Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ ԳՆՈՒՄ ԵՆՔ ԲԱՑ ՍՐՏՈՎ»

Ապրիլ 09,2003 00:00

«ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ ԳՆՈՒՄ ԵՆՔ ԲԱՑ ՍՐՏՈՎ» Ասում է ՀՅԴ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը Այսօր Մատենադարանից հատուկ պատիվներով ԱԺ հատուկ նիստին պիտի տարվի 7-րդ դարի Վեհամոր ձեռագիր Ավետարանը, Սահմանադրական դատարանից՝ Սահմանադրության մայր օրինակը, նախագահականից՝ Հայաստանի գլխավոր դրոշը։ Ու այս սուրբ մասունքների ներկայությամբ, ձեռքն Ավետարանին ու Սահմանադրությանը դնելով պիտի երդվի երկրի նախագահը։ Սակայն Սահմանադրական դատարանից տարվելու է երկրի Գլխավոր օրենքի մայր օրինակն այն պահին, երբ ՍԴ-ն դեռեւս քննում է նախագահական ընտրությունների վավերականության հարցը, Մատենադարանից պիտի տարվի Վեհամոր Ավետարանը, երբ վերջին երկու ամսից ավելի ժամանակահատվածում Մատենադարանի տարածքը դարձել է ժողովրդի բողոքի եւ ընդվզումի թատերաբեմ։ Նախագահական ընտրությունների արդյունքները դեռեւս վիճարկվում են. ընդդիմությունը շարունակում է բողոքի իր գործողությունները, իշխանությունները փշալարային եւ ջրցան մեքենաների վրա են հույսները դրել, այս ամբողջ համայնապատկերն արդյո՞ք չի հուզում իշխանական ճամբարին, արդյոք Ռոբերտ Քոչարյանին նախագահական ընտրություններում սատարած քաղաքական ուժերն ինչպիսի տրամադրությամբ են գնալու այսօր նախագահի երդման արարողությանը եւ ինչպես են միմյանց եւ իրենց թեկնածուին շնորհավորելու։ Այս հարցերի շուրջ երեկ զրուցեցինք ՀՅԴ խմբակցության նախագահ Աղվան Վարդանյանի հետ։ – Պրն Վարդանյան, փաստորեն, իշխանական թեւը նախագահական ընտրությունները համարում է ավարտված, այսօր տեղի է ունենալու նախագահի երդման արարողությունը, այնուամենայնիվ ակնհայտ է, որ ամեն ինչ չէ, որ ավարտված է՝ Սահմանադրական դատարանը դեռեւս շարունակում է քննել Ստեփան Դեմիրճյանի բողոքը՝ 2003 թ. փետրվարի 19-ի եւ մարտի 5-ի նախագահական ընտրություններն անվավեր ճանաչելու վերաբերյալ։ Դուք ի՞նչ սրտով եք գնում երդման արարողությանը, քանի որ սա վերջնական հաղթանակ դժվար է համարել։ – Ձեր հարցի մեջ, բնականաբար, կար կանխակալ վերաբերմունք, գնահատական։ Մենք նախագահի երդման արարողությանը գնում ենք բաց սրտով, հպարտությամբ, հարյուր տոկոսով համոզված, որ նախագահն ընտրվել է եւ ընտրվել է ձայների մեծ առավելությամբ։ Բացի այդ, կա Սահմանադրությամբ նախատեսված երդման արարողության ժամանակակարգ, եւ դա պետք է պահպանել։ Ինչ վերաբերում է ընդդիմությանը, նրա աշխատանքին կամ մոտեցումներին, քարոզչությանը, կեցվածքին Սահմանադրական դատարանում, ապա դա իրենց խնդիրն է, բայց արհեստականորեն, ձգձգումներով փորձել ստվեր գցել նաեւ երդման արարողության վրա, սա ուղղակի հերթական փոքրոգության դրսեւորումն է։ Պետության, երկրի շահը ստորադասելու դրսեւորումն է։ Այն մեթոդները, այն ձեւերը, որ ընդդիմությունը փորձում է օգտագործել, ցանկացած հարց շահարկել, նոր չէ, եւ հիմա էլ հասել են երդման արարողությանը։ Սա իրենց կեցվածքն է, իրենց աշխատանքի մեթոդն է, ձեւն է, իրենց խնդիրն է։ Բայց ես կրկնում եմ՝ Սահմանադրական դատարանում արհեստականորեն ժամերով պայմանավորված ձգձգումներն ընդամենը մեկ նպատակ ունեն՝ ստվեր գցել երդման արարողության վրա, ստվեր գցել երկրի վրա, փորձել այս ընթացքը պահել եւ հասցնել մինչեւ ԱԺ ընտրություններ, ակնկալելով, որ ԱԺ-ում իրենք այս մթնոլորտի շնորհիվ ավելի ձայներ կստանան։ – Ես կարո՞ղ եմ այսպես հասկանալ ձեր շեշտադրումը՝ որ Սահմանադրական դատարանը մտադրվել էր մինչեւ երդման արարողությունն ավարտել վերոհիշյալ գործի քննությունը, ու քանի որ այդ բանը չհաջողվեց, վերագրվում է ընդդիմության, այսպես կոչված՝ ձգձգումներին։ – Ոչ, Սահմանադրական դատարանը նման խնդիր, կարծում եմ, չունի։ Կա երդման արարողության ժամանակակարգ եւ դա լինելու է։ Բայց ընդդիմությունը փորձում է ամեն ինչ անել, որպեսզի ՍԴ-ի վճիռը լինի ինոգուրացիայից հետո, որպեսզի սա եւս հետագայում դարձնի շահարկման առարկա։ – Սակայն ձեր ասած ընդդիմությունն ի վերջո վերացական չէ, այն ժողովրդի մի մասն է, գոնե, ըստ պաշտոնական տվյալների՝ մոտ կես միլիոն մարդ։ – Բնականաբար, ժողովրդի մի հատվածն է, եւ բնական է, որ ընտրությունների ժամանակ հասարակության մի մասը քվեարկում է մի թեկնածուի, մյուս մասը՝ մեկ այլ թեկնածուի օգտին եւ ցանկացած ընտրությունից հետո երկիրը շարունակում է իր բնականոն ընթացքը։ Ընդդիմության գործիչներն են, որ փորձում են բաժանել ժողովրդին, փորձում են հետագա գործընթացները, ապա ընտրությունների հետ կապված իրենց նպատակներն օգտագործել։ – Ձեր պատասխաններից ենթադրվում է, որ դուք արդեն գիտեք, թե ինչպիսի որոշում է կայացնելու Սահմանադրական դատարանը։ – Ես վստահ եմ, իբրեւ նախագահին աջակցող կուսակցության ներկայացուցիչ, որ նախագահն ընտրվել է ձայների հսկայական առավելությամբ, եւ որեւէ լուրջ պատճառ չկա, թե ՍԴ-ն այլ որոշում կկայացնի։ Թե ի՞նչ որոշում կկայացնի, կտեսնենք առաջիկա օրերին։ Հարցազրույցը՝ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել