Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԻՆՈՎՆԻԿԱԿԱՆ ԲՌԻՈՒԹՅՈՒՆ

Ապրիլ 09,2003 00:00

ՉԻՆՈՎՆԻԿԱԿԱՆ ԲՌԻՈՒԹՅՈՒՆ Հայաստանի տարբեր եւ բազմապիսի հիմնարկներում 65-ն անց մարդիկ վարչական պաշտոններ են զբաղեցնում: Օրենքով դա արգելված է: Ինքնին այդ օրենքն անձամբ ինձ վիճելի է թվում: Օրինակ, Ռուսաստանի աշխարհահռչակ Ժողովրդական պարի համույթի ղեկավար Իգոր Մոիսեեւը 95 տարեկան է, եւ ոչ մեկի մտքով չի անցնում նրան թոշակի ուղարկել: Եթե մարդը պահպանել է իր ստեղծագործական եւ մտավոր ներուժը, եթե նա ի վիճակի է եւ ցանկանում է աշխատանքի գնալ, ապա առանձին իմաստ չեմ տեսնում նրան աշխատանքից ազատելու մեջ՝ աններելի շռայլություն է նման մարդկանց ծառայություններից հրաժարվելը: Ի դեպ, նույն բանական մոտեցումը երբեմն կիրառվում է նաեւ մեզ մոտ: Ի՞նչ է, Սոս Սարգսյանը կամ Սեն Արեւշատյանը վարչական աշխատանք չե՞ն կատարում, թե՞ նրանց 65 տարին դեռ չի լրացել: Բայց եթե մենք չունենք Թատերական ինստիտուտի կամ Մատենադարանի տնօրենների ավելի արժանի թեկնածուններ, հանուն ինչի՞ պիտի արագացնենք այդ վաստակաշատ մարդկանց պաշտոնանկությունը: Օրենքի մասին մեր չինովնիկները հիշում են միայն այն ժամանակ, երբ հանկարծ «վերեւների» թելադրանքով շտապ անհրաժեշտ է լինում այդ օրենքը կիրառել: Այդպիսի դեպք էր, հավանաբար, Սայաթ172Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրենի պաշտոնից Պետրոս Հայկազյանին ազատելու հրատապ անհրաժեշտությունը: Երեւանի քաղաքապետարանի չինովնիկները նման սուր անհրաժեշտություն զգացին ուսումնական տարվա կեսին՝ մարտի 10-ին: Փոխքաղաքապետ Ֆիրդուս Զաքարյանը եւ մշակույթի վարչության պետ Արման Սահակյանն այլեւս չէին կարող համբերել ոչ մի օր եւ ոչ մի ժամ եւ այդ օրը մի քանի անգամ անհանգստացնում էին այդ մարդուն, որը հաստատ իրենցից ավելի շատ ծառայություններ ունի մեր երկրի եւ ժողովրդի առաջ, թե շուտ արեք՝ հենց հիմա, հենց այս պահին դիմում տվեք՝ աշխատանքից ազատվելու համար: Քաղաքապետարանի պաշտոնյաներին, ըստ երեւույթին, թվում է, թե գործ ունեն երթուղային տաքսու «գծի տիրոջ» հետ, որի հետ կարելի է վարվել՝ համապատասխան իրենց համար ծանոթ այդ ոլորտի մտավոր մակարդակի: Օրենքն, այո, պետք է կիրառել, բայց ա/ բոլորի նկատմամբ, բ/ ոչ ուսումնական տարվա կեսին, գ/ ըստ օրենքի, 2 ամիս առաջ զգուշացնելով, դ/ պահպանելով էթիկայի նորմերը: Սայաթ-Նովայի անվան դպրոցը Պետրոս Հայկազյանի ամբողջ կյանքն է: Այդ դպրոցին է նա նվիրել իր կյանքի 56 տարին, 1967 թվականից դպրոցի տնօրենն է: Նա կառուցել է այդ դպրոցը՝ այս բառի թե ուղիղ եւ թե փոխաբերական իմաստներով: Իսկ քանի՜ աշխարհահռչակ երաժիշտ-կատարողներ է այս տարիներին տվել Սայաթ-Նովայի անվան դպրոցը, չթվարկեմ՝ դրա մասին շատ է գրվել եւ խոսվել: Ով պատիվ ունի շփվելու պրն Հայկազյանի հետ, կհաստատի՝ նա ֆիզիկական եւ ստեղծագործական հոյակապ «մարզավիճակում» է: «Չեմ պատրաստվում հավերժորեն մնալ այդ պաշտոնում,- ասում է Պետրոս Հայկազյանը,- պարզապես անընդունելի էր ու վիրավորական այն ձեւը, այն հապճեպությունը, որով դա արվում էր: Իմ ցանկությունն է՝ եթե վաղը նույնը պետք է կատարվի գիտության կամ մշակույթի այլ գործիչների հետ, ապա թող գոնե մի քիչ հաշվի նստեն այդ մարդկանց եւ նրանց ղեկավարած կոլեկտիվների հետ»: Վստահ եմ, որ չինովնիկական այս բռիությունից չի շահել նաեւ դպրոցի նորանշանակ տնօրեն, շնորհաշատ երաժիշտ Տիգրան Հեքեքյանը: Երբ դպրոցի վրդովված կոլեկտիվը հյուրընկալվեց Երեւանի քաղաքապետարանում, Ռոբերտ Նազարյանը զարմացավ՝ մի՞թե ամեն ինչ ձեզ մոտ կախված է մեկ անձից, մի՞թե դուք չունեք մեխանիզմներ, որոնցով կապահովվի նորմալ ուսումնական պրոցեսը՝ անկախ նրանից, թե ով է տնօրենը: Մի՛ զարմացեք, պրն Նազարյան: Ստեղծագործական միավորումներում շատ բան են կանխորոշում հենց անհատները, տվյալ դեպքում՝ Պետրոս Հայկազյանը, Էլզա Թանդիլյանը /որն, ի դեպ, նույնպես հրաժարական տվեց ուսմասվարի պաշտոնից/, Ելենա Քրաջանյանը՝ բոլոր այն մարդիկ, ովքեր տասնամյակներ շարունակ ստեղծել են դպրոցի անկրկնելի մթնոլորտը: Հենց այդ մթնոլորտում են ծնվել մեր երաժշտության այն «աստղերը», որոնցով այսօր հպարտանում է ցանկացած հայ մարդ: Կոտրել այդ մթնոլորտը, սթրեսի մեջ գցել կոլեկտիվին ուսումնական տարվա կեսին՝ հեշտ է: Դա հնարավոր է անել մի քանի ժամում: Վերականգնելու համար գուցե տասնամյակներ են հարկավոր: Դպրոցի դասատուները եւ մի շարք ճանաչված արվեստի գործիչներ դիմել են նամակով Ռոբերտ Քոչարյանին: Պատասխան առայժմ չկա: Վախենամ, դրանով դպրոցի խնդիրները չեն ավարտվելու: Դրանք շարունակվելու են՝ ցավոք, հոռետեսական սցենարով: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել