Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՅԴ ԵՍ ԵՄ»

Ապրիլ 09,2003 00:00

«ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՅԴ ԵՍ ԵՄ» Դեռեւս նախագահական ընտրություններից ամիսներ առաջ Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը հայտարարում էր, որ այդ «խունտարշավին» ընդդիմությունը Ռոբերտ Քոչարյանի զոհասեղանին մատուցվելու է որպես «ընծահավ»: Այսօր Դավիթ Հակոբյանը վստահ է, որ իր այդ կանխատեսումներն իրականություն են դարձել ու ընդդիմությունն իսկապես մատուցվել է որպես «ընծահավ», ինչը հետեւանք էր ընդդիմության «տակտիկական զինանոցի սնանկության ու անխոհեմության»: «Իսկապես, նախագահի 15 հավակնորդները՝ «Սպարտակում» նկարագրվածի նման, քաջ կլապաններ դարձան, որոնց Ռոբին Հուդը՝ էշին թարս նստեցրած ուղարկեց ժողովրդին, որպես պատասխան ընդդիմության անճարակության, անխոհեմության ու գաղափարական տկարամտության»,- հայտարարեց մարքսիստ Դ. Հակոբյանը՝ ավելացնելով, որ իրենք՝ մարքսիստները, նախագահական ընտրությունները՝ «խունտարշավի» սկզբունքով, որակում ենք որպես մեծագույն «համազգային աղետ, ամոթալի խայտառակություն», որպես ֆինանսական տոտալիտարիզմի ու ցենզային ընտրական իրավունքի «ամենաբարբարոս» արտահայտությունը, երբ «ոտնատակ» են տրվում այն բոլոր քաղաքական ու բարոյական նորմերը, որոնք կազմում են ժողովրդավարության հենքը: «Սա խունտիզմի, քաղաքական այլասերվածության նոր երեւույթ է, երբ նախկին պետական սովետական տոտալիտարիզմին գումարվում է նաեւ ֆինանսական տոտալիտարիզմը: Երբ նորին մեծություն կապիտալը վճռում է ամեն ինչ՝ անբարոյականին բարոյական է դարձնում, ինքնակոչին՝ լեգիտիմ, գողին՝ առաքինի եւ այլն: Վաճառվում եւ գնվում է ամեն ինչ՝ ընտրության ձայնից մինչեւ ընտրական իրավունք, պատվից մինչեւ խիղճը, ազգից մինչեւ ազգային շահեր: Սունդուկյանն ասում էր. «Փող ունիս՝ մարդ իս, փող չունիս՝ մարդ չիս: Գանա չի՞ս գիդի, որ ոչխրի վերջը ղասաբխանեն ա»,- վստահեցնում է նա: Ըստ Դ. Հակոբյանի, ընտրություններն առհասարակ երկու նպատակ են հետապնդում: «Առաջին՝ հասարակական ինքնամաքրման, ինդուրգենցիայի, մեղքերի քավության գործընթաց պետք է լիներ: Հասարակությունը պետք է ձերբազատվեր քաղաքական ու քրեական հորդաներից՝ խարազանելով քաղաքական անբարո բարքերն ու արատները: Երկրորդ՝ ընտրությունը պետք է ապահովեր քաղաքական թարմ, անբասիր ուժերի մուտքը քաղաքական արենա՝ ազգային նոր գաղափարախոսությամբ ու ազգային դոկտրինայով, որոնք սկզբունքորեն նոր պետական մեքենայի ձեւավորմամբ պետք է սկսեին նոր տնտեսական-քաղաքական գործընթացներ՝ հանուն ազգի կենսաբանական անվտանգության, նրա ծաղկման ու բարգավաճման»: Սակայն, նրա հավաստմամբ, դա դժբախտաբար տեղի չունեցավ, քանի որ «ընդդիմության երկու ֆորվարդներն էլ ժողովրդի կողմից ընձեռված հերթական պենալտին չիրականացրին: Նրանք չկարողացան տեր կանգնել ժողովրդի տված ձայներին: Իսկ Ռոբին Հուդը, որն իրեն բազե էր ձեւացնում, այնքան էլ այդ ընտրարշավում վատ չհիշեցրեց Ռոսինիի «Գող կաչաղակի» օրինակը: Իսկ Սահրադյան Արտակ ի եվո կամպաշա էտո մելկիյե պոլիտիչեսկիյե ժուլիկի»,- հայտարարեց Դ. Հակոբյանը: Իսկ առաջիկա խորհրդարանական ընտրություններից Դ. Հակոբյանն ընդհանրապես ակնկալիքներ չունի, եւ վստահ է, որ ԱԺ «կներխուժեն նույն սատանային ու հրեշին քաղաքական ու ազգային հոգիները ծախած գործամոլները, գանձագողերն ու պատեհապաշտ, շահամոլ ավազակները, որոնց բանականության մեջ միայն մի բառ է առկայծում՝ կապիտալ»: Այժմ Դ. Հակոբյանը, որի խոսքերով իշխանությունն իրեն խորհրդարանական մրցասպարեզից «քաղաքականապես մեկուսացրել» է, զբաղված է ատաղձագործությամբ՝ կահույքագործությամբ. «Այդպես 1920-27թթ. Ֆրեզնոյում քաջ Անդրանիկն էր, երբ թքեց-հեռացավ դաշնակցական Հայաստանից: Բայց, այ, թող իշխանություններն իմանան, ինչպես Բոնապարտն արտահայտվեց 1815թ. Տուլոնում Էլբայից ետդարձի ճանապարհին՝ «Ֆրանսիա էտո յա, յա էտո Ֆրանսիա», այնպես էլ ես՝ վաղվա Հայաստանն այդ մենք ենք, մենք իսկական Հայաստանն ենք: Դեռ մեր աստեղային ժամն առջեւում է, իսկ նոր նախագահական ընտրությունները, կարծում եմ, սարի հետեւում չեն: Հայաստանն այդ ես եմ – ազգային խղճից մինչեւ ազգային բանականությունը: Ինչպես Ուլյանով Լենինը կասեր՝ «Կրիզիս նազրել»,- ասաց Դավիթ Հակոբյանը: ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել