Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ մի ոգեւորվեք…»

Ապրիլ 09,2003 00:00

«Շատ մի ոգեւորվեք…» Երեկ ՍԴ նիստում վերջապես սկսեցին հնչել հարցեր եւ պատասխաններ: Ստեփան Դեմիրճյանի ներկայացուցիչներին հարցեր ուղղեցին նախ պատասխանող կողմը, ապա ՍԴ դատավորները: Նիստն անցնում էր դատարանի բարյացակամության, Աշոտ Սարգսյանի անկաշկանդության եւ դահլիճին փոխանցված ինչ-որ համընդհանուր աշխուժության մթնոլորտում: Եղավ մի պահ, երբ /նոր ընտրությունների ժամկետի առնչությամբ/. «…այսինքն 15-ին ՍԴ-ն ճանաչի անվավեր, ուղիղ մայիսի 25-ին 40-րդ օրն է, միանգամից ժողովրդին չորսական բյուլետեն կտրվի» ռեպլիկին արձագանքն այնքան աշխույժ էր, որ ՍԴ նախագահը միջամտեց. «Դե լավ, շատ մի ոգեւորվեք…»: Բայց ամեն դեպքում, նայելով ԿԸՀ ներկայացուցիչների՝ «ենթադրական» ու «իմիտացիոն» հարցադրումներին /դատարանում հնչած բնորոշում է/, երբ ըստ էության որեւէ առարկություն կամ նույնիսկ հիմնավորվող կասկած Դեմիրճյանի ներկայացրած օրինախախտումների վերաբերյալ չհնչեց, դժվար է պատկերացնել, թե ՍԴ-ն ինչի՞ վրա պետք է հենվի, որ Դեմիրճյանի հայցը չբավարարի: ԿԸՀ հարցերը այս կշիռը կամ լրջությունն ունեն. «Գործի վերջին 3 հատորներում ներկայացված են Դեմիրճյանի վստահված անձանց կողմից կազմված ցուցակներ՝ բացակա ընտրողների մասին եւ այլն: Ձեր կարծիքով այդ ցուցակներում որքա՞ն անճշտություններ կարող են լինել»: Սարգսյանի պատասխանն էր. «Օրենքի պահանջը կատարեիք, թողնեիք ըստ տեղամասերի քվեարկության արդյունքները ստուգեինք, հիմա կասեի»: Հարցը եւ պատասխանը տարբեր իմպրովիզներով հնչեցին երկու-երեք անգամ՝ մինչեւ Սարգսյանը թեման փակեց. «Ճիշտ է, 94 տոկոսով», դահլիճը ծիծաղեց: Կամ ԿԸՀ-ի կողմից հարց է ձեւակերպվում. «Ձեր կազմած 1700 էջ գործի դիմաց քանի՞ էջ հակառակ բովանդակության նյութ պետք է ներկայացվեր, որ ընդունեիք, թե ընտրությունները եղել են նորմալ»: Պատասխանն էր. «Սա ծավալի կամ քաշի խնդիր չէ, որ քանի կիլո թուղթ բերեիք, այ երբ մեր բողոքներին օրենքի սահմաններում ընթացք կտայիք, եւ գործը չէր հասնի ՍԴ, այն ժամանակ կխոսեինք նորմալ ընտրություններից»: Կամ հետեւյալ հարցին՝ «Ինչու՞ դատարաններ չեք դիմել», Աշոտ Սարգսյանի պատասխանն էր. «Օրենքը սահմանում է, որ բողոքները պետք է ներկայացվեն վերադաս ատյանին կամ դատարան: Ես ընտրել եմ առաջին ուղին: Իսկ դատարաններին մի հատ որպես նմուշ դիմել եմ՝ ԿԸՀ անգործությունը վերացնելու հայցով: Եվ եթե ԸՕ-ին այդքան տեղյակ Պարգեւ Օհանյանն իր կայացրած որոշմամբ չցանկացավ «անգործության վերացումը» «արդյունքներ վիճարկելուց» տարբերել, ո՞ր դատավորը դա կաներ»: ԿԸՀ-ն ներկայացնողները մտքից ու ճկունությունից զուրկ չեն, պարզապես խոսելու տեղ չունեն: Փոխարենը ընդմիջումների՜ն. մի կին մոտեցել էր արդարադատության փոխնախարար Տիգրան Մուկուչյանին. «Ձեռքս կարող եմ դնել Ավետարանին եւ երդվել՝ չի եղել տեղամաս, որտեղ խախտում կատարված չլինի»: «Մայրիկ ջան, էդ մեկը մի արա, հոգուդ վրա մեղք մի վերցրու: Այսինչ գյուղում /անունը տրվեց/, Դեմիրճյանը 100 տոկոս ձայն է հավաքել: Արի, ընդունիր, որ գոնե էդ մի գյուղում խախտում չի եղել»: ՍԴ դատավորների հարցերը դիմող կողմին շարունակվելու են հաջորդ նիստին, որը կկայանա ապրիլի 10-ին ժամը 10-ին: ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել