ԱՌԱՋԸՆԹԱՑԸ ՏԵՍԱՆԵԼԻ Է Իսկ անելիքներ դեռ շատ կան Երբ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը արտագնա հանդիպումում պարտություն է կրում, ամբողջ պատվիրակությունը մի տեսակ ընկճված է լինում։ Անհաջողությունը, գուցե, ամենից ծանր, որպես Հայաստանում մարզաձեւի թիվ մեկ պատասխանատու, տանում է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը։ Իսպանիայից վերադառնալիս էլ նրա տրամադրությունը բարձր չէր, բայց զգացվում էր, որ այս անգամ ինչ-որ չափով բավարարված էր տղաների խաղից, սակայն՝ ոչ հաշվից։ Փարիզ-Երեւան օդանավում մեր ֆուտբոլային պատվիրակության հետ Իսպանիա մեկնած մարզական լրագրողները մի փոքրիկ ասուլիս կազմակերպեցին Ռ. Հայրապետյանի հետ։ – Ձեր կարծիքը մեր երկու հավաքականների խաղի մասին։ – Սկսեմ երիտասարդականից։ Այն մեր սպասելիքները չարդարացրեց։ Խայտառակ խաղ էր, որի համար Երեւանում մարզիչների հետ լուրջ քննարկելու եմ պատճառները։ Ինչ վերաբերում է ազգային հավաքականին, պարտությունը ոչ մի կերպ չի կարելի արդարացնել։ Բայց թիմը վերջապես ցույց տվեց, որ ունի ձեռագիր, դեմք եւ ապացուցեց, որ աշխարհի ցանկացած ուժեղ հավաքականի համար կարող է լուրջ մրցակից լինել։ Մեր հավաքականն Իսպանիայի հետ խաղում արեց այն, ինչ ես ասում էի դեռեւս տասն ամիս առաջ։ Իհարկե, շատ տխուր եմ հաշվի համար, սակայն կան նաեւ ուրախացնող փաստեր։ Սա նոր ստեղծվող հավաքական է եւ ապագա ունի։ Ամենակարեւորն այն է, որ տղաները ցույց տվեցին կամային բարձր որակներ եւ ապացուցեցին, որ կարող են որոշ դրվագներում նույնիսկ գերազանցել Իսպանիայի նման ահեղ հավաքականին։ Սա միայն իմ կարծիքը չէ։ Այդպես են արտահայտվում նաեւ իսպանական մամուլը, ֆուտբոլի մասնագետները։ Խաղը մեր հավաքականի համար շատ ծանր էր (այս մասին Ռ. Հայրապետյանի մեկնաբանությունները տպագրել ենք նախորդ համարում)։ Եվ եթե չլինեին օբյեկտիվ պատճառները, մերոնք կարող էին ավելի լուրջ մրցակից լինել։ Բոլորդ տեսաք, որ մեր թիմը մինչեւ 63-րդ րոպեն անառիկ պահեց դարպասը։ Բայց այդ ընթացքում ոչ թե դավանում էր պաշտպանությանը, այլ ցույց էր տալիս հարձակվողական ոճի ֆուտբոլ։ Ու բոլորը հիացած էին։ Այնուամենայնիվ, ես՝ որպես ֆեդերացիայի նախագահ, շատ ծանր եմ տանում, երբ պարտվում է մեր ազգային ընտրանին։ Բայց անհաջողություններից պետք չէ հուսահատվել։ Անհրաժեշտ է անել հետեւություններ եւ աշխատել հավաքականը հասցնել այն բարձունքին, որին արժանի է։ – Եթե ազգային հավաքականի առաջընթացն ակնհայտ է, չե՞ք կարծում, որ երիտասարդականի պարտության պատճառը բարոյահոգեբանական պատրաստվածության մեջ է։ – Երիտասարդական հավաքականը մի փոքր այլ հարթության վրա է։ Թիմը խաղային ոչ մի դրվագում աչքի չընկավ։ Ավելին, նրանց գործողություններում ես շատ ավելի վատ բաներ նկատեցի։ Ակումբների ֆուտբոլիստները դաշտում փնտրում էին «յուրայիններին», փոխանցումները միմյանց կատարում։ Դրա համար ես նրանց պատժելու եմ։ Նրանք պետք է հասկանան, որ հավաքականը միասնական թիմ է, որ ֆուտբոլ խաղում են 11 հոգով։ Ձախողումը հենց դրանից եկավ՝ բաց թողեցինք հինգ գոլ, որից երկուսն ինքներս մեզ խփեցինք։ Սա ասում է, որ հավաքականը համախմբված չէր։ Կատարվածից հետեւություններ ունենք անելու։ Բավականին աշխատանքներ պետք է տարվեն հատկապես երիտասարդական հավաքականի հետ՝ սկսած մարզիչներից, թիմի պետից, մինչեւ խաղացողները։ Այս խնդիրներով անձամբ եմ զբաղվելու։ Ժամանակ է պետք։ Բայց ամեն բան կկարգավորենք։ – Ազգային հավաքականում շատերն արդեն «հնաբնակ» են։ Սպորտի դաժան օրենքն է. մի օր տեղը պետք է զիջել երիտասարդներին։ Ֆուտբոլն առաջ է ընթանում, զարգանում է։ Սերնդափոխությանն ինչպե՞ս եք նայում, ի՞նչ ճանապարհներ եք տեսնում։ – Սերնդափոխությունը արագ, մեկ կամ երկու տարում չի լինում։ Այդպիսի սերնդափոխություն արդեն ունեցել ենք 1975 թվականին, երբ մի ֆուտբոլիստ անձնական ամբիցիաներով, թեւկապի համար մի անգամից կոտրեց ամբողջ փայլուն թիմը։ Ու դրանից հետո մինչեւ այժմ մենք ֆուտբոլ չունենք։ Սերնդափոխությունը, եթե նկատում եք, արդեն սկսված է։ Ունենք երեք երիտասարդներ, որոնք փուլային այս շրջանում ամրապնդվել են հավաքականի հիմնական կազմում՝ Արտավազդ եւ Արման Քարամյանները եւ Եղիշե Մելիքյանը։ Ինձ շատ է ուրախացնում հատկապես Եղիշեն։ Նա երկու խաղում ցույց տվեց իր արժանիքները եւ կարող է դառնալ հավաքականի առանցքային խաղացողներից մեկը։ Ես գտնում եմ, որ սերնդափոխությունը պետք է ընթանա աստիճանաբար, առանց ցնցումների։ Բարոյական առումով էլ չպետք է մոռանալ, որ այսօրվա «հնաբնակները» մոտ տասը տարի հավաքականի ծանր լուծն իրենց ուսերին են տարել։ Նրանք էլ պետք է տեսնեն այն արդյունքները, որ բոլորս ենք տեսնելու։ Դրանք պետք է ձեռք բերվեն հենց նրանց հետ։ – Իսպանիայում տեսանք, թե կուռքերն ինչպիսի պատրաստակամությամբ ու հաճույքով էին շփվում երկրպագուների, հատկապես պատանիների ու երիտասարդների հետ։ Դա ֆուտբոլի մասսայականացման ու զարգացման կարեւոր բաղադրիչներից է։ Այս հարցում մենք ընդօրինակելու բան ունե՞նք։ – Մեր տղաներն էլ երբեք չեն խուսափում ֆուտբոլասերների հետ շփվելուց։ Ընդհակառակը, շոյված են զգում, հպարտանում են։ Մասսայականության առումով Հայաստանը չես համեմատի Իսպանիայի հետ։ Երբ «Ռեալի» խաղացող Ռոբերտո Կառլոսը տիկնոջ հետ եկավ «Անտոնիո Ամիլիվիա» ստադիոն եւ բարձրացավ օթյակ, ես ուշադիր հետեւում էի նրան։ Ամբողջ 30 րոպե նա հնարավորություն չունեցավ տիկնոջ հետ բառ անգամ փոխանակելու։ Փոխարենը, առանց ձանձրանալու, ժպտալով շոյում էր երեխաների գլուխը, համբուրում ու ինքնագիր բաժանում։ Ու դա շատ ճիշտ էր եւ հաճելի։ – Երկու խաղերի արդյունքում ֆեդերացիան հավաքականի գլխավոր մարզչի ընտրության հարցում ի՞նչ կարող է ասել։ – Դրանից առաջ էլ համոզված էի, որ մարզչի ընտրության հարցում չենք սխալվել։ Բայց քանի որ հարցը տրվեց, պատասխանեմ. երկու հանդիպումներում արդեն իսկ երեւում է, որ հավաքականն ունի դեմք, տեսանելի է մարզչի ձեռագիրը, միտքը, որոնք արտացոլվում են հավաքականի խաղում։ ՀՖՖ նախագահն ամենայն խստությամբ արտահայտվեց նաեւ երիտասարդական հավաքականի ավագ Կարեն Մուրադյանի մասին, նրա քայլը որակեց դավաճանություն, խոսեց արդեն իսկ ձեռնարկված քայլերի եւ անելիքների մասին։ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ