Լրահոս
Օրվա լրահոսը

Ձեռքդ ե՛տ տար

Ապրիլ 09,2003 00:00

Ձեռքդ ե՛տ տար Սահմանադրության վրայից Ոստիկանության բարձրաստիճանները հայտնեցին, թե թույլ չեն տալու, որ այսօր ընդդիմադիրները հավաքվեն: Ուստի ինչքան էլ այժմ Կառավարության նիստերի դահլիճը զարդարեն ու Ռոբերտ Քոչարյանին ողջունեն թմբկահարներն ու շեփորահարները՝ երդմնակալության այս արարողության համար էլ բնորոշ են լինելու այն «զարդարանքները», որ բնութագրական էին նախագահի ընտրության առաջին փուլից հետո սկսված ու մինչ օրս շարունակվող գործընթացների համար՝ փշալարեր, ջրցան մեքենաներ ու սպառազեն ոստիկաններ: Ռոբերտ Քոչարյանն այսօր ձեռքը կդնի Սահմանադրության բնօրինակի վրա եւ նորից կերդվի հետեւել դրա պահպանմանը: Թեեւ նախորդ՝ 1998-ի ապրիլի 9-ի երդումն արդեն իսկ բազմիցս զանց է առնվել, սկսած 1-ին հոդվածից՝ ըստ որի ՀՀ-ն ժողովրդավարական եւ իրավական պետություն է, կամ 2-րդից, ըստ որի՝ ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների միջոցով, ու հանցագործություն է որեւէ անհատի կողմից իշխանության յուրացումը: Հիշեցնենք նաեւ հոդված 16-ը. «Բոլորը հավասար են օրենքի առջեւ»: Մինչդեռ որեւէ դատավոր մինչ այժմ չունեցավ ոչ միայն իր՝ պրն Քոչարյանին առնչվող հայցերից որեւէ մեկը բավարարելու համարձակություն, այլ՝ նույնիսկ նրա թիկնապահներն իրենց կատարած սպանության համար չկալանավորվեցին մեկ օր անգամ: Սակայն շարունակվում են մարդիկ կալանավորվել երթերին մասնակցելու համար, թեեւ Սահմանադրության 22 հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր քաղաքացի ունի հանրապետության տարածքում ազատ տեղաշարժվելու իրավունք, իսկ 26 հոդվածի համաձայն՝ «քաղաքացիներն ունեն խաղաղ, առանց զենքի ժողովներ, հանրահավաքներ, երթեր ու ցույցեր անցկացնելու իրավունք»: «Ա1+»-ի փակումով ոտնահարվեց 24 հոդվածը, ըստ որի՝ «յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք՝ ներառյալ տեղեկություններ եւ գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը տեղեկատվության ցանկացած միջոցով»: Այնքան են այս հոդվածները մեջբերվել, որ կրկին հիշեցումը չարչրկում կթվա: Սակայն մեկ անգամ եւս հիշեցնենք 41 հոդվածը՝ հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ դատավճռով: Մինչդեռ ժամանակին Վանո Սիրադեղյանի, իսկ այժմ էլ՝ Արմեն Սարգսյանի նկատմամբ իշխանական լրատվամիջոցները հրահանգավորված ոտնահարեցին այս մի դրույթը եւս: Բումերանգի օրենքով՝ պրն Քոչարյանի դեմ էլ շրջվեց անմեղության կանխավարկածի ոտնահարումը, եւ նա էլ մեղադրվեց «27»-ի կազմակերպման մեջ: Ուղղակի, ի տարբերություն իր քաղաքական հակառակորդների՝ նա հնարավորություն ուներ քննչական մարմինների միջոցով սաստել նման պնդումների հեղինակներին: Էլ չենք խոսում Սահմանադրության այլ խախտումների մասին, որոնք թույլ է տվել անձամբ պրն Քոչարյանը. ասենք՝ 1998-ի հունիսին անտեսեց 68 պատգամավորների պահանջը՝ կոնյակի գործարանի վաճառքը քննության առնելու, իսկ դեկտեմբերին՝ 67 պատգամավորների պահանջը՝ «Հեռահաղորդակցության մասին» օրենքը փոփոխելու օրակարգով արտահերթ նստաշրջաններ հրավիրելու վերաբերյալ: 2000-ի մայիսին առանց վարչապետի առաջարկության պաշտոնից ազատեց պաշտպանության նախարարին: Եվ վերջապես՝ չունենալով դրա սահմանադրական իրավունքը՝ առաջադրվեց նախագահի թեկնածու, եւ ապրիլի 30-ին է նշանակված նրա քաղաքացիության վիճարկման հերթական դատը, իսկ ՍԴ-ում դեռ շարունակում են քննել նման ձեւով ընտրությունն անվավեր ճանաչելու հայցը: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել