Լրահոս
Օրվա լրահոսը

Խնդիր չկա միայն թղթի վրա

Ապրիլ 09,2003 00:00

Խնդիր չկա միայն թղթի վրա «Էրեբունցիները կարող են այլեւս չանհանգստանալ. շրջանի կրթահամակարգն այսուհետեւ զերծ կմնա այլախոհության, ասել է թե՝ ազնվության ու բարեխղճության ցանկացած դրսեւորումներից»,- ասվում է էլեկտրոնային փոստով «Առավոտին» հղված մի նամակում: «Առաջնորդվելով «մեզ ազնիվ տնօրեններ պետք չեն» կամ «ոչ մի ազնիվ տնօրեն՝ մեր երեխաներին կրթելու համար» կարգախոսներով, կրթության պատասխանատուները այլախոհ տնօրենին հեռացնելով զբաղեցրած պաշտոնից՝ իրենց կուռ-կեղծարար շարքերից վտարեցին վերջին սպիտակ ագռավին»: Խոսքն Էրեբունի համայնքի թիվ 6 դպրոցի արդեն նախկին տնօրեն Սուսաննա Գրիգորյանի մասին է: Վերջինս, ըստ նամակագրի, մասնավորապես մարտի 5-ի նախագահական ընտրություններում, ջանք չի խնայել՝ ճնշումներին դիմակայելու համար (այդ են վկայել ընտրություններին մասնակցած մի շարք դիտորդներ): «Դժվար թե նա այդ ամենի դիմաց ակնկալում էր անգամ երախտիքի արտահայտություններ, սակայն երեւի թե պատրանք ուներ, որ մեր երկրում ազնվությունը (այն էլ՝ մանկավարժի կողմից դրսեւորած) դեռեւս ծառայողական հետապնդման հոդված չի դարձել»: Մինչ դպրոցի տնօրենի՝ աշխատանքից հեռանալու (կամ հեռացնելու) մասին պաշտոնական տեղեկություններին անցնելը, ներկայացնենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալները: Այսպես՝ էրեբունի համայնքի 21 դպրոցներում ձեւավորված եւ այդ դպրոցների տնօրենների կողմից ղեկավարվող ընտրական տեղամասերից 20-ում հաղթել է Ռ. Քոչարյանը: Մասնավորապես նրանցից 7-ում հետեւյալ պատկերն է (տես՝ աղյուսակ 1): Իսկ այն միակ, թիվ 6 դպրոցում գրանցված արդյունքներով հաղթել է Ստ. Դեմիրճյանը (տես՝ աղյուսակ 2): «Կողմ դնելով ասիական մտածելակերպի վերաբերյալ խորաթափանց դիտարկումները, փաստենք, որ ընտրության մասնակցության ակտիվությունը, թաղից թաղ անցնելով, չի կարող տալ այդպիսի կտրուկ տարբերություն»,- կարծում է նամակի հեղինակը: Ընտրություններից անմիջապես հետո, երբ խմբագրությունը փորձում էր ճշտել տնօրենի նկատմամբ իրականացվող ճնշումների իսկությունը, տնօրեն Սուսաննա Գրիգորյանը դպրոց չէր գալիս: Մեզ հայտնում էին, որ նա հիվանդության պատճառով բացակայում է: Իսկ որոշ լուրերի համաձայն էլ՝ տնօրենն ընդդիմանում էր, աշխատանքից ազատման դիմում չէր ներկայացնում՝ պնդելով, որ ընտրված է խորհրդի կողմից, իսկ վերջինս էլ որեւէ դժգոհություն չի հայտնել ոչ դպրոցի առանձին օղակների աշխատանքի նկատմամբ անբավարար վերահսկողության, ոչ էլ դպրոցին անհրաժեշտ բարոյահոգեբանական մթնոլորտի խաթարման առնչությամբ: Վերջին հանգամանքը հաստատեց նաեւ դպրոցի կազմակերպիչներից մեկը՝ նախօրեին մեզ հետ ունեցած զրույցում: Նա չցանկացավ ներկայանալ, սակայն հաստատեց, որ դպրոցի խորհուրդը Սուսաննա Գրիգորյանի աշխատանքային գործունեության վերաբերյալ վերադասին որեւէ բողոք չի ներկայացրել, ավելին, անգամ այդ առնչությամբ ոչ մի քննարկում չի եղել: Կազմակերպիչը նշեց նաեւ, որ տնօրենը ապրիլի 1-ին ներկայացրել է իր ազատման դիմումը, կից՝ դրանից առաջ իր բացակայության համար անաշխատունակության թերթիկ, որը հավաստում է այն մասին, որ Ս. Գրիգորյանը նախ խնամել է իր հիվանդ երեխային, հետո ինքն է հիվանդացել: Դժվար է ենթադրություններ անել այն մասին, թե ինչն է ստիպել Ս. Գրիգորյանին՝ կամովի հրաժարական տալ, սակայն հիշենք, որ դեռեւս հունիս-հուլիս ամիսներին խորհուրդով կառավարվող այս դպրոցը մեծ ջանքեր գործադրեց՝ Սուսաննա Գրիգորյանին հաստատելու տնօրենի պաշտոնում, որովհետեւ առաջվա տնօրենը՝ Ա, Հովհաննիսյանը, չէր կարողանում հրաժարվել դպրոցի կնիքից: Ի դեպ, «Առավոտն» անդրադարձել է այդ բոլոր քաշքշուկներին, եւ դժվար է պատկերացնել, որ խորհրդի կողմից ընտրված, կոլեկտիվի կողմից հարգված տնօրենը հենց այնպես թողներ ու հեռանար՝ առանց լուրջ հիմնավորումների: Լուրջ հիմնավորումներ չկարողացավ փաստարկել նաեւ քաղաքապետարանի կրթության վարչության պետի տեղակալ Ալ. Կուբանյանը. «Նա իր դիմումի համաձայն ազատվել է տնօրենի պաշտոնից, ոչ մի ուրիշ խնդիր չկա»: Իսկապես, թղթի վրա ոչ մի խնդիր ամրագրված չէ, իսկ նախկին տնօրենի կամ մյուս կողմերի հոգու խորքերո՞ւմ: Դպրոցում ոչ Սուսաննա Գրիգորյանի, ոչ էլ նրա համախոհներից որեւէ մեկի հեռախոսահամարը մեզ չտրամադրեցին: Սակայն եթե վերջիններս կատարվածի առնչությամբ ցանկանան արտահայտվել, մենք պատրաստ ենք լսել նրանց: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել