Լրահոս
Օրվա լրահոսը

Եզրահանգումը՝ «Ո՛չ մահապատժին»

Ապրիլ 08,2003 00:00

Եզրահանգումը՝ «Ո՛չ մահապատժին» Ապրիլի 4-6-ը Ծաղկաձորի «Գրողների տանը» «Մահապատիժ». կողմ եւ դեմ մոտեցումներ Հայաստանում» թեմայի շուրջ սեմինար անցկացվեց: Այդպիսով Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամի եւ Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնը համատեղ քննարկումների շարք է սկսել մահապատժի վերացման թեմայի շուրջ: Սեմինարի բացումը կատարեցին Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Աղասի Ենոքյանը եւ Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամի ներկայացուցիչ Ասպարուխ Պանովը: Յուրաքանչյուր նիստի համար առանձնացված էր մեծ նյութին առնչվող մեկ թեմա, ինչպես՝ «Մահապատիժը եւ Հայաստանի քաղաքական իրողությունները», «Հայաստանի պարտավորությունները Եվրոպայի խորհրդի առջեւ եւ մահապատժի վերացումը», որի մասին զեկույցը ներկայացնում էր Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Նատալյա Վուտովան, «Մահապատիժ. իրավական եւ քրեական մոտեցումներ», «Հայ Առաքելական եկեղեցու վերաբերմունքը մահապատժի նկատմամբ» /զեկույցը ներկայացնում էր Հոգեշնորհ տեր Արշեն աբեղա Սանոսյանը/, եւ «Ժամանակակից ժողովրդավարական համակարգը եւ մահապատիժը»: «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանը, որ արծարծում էր «Մահապատժի քաղաքական նշանակությունը եւ 1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը» թեման, Հայաստանում մահապատժի դատապարտված 36 անձանց հարցին անդրադառնալով նկատեց. «Ինձ համար անհասկանալի է՝ նրանք ինչ պատիժ են կրում: 8230Անշուշտ, մահապատժի ի կատար ածումը պայմանավորված է մահապատժի ի կատար ածելու կարգի մասին օրենքով: Մինչեւ հիմա Հայաստանում այդպիսի օրենք գոյություն չունի: Այդ դեպքում ի՞նչ դատավճիռ են կայացրել դատավորները: Մենք ունենք ՀՀ օրենքը իրավական ակտերի մասին, որում հստակ ասված է, որ այն օրենքի հոդվածները, նորմերը, որոնց իրականացումը պայմանավորված է մեկ այլ նորմատիվ իրավական ակտի գոյությամբ, ապա տվյալ նորմերը իրավական ուժի մեջ են մտնում համապատասխան իրավական ակտի, նորմի ուժի մեջ մտնելու պահից: Դա նշանակում է, որ Քրեական օրենսգրքի այն հոդվածները, որտեղ մահապատիժ է նախատեսված, մինչեւ հիմա իրավական ուժի մեջ մտած չեն: Սա նաեւ նշանակում է, որ գուցե որոշումները մահապատժի արդար են, բայց դրանք օրինական չեն: Կարծում եմ, որ օրինապահ իշխանությունների պարագայում դատախազը պետք է բողոքարկի այդ որոշումները եւ մահապատժի որոշումները փոխվեն տվյալ ժամանակվա Քրեական օրենսգրքով նախատեսված այլ պատժով»: Զեկուցողը հոկտեմբերի 27-ի ոճրագործների հետ կապված՝ մահապատժի ենթարկել-չենթարկելու տեսակետներին անդրադարձավ: Կարծիք է հայտնվում, թե հոկտեմբերի 27-ի ոճրագործների համար պետք է բացառություն անել, կիրառել մահապատիժ, այնուհետեւ վերացնել մահապատիժը որպես բացահայտ պատժամիջոց: «Մենք մահապատժի գոյությունը չենք պայմանավորում հոկտեմբերի 27-ի ոճրագործներին պատժելով: Եթե Հայաստանի ժողովուրդը կգտնի, որ պետք է մահապատիժը վերանա, ապա այն պետք է վերանա բոլորի համար»,- ասաց Զեյնալյանը՝ շեշտելով անաչառ, անկողմնակալ, օրինական դատարան ունենալու պարտադիր առկայությունը: «Խոսքի ազատության աջակցության հիմնադրամի» նախագահ, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը ընդգծեց սեմինարիստների գերակշռող այն կարծիքը, որ. «Մահապատիժ կիրառելու իրավունք նշանակում է որեւէ մեկին կյանքից զրկելու իրավունք:8230Հարկավոր է հասկանալ, որ մահապատիժը, ինչպես եւ ցանկացած սպանություն, որեւէ կերպ շտկման ենթակա չէ:8230Թվում էր, թե Հայաստանի՝ Եվրախորհրդին անդամակցելուց հետո մահապատժի հարցը մեր իրականության մեջ արդեն լուծված պետք է համարվեր:8230Իսկ ո՞վ կարող է ասել՝ մահապատժի ենթարկվածը իրեն պատժված զգո՞ւմ է: Ենթադրենք հասարակությունը, հագուրդ տալով վրեժի իր ծարավին, մարդուն ենթարկեց մահապատժի՝ առանց հասկանալու, թե ինչ է մահը, որով պատժում է հանցագործին, իսկ հանցագո՞րծը, արդյոք նա պատժվեց: Արդյո՞ք մահը պատիժ է»: Փաստաբան Մելանյա Առուստամյանը մի նկատառում հայտնեց. «Երբ ամբողջ Եվրոպան միջնադարում ինկվիզիցիաներ էր կատարում եւ մահապատժի սարսափելի ձեւեր ուներ, հայ իրականության մեջ Մխիթար Գոշը եւ Սմբատ Սպարապետը մահապատժի վերացման մասին էին խոսում: Եվ այսօր մենք, երբ ուզում ենք եվրոպականանալ, պետք է հիշենք, որ մեր ազգային մտածելակերպի մեջ, որպես քրիստոնյա ժողովրդի, անհամատեղելի է եղել մահապատիժը: 1991թվից մինչ օրս ոչ մի մահապատիժ չի կիրառվել, բայց արյան վրեժի շարժառիթներով մեր երկրում սպանություն չի կատարվել»: Խոսվեց հանցանքի եւ պատժի համարժեքության, հին ու նոր պատժաձեւերի, ցմահ դատապարտվածության, մահապատիժը որպես վրեժխնդրության դրսեւորում, քրիստոնեական արժեքների եւ մահապատժի գաղափարի հակադրությունների եւ բազում այլ հարցերի մասին: Քննարկումը եզրահանգեց նույն գաղափարին, ինչով մասնակիցները եկել էին սեմինարի, այն է՝ վերացնել մահապատիժը Հայաստանում: Ս. ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել