Չզարթնեիր, լա՛ո Երեկ ոստիկանություն է հրավիրվել անգամ այն կինը, որ Մայրության եւ գեղեցկության օրվա հանրահավաքին երգում էր «Զարթի՛ր, լաո»: ՀԺԿ լրատվության պատասխանատու Ռուզան Խաչատրյանը հայտնեց, որ ապրիլի 7-ին «Կանայք՝ ընդդեմ բռնությունների» երթ-հանրահավաքից հետո ձերբակալվել են աբովյանցի Զոյա Կարապետյանը եւ Ալիտա Սարդարյանը: Ի դեպ, վերջինս այն նույն կինն է, որին մարտի 17-ի հանրահավաքից հետո բերման էին ենթարկել Արաբկիրի ՆԳ բաժին եւ «Ջերմուկի» պլաստիկե մեծ շշով հարվածել գլխին: Երբ տեղեկացրինք, որ Արաբկիրի ոստիկանապետ Հովիկ Թամամյանը պնդում է, թե նման բան չի եղել, Ռուզան Խաչատրյանն ասաց. «Կզարմանայի, եթե նա հաստատեր»: Ձերբակալվածների մեջ են նաեւ Աստղիկ Գեւորգյանը, Քնարիկ Հովհաննիսյանը, որոնք ազատ արձակվելուց հետո եկել են ՀԺԿ գրասենյակ ու պատմել իրենց հետ կատարվածի մասին: Նաեւ պատմել են Հրաչյա Քոչարի փողոցում ապրող Լիլիթ անունով մի կնոջ մասին: «Այդ Լիլիթը ձերբակալվել է հենց իր տան մոտ, այսինքն՝ երթից բավական հեռու,- ասաց Ռուզան Խաչատրյանը:- Ըստ երեւույթին՝ նրան հետեւել են: Այլ վկայություններից էլ է պարզ, որ հանրահավաքներին առավել ակտիվ մասնակցողներին հատուկ հետեւում են, հիշեցնում, թե այսինչ ցույցին էլ եք ներկա եղել»: Աստղիկ Գեւորգյանին, ասենք, քաղաքացիական հագուստով 4 ոստիկաններ ձերբակալել էին Մաշտոցի պողոտայում. «…Հարձակվել էին կնոջ վրա: Ինչպես ինքն ասաց՝ ձեռքերը բռնել էին ու կոպտորեն բրթելով, բռնությամբ նստեցրել էին մեքենա ու բերել Արաբկիրի ՆԳ բաժին»: Զոյա Կարապետյանին, Ալիտա Սարդարյանին եւ Քնարիկ Հովհաննիսյանին նույնպես ձերբակալել էին Մաշտոցի պողոտայում՝ 77 համարի երթուղայինի մեջ: «Ներխուժել է իրավապահ մարմինների քաղաքացիական հագուստով մի աշխատակից եւ երթուղայինի վարորդին հրամայել քշել Արաբկիրի ոստիկանություն,- փոխանցեց տիկին Ռուզանը:- ՆԳ բաժնում պահել են մինչեւ կեսգիշեր, այնտեղ շատ կոպիտ են վարվել նրանց հետ: Կանայք պատմեցին, որ իրենց վրա բղավել են, փորձել ահաբեկել, վախեցնել: Ասել են, թե ինչո՞ւ եք գալիս այդ հանրահավաքներին ու երթերին. ի՞նչ է, Ստեփան Դեմիրճյանը ձեզ փո՞ղ է վճարում դրա համար, ինչքա՞ն է տալիս, մենք էլ այդքան կտանք՝ միայն թե այլեւս մի գնացեք այդ երթերին: Երբ կանայք պատասխանել են, թե իրենց ոչ ոք ոչինչ չի վճարում եւ այդ ցույցերին մասնակցում են հանուն արդարության եւ իրենց ոտնահարված իրավունքների՝ ոստիկաններն ամենավերջին հայհոյանքներն են տվել նրանց հասցեին»: Մինչեւ գիշերվա 12-ը պահելուց հետո՝ կանանցից վերցրել են անձնագրերը եւ նրանց բաց թողել՝ առանց տուգանելու: Կանչել էին նաեւ երեկ. Աստղիկ Գեւորգյանն ու Քնարիկ Հովհաննիսյանը գնացել էին ոստիկանություն, մի քանի ժամ սպասել, բայց նրանց ներս չեն հրավիրել, ու ի վերջո թողել-հեռացել էին: Գայանե Աշուղյանին ենթարկել են վարչական պատասխանատվության, տուգանել 1500 դրամ, Սվետլանա Հովակիմյանին բերման ենթարկելուց եւ զրույցից հետո բաց են թողել ՆԳ բաժանմունքից: Ռուզան Խաչատրյանը նաեւ նշեց. «Ուզում եմ ուշադրություն հրավիրել, որ այս կանայք ապրում են Երեւանի տարբեր համայնքներում՝ մեկը Քանաքեռ-Զեյթունից է, մյուսը՝ Նորքի զանգվածից: Երկուսն Աբովյան քաղաքից են եւ այլն: Նրանց բոլորին հիմնականում Կենտրոն թաղամասում են ձերբակալել, բայց բերման են ենթարկել Արաբկիրի ոստիկանություն»: Անդրադառնանք նաեւ կանանց ցույցից հետո ձերբակալված տղամարդկանց: «Հանրապետություն» կուսակցությունից Վարդան Խաչատրյանին արդեն դատապարտել են եռօրյա վարչական կալանքի: Կենտրոնի ՀԺԿ կառույցից Արշամ Գալստյանի եւ Ավանի ՀԺԿ կառույցից Ռոբերտ Բաղդասարյանի ճակատագիրը դեռ հայտնի չէ: Սակայն ամենաարտառոց դեպքը պատահել է այն կնոջ հետ, որը Մայրության եւ գեղեցկության օրը կազմակերպված հանրահավաքում ուղղակի երգում էր բարձրախոսով՝ Հայաստանի օրհներգը, նաեւ «Զարթիր, լաո»-ն: Քաղցրիկ Իշխանի Խոսրովյանը մասնագիտությամբ մանկավարժ է, ու նաեւ երգչուհի է՝ «Հորովել» փառատոնի մրցանակակիր: «Հանրահավաքից հետո, ժամը 20-ին նրա տուն են եկել ոստիկանության 3 աշխատակիցներ եւ հրավիրել իրենց պետի մոտ,- պատմեց Ռուզան Խաչատրյանը:- Տիկին Քաղցրիկը զայրացել է, ասել, որ նորմալ, ժողովրդավարական երկրներում օրհներգ երգելիս մարդիկ ոտքի են կանգնում, իսկ Հայաստանում՝ ուղեկցում են ոստիկանապետի մո՞տ: Հրաժարվել է գնալ ու զանգահարել է ԱԺ պատգամավոր Վարդան Մկրտչյանին: Վերջինս գնացել է նրանց տուն, զրուցել ոստիկանների հետ, ու նրանք թողել-հեռացել են»: Արձանագրենք, իշխանությունը դարձյալ կանանց նկատմամբ է հետապնդումներ իրականացնում՝ սա հաստատ ուժի ապացույց չէ: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ