Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ՄԵՆԹԱԼԻՏԵՏ

Ապրիլ 09,2003 00:00

ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ՄԵՆԹԱԼԻՏԵՏ Երբ իշխանամետ շրջանակներում քննարկվում է Ստ.Դեմիրճյանի դիմումը՝ ընտրություններն անվավեր ճանաչելու մասին, իմ զրուցակիցների գլխավոր փաստարկն է՝ ի՛նչ է, ուզում ես Դեմիրճյա՞նը պրեզիդենտ դառնա: Իմ պատասխանն է՝ ոչ: ՍԴ-ն բացարձակապես առաքելություն չունի Ստեփան Դեմիրճյանին նախագահ հռչակելու: Նա ընդամենը պետք է անօրինական ճանաչի տեղի ունեցած ընտրությունները, իսկ դրանում համոզված են բոլորը՝ առաջին դասարանի երեխայից սկսած եւ անձամբ Ռոբերտ Քոչարյանով վերջացրած: Դրանից հետո պետք է անցկացվեն նոր ընտրություններ: Սակայն այդ ամենը տեղի չի ունենա: ՍԴ-ի այս նախագահի պարագայում դա անհնարին է: Ընդհանրապես բացառված է, որ կոմունիստական դպրոց անցած մարդիկ /Գագիկ Հարությունյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Հրանուշ Հակոբյանը, Արարատ Գոմցյանը եւ այլք/ երբեւէ հակադրվեն իշխանությանը: Նրանք մշտապես ուժեղների, ճնշողների, հետապնդողների կողմից են՝ լինեն կոմունիստներ, ՀՀՇ-ականներ, երկրապահներ, թե, տվյալ դեպքում՝ Քոչարյանը: Կոնֆորմիզմը նրանց արյան մեջ է: Բայց նման մարդիկ մշտապես ունեն նաեւ շատ գեղեցիկ, «պետականամետ» արդարացումներ՝ բոլոր ռեժիմների ժամանակ մենք կառուցել ենք, օգուտ ենք բերել, հզորացրել ենք պետությունը: Ճիշտ այդպես էլ հիմա, երբ ՍԴ-ն կմերժի Ստեփան Դեմիրճյանի հայցը, Գագիկ Հարությունյանն իր համար գտնելու է քաղաքական, ոչ թե իրավական արդարացումներ՝ չնայած մերժման ձեւակերպումն արտաքուստ «իրավական» է լինելու: Սակայն իրականում ապօրինությունները հաստատող ՍԴ-ի որոշումը որեւէ ձեւով չի հզորացնելու մեր պետությունը, չի նպաստի ներքաղաքական կայունությանը, չի բարձրացնի մեր երկրի միջազգային վարկը: Առանձնապես փաստարկներ պետք էլ չեն՝ ապացուցելու համար, որ նման որոշումը լուրջ խնդիրներ է ստեղծելու մեր պետության եւ, որքան էլ զարմանալի թվա, հենց Ռոբերտ Քոչարյանի համար: Կարելի է հիշել Ռուսաստանի օրինակը, երբ 1993-ի հոկտեմբերյան իրադարձությունների ժամանակ ՍԴ նախագահ Վալերի Զորկինը հակադրվեց Ելցինին՝ դրանով իսկ բարձրացնելով թե իր երկրի եւ թե նրա նախագահի վարկը: Բայց դրա համար անհրաժեշտ է իրական պետական մտածելակերպ, որը, ցավոք, մեր իշխանավորների մոտ չի նկատվում: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել