Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁԱՎ ԵՐԵՎՈ՞ՒՅԹ

Ապրիլ 09,2003 00:00

ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁԱՎ ԵՐԵՎՈ՞ՒՅԹ «Եթե իմ կարծիքն եք ուզում իմանալ, ապա ես կնախընտրեի, որ այդ արարողությունն աննկատ անցներ»,- ասում է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը: – ՀՀ նախագահի ընտրություններից հետո մոտ մեկ ամիս անց ինչպե՞ս եք գնահատում ներքաղաքական իրավիճակը: – Մեզ մոտ փաստորեն ընտրություններ, որպես այդպիսին, տեղի չունեցան: Իշխանական համակարգը բռնի կերպով վերարտադրվեց: Իրականում տեղի ունեցավ իշխանության բռնազավթում: Այսօր ստեղծված ներքաղաքական իրավիճակը գնահատելիս պետք է արձանագրել, որ ընտրությունների հենց առաջին փուլից հետո մեր երկրում իրավիճակը փոխվեց. մի կողմից գործող նախագահն ինքը հասկացավ, որ ժողովրդի շրջանում հենարան չունի, մյուս կողմից՝ ժողովուրդը հստակ գիտակցեց, որ այս նախագահն իր ընտրությամբ չի նախագահ դարձել, երրորդ՝ միջազգային հանրությունը աննախադեպ բացասական գնահատական տվեց տեղի ունեցած ընտրություններին: Այսինքն, Ռոբերտ Քոչարյանը չի ընդունվում նաեւ միջազգային կառույցների կողմից: Փաստորեն, Ռոբերտ Քոչարյանը չի ընդունվում ոչ մեր հասարակության, ոչ միջազգային հանրության կողմից: Կարծում եմ, այս պայմաններում մեր երկիրը հետագա զարգացում չի կարող ապրել: Միեւնույն ժամանակ լուրջ վտանգներ կան նաեւ միջազգային հարաբերությունների ու մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման իմաստով: Ես հիմա դժվարանում եմ ասել, թե այդ պրոցեսներն ինչ ընթացք կունենան, բայց, ամեն դեպքում, հօգուտ մեզ այդ հարցը լուծվել չի կարող, քանի դեռ Հայաստանում ժողովրդավարական ընտրություններ տեղի չեն ունեցել եւ օրինական ճանապարհով նախագահ չի ընտրվել: Այդ իմաստով դրական տեղաշարժեր ակնկալել չի կարելի: – Միջազգային հանրությունն ընտրությունների նկատմամբ իր վերաբերմունքով ավելի կտրուկ էր, քանի դեռ հայաստանյան ընդդիմությունն ու հասարակությունն էին ակտիվ, երբ տեղի էին ունենում պերմանենտ բողոքի հանրահավաքներ, պահանջում էին չեղյալ համարել ընտրությունների արդյունքը: Այսօր ավելի հանդարտ մթնոլորտ է տիրում: Ի՞նչ եք կարծում, միջազգային հանրությունն իր վրա այսօր այդքան բեռ կվերցնի՞ ժողովրդի փոխարեն ՀՀ նախագահին օրենքից դուրս հայտարարել, առավել եւս, որ մեր հասարակությունը, թվում է, հերթական անգամ համակերպվել է այս իրողության հետ: – Միջազգային հանրությունն այդպիսի դերակատարում ունենալ չի կարող, եւ չի կարելի նրանից նման դերակատարում ակնկալել: Հիմնական խնդիրը մերն է, ու մենք պետք է կարողանանք փրկել մեր երկրի հեղինակությունը եւ աշխարհին ներկայանալ որպես ժողովրդավարական երկիր: Իսկ դա կապված է Սահմանադրական դատարանում ընթացող պրոցեսի եւ կայացվելիք որոշման հետ: Մեր, կարծում եմ, նաեւ Սահմանադրական դատարանի անդամների համար ակնհայտ է՝ ինչ է տեղի ունեցել փետրվարի 19-ին ու մարտի 5-ին: Սրան առնչվող մյուս հարցերը կապված են իրավական ձեւակերպումների հետ: – Վստահ եք, որ ՍԴ-ն ընտրություններն անվավե՞ր կճանաչի: – Եթե ընտրություններն անվավեր չճանաչվեն, միեւնույն է, դրանով ՍԴ անդամները Քոչարյանին լեգիտիմ նախագահ չեն դարձնի, եւ փոխարենը կնպաստեն երկրի հեղինակության անկմանը: Մյուս կողմից, Հայաստանում միակ ինստիտուտը, որ ընտրակեղծիքներին չի մասնակցել, կհեղինակազրկվի եւ պետության ներսում այլեւս չի լինի գոնե մի կառույց, որն անմասն կլինի ընտրակեղծիքներից: Այդ պարագայում ՍԴ-ն վերջնականապես կկորցնի նաեւ իր հեղինակությունը թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում: Վերջապես մենք պետք է բաց ճակատ ունենանք նաեւ եվրոպական կառույցների հետ աշխատելու, քաղաքակիրթ աշխարհին ինտեգրվելու համար: Նույնն է նաեւ ԼՂ հարցի հետ կապված: – Շատ լավ, բայց ՍԴ-ն էլ ընդամենը հայաստանյան արդարադատության համակարգի մի մասնիկն է, իսկ ինչպես հայտնի է, այդ համակարգը «ամպագոռգոռ» գաղափարներ, Եվրոպա, Եվրախորհուրդ ասածն էլ, մեղմ ասած, տեղը չի բերում ու շարունակում է, ասենք, հանրահավաքների մասնակիցներին կալանել ու դատել՝ հիանալի հասկանալով, որ այդպես երկիր չենք դառնա: Ամեն ինչ հիմա ավելի շատ քաղաքական, քան իրավական հարթության տեսանկյունից է դիտարկվում: ՍԴ-ն ինչո՞ւ պետք է տարբերակվի այս համակարգում: – ՍԴ-ն կկարողանա ծանրութեթեւ անել իր որեւէ որոշման այն հնարավոր տարբերակները, որոնց մասին ես քիչ առաջ ասացի՝ երկրի զարգացման հեռանկարի առնչությամբ: ՍԴ անդամներն իրենք պետք է, ըստ էության, ընտրեն մեր երկրի հետագա ճանապարհը: Չեմ կարծում, թե նրանք ուզում են, որ ամեն օր 100 հազարանոց բազմությունը շրջապատած լինի ՍԴ-ն: Նրանք հասկանում են ստեղծված իրավիճակի լրջությունը: – Բայց հիմա այդ 100 հազարը չկա, չէ՞: – Չեմ կարծում, թե այդքան մարդկանց հավաքվելն այսօր անհրաժեշտ է ՍԴ-ի վրա ճնշում գործադրելու համար: ՍԴ ներկայացված նյութերն այն աստիճանի բավարար են, որ ուղղակի չեմ պատկերացնում, թե իրավական տեսանկյունից որեւէ այլ ի՞նչ որոշում է հնարավոր ընդունել: – Այդուհանդերձ, այսօր տեղի կունենա Ռ.Քոչարյանի՝ որպես ՀՀ նախագահի, երդման արարողությունն ու միաժամանակ ընդդիմության հանրահավաքը: Մեծ նշանակություն չե՞ք տալիս այդ միջոցառմանը: – Ընդդիմությունն ու հասարակությունը պարզապես ուզում են եւս մեկ անգամ հայտարարել, որ իրենք Քոչարյանին չեն ընտրել: Քոչարյանն ինքն էլ հիմա արդեն այս երկրում նախագահել չի կարող, որովհետեւ նա այլեւս վստահության ռեսուրս չունի ո՛չ ներսում, ո՛չ դրսում: Հարցազրույցը՝ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել