններ մեզ մոտ լինում էին մայիսմեկյան տոնախմբությունների ժամանակ։ Ստադիոնում երկրպագումն սկսվում է ֆուտբոլիստների՝ խաղադաշտ մտնելուց դեռ շատ առաջ։ Յուրաքանչյուր տրիբունա, ասես, իր կազմակերպիչն ունի, որի հրահանգով տրիբունաները ինչ-որ բառեր են վանկարկում, երգում են: Որպես կանոն, ֆուտբոլասերները, հատկապես պատանիները, նախապես պաշարում են այն մուտքը, որտեղից ֆուտբոլիստները պետք է մտնեն հանդերձարան։ Ֆուտբոլիստներին մոտիկից տեսնելը նրանց համար երջանկություն է։ Ոստիկանները ոչ ոքի չեն խանգարում, չեն քաշքշում։ Ընդամենը հետեւում են, որ կարգուկանոնը պահպանվի։ Հանդիպման ժամանակ Ամբողջ ստադիոնը շատ ակտիվ է արձագանքում դաշտում ծավալվող իրադարձություններին։ Ոչ մի վայրկյան ֆուտբոլասերները չեն լռում։ Երկրպագում են ինքնամոռաց։ Կողքի նստածներին էլ, ասես, չեն նկատում։ Կարող են կանգնած ոգեւորել իրենց կուռքերին՝ չզգալով, որ փակում են հետեւի նստածների տեսադաշտը։ Ու վա՜յ, եթե փորձես դիտողություն անել։ Վիճաբանությունը կամ կռիվը պատրաստ է։ Նման դրությունից մի կերպ պրծանք Զամորայում՝ երիտասարդական հավաքականների հանդիպման ժամանակ։ Մեր՝ լրագրողներիս առջեւում նստած մի ֆուտբոլասեր (հավանաբար, թեթեւ գինովցած) անընդհատ վեր էր թռչում տեղից ու փակում մեր գործընկերներից մեկի տեսադաշտը, որն ըստ էության աշխատանքի մեջ էր եւ գրառումներ էր կատարում։ Երբ նա խնդրեց այդ ֆուտբոլասերին նստել, վերջինս զայրացած տոնով որոշ ժամանակահատված ինչ-որ բան էր ասում։ Հավանաբար սպառնում էր, թե մենք ենք իրեն խանգարում երկրպագել։ Լեոնում ֆուտբոլասերները արագ գոլ էին ակնկալում։ Բայց մեր տղաները գեղեցիկ ու վստահ խաղով խառնել էին «12-րդ ֆուտբոլիստի» խաղաքարերը։ Ու նա, հատկապես առաջին խաղակեսի միջնամասից սկսած, սուլոցներով իր դժգոհությունն էր արտահայտում իսպանական աստղերից։ Հետո իմացանք, որ այդպիսի բան հազվադեպ է պատահում։ Նկատելի էր դառնում, որ ֆուտբոլասերների պատկերացումները հենց ստադիոնում փոխվում են մեր թիմի մասին։ Նրանք սկսում էին հարգել հայաստանցի ֆուտբոլիստներին։ Ինչպես աշխարհի ցանկացած երկրում, այստեղ էլ մեր թիմը միայնակ չէր, ուներ իր երկրպագուները՝ ի դեմս սփյուռքահայերի։ Մեր տղաներին ոգեւորելու էին եկել Մադրիդից, Բարսելոնից, Իսպանիայի այլ քաղաքներից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից, անգամ օվկիանոսի այն ափին գտնվող հեռավոր Արգենտինայից։ Երկու երիտասարդ, որ ապրում են Բարսելոնում, գունավոր թղթից եռագույն մեծ դրոշ էին պատրաստել ու ժամանելով Լեոն, 15 եվրո արժեցող տոմսը ձեռքի վրայից գնել էին կրկնակի թե եռակի թանկ։ Ի դեպ, Իսպանիա-Հայաստան խաղի տոմսերի գինը 15-35 եվրո էր։ Լավ է, որ մեր հավաքականների տնօրեն Աշոտ Մանուկյանը մեր պատվիրակության թարգմանչի դերն ստանձնած տեղաբնակ Արմենի միջոցով այդ երիտասարդներին նոր տոմսեր տվեց, որպեսզի նրանք էլ ստադիոնում լավ տեղ նստեն ու լինեն մերոնց հետ։ Քանի որ տոմսերը վաղօրոք էին սպառվել, իսպանացի ֆուտբոլասերներից շատերը մեր պատվիրակությանը դիմում էին «ավելորդ տոմսի» խնդրանքով։ Իհարկե, բոլորին օգնելն անհնար էր։ Խաղից հետո Ստադիոնից ոտքով գնացինք հյուրանոց։ Նրանք, ովքեր տեսնում էին, որ Հայաստանից ենք, ողջունում էին ու բութ մատը վեր պարզում։ Հասկացնում էին, որ մեր հավաքականը լավ խաղաց։ Իսպանահայերը մեզ պատմում էին, որ, որպես կանոն, հաղթանակից հետո ֆուտբոլասերները ողողում են սրճարանները եւ գարեջուր խմելով ու բուռն քննարկումներով նշում հաջողությունը։ Տեսակետ Ակնհայտ է, որ մեր ազգային հավաքականի խաղամակարդակը բարձրացել է։ Բայց անելիքներ դեռ շատ կան։ Եթե կոմբինացիոն, մտածված գործողություններն ավելի լավ են ստացվում, գնդակի տիրապետման վարպետությունն էլ պատշաճ է, դեռեւս կատարելագործման կարիք ունի խառն իրավիճակներում արագ կողմնորոշվելու եւ ավելի ճիշտ վճիռ կայացնելու ունակությունը։ Ժամանակակից ֆուտբոլում մեկ ակնթարթը կարող է վճռել ամեն ինչ, դառնալ ճակատագրական։ Հապաղեցիր, ինչպես Քարամյանը դարպասից երկու մետր հեռավորության վրա գտնվելիս, նպաստավոր պահն այլեւս ձեռքից բաց ես թողել՝ ոչ ոք թույլ չի տա գնդակը հանգիստ մշակես։ Անհրաժեշտ է աշխատել եզրափակիչ հարվածների վրա, որպեսզի դրանք լինեն ավելի նշանառու եւ դիպուկ։ Հարստացնելու եւ ակտիվացնելու խնդիր ունի նաեւ գրոհների վերջնամասը, որպեսզի ընտրվի պահի տակ ընձեռվող առավել սուր ու արդյունավետ շարունակությունը։ Ճիշտ է, հոգեբանական պատրաստվածության առումով երեւում է, որ որոշ բաներ հաղթահարվել են, բայց դեռ զգացվում է առաջին իսկ բաց թողած գոլից հետո մի տեսակ թեւաթափ լինելու սովորությունը։ Դրա հետեւանքով էլ, շատ հաճախ դրան հաջորդում է երկրորդը, երրորդը։ Եվ վերջինը. խաղը տեւում է առնվազն 90 րոպե։ Ուրեմն, պետք է հավասարապես պայքարել, զգոնությունը չթուլացնել, քանի դեռ մրցավարի սուլիչը չի հնչել։ Եվ վերջապես Պարտվել ենք Իսպանիայի հավաքականին, այն թիմին, որը խաղից մի քանի օր առաջ ՖԻՖԱ-ի հրապարակած վարկանիշային ցուցակում զիջում է միայն աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիային, իսկ Հայաստանը զբաղեցնում է 113-րդ հորիզոնականը։ Մխիթարվենք նաեւ նրանով, որ վերջերս Իսպանիան նույն հաշվով հաղթել էր նաեւ այնպիսի մի գրանդի, ինչպիսին Գերմանիայի հավաքականն է։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ