Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԶՈՐԱՑՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ

Ապրիլ 08,2003 00:00

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԶՈՐԱՑՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ «Առանց զարգացած տեղական ինքնակառավարման համակարգի՝ զարգացած երկիր չի կառուցվում»,- համոզված է «Հզոր Հայրենիք» կուսակցության նախագահ Վարդան Վարդապետյանը։ – Պարոն Վարդապետյան, մայիսի 25-ի Ազգային ժողովի ընտրություններին մասնակցում են ավելի քան 20 կուսակցություններ, հասարակական-քաղաքական դաշինքներ, միավորումներ։ «Հզոր Հայրենիքը» ընտրություններին մասնակցում է փաստացի միայնակ։ Ինչո՞ւ որոշեցիք ընտրություններին գնալ առանց դաշինքի, եթե հաշվի առնենք, որ ընդամենը 3-4 ամիս առաջ խոսվում էր ԺԴԿ-ի եւ «Արժանապատիվ ապագայի» հետ դաշինք կազմելու մասին։ – Ճիշտ եք։ Կուսակցությունների հետ բանակցություններ ընթանում էին, սակայն ի վերջո եկանք այն եզրահանգման, որ այս անգամ էլ պետք է մասնակցենք ընտրություններին առանց դաշինքի։ Ի դեպ, 1999-ի ԱԺ ընտրություններին մենք ստացել ենք ընտրողների ձայների 2,8%-ը եւ դա այն դեպքում, երբ կուսակցությունը դեռ նոր էր ստեղծված։ 4 տարվա ընթացքում մենք ավելի ենք հզորացել եւ այսօր «Հզոր Հայրենիքը» ողջ հանրապետությունում ունի բազմաթիվ տարածքային կազմակերպություններ։ Եվ ավելի քան 10.000 անդամներ։ – Դուք հայտնի եք առավելապես որպես «Ջավախքյան» կուսակցություն։ Ի՞նչ կասեք այդ մասին։ – Անկեղծ ասած, այդ անվանումը պայմանավորված է նրանով, որ կուսակցության ստեղծման օրվանից «Ջավախք» հայրենակցական միությունը սերտորեն համագործակցում է «Հզոր Հայրենիք» կուսակցության հետ։ «Ջավախք» հիմնադրամի միջոցով ակտիվորեն օգնություն ենք ցուցաբերում Ջավախքում ապրող մեր հայրենակիցներին, կազմակերպում երեւանյան մշակութային օրեր Ջավախքում, հայերեն գրքերի հատկացում տեղի դպրոցներին, իրականացնում ենք ուսումնական հաստատությունների վերանորոգումներ։ Սակայն այս տարիների ընթացքում «Հզոր Հայրենիքը» սկսեց համագործակցել նաեւ այլ հասարակական-քաղաքական կազմակերպությունների, հայրենակցական միությունների հետ։ Այսօր մեր համամասնական ցուցակում է նաեւ «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավարը։ – Հետաքրքրիր է նաեւ այն փաստը, որ ձեր ցուցակում ընդգրկվեց Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը։ Ինչո՞վ է պայմանավորված այդ հանգամանքը։ – Կարծում եմ, այդ հարցին ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հանգամանորեն պատասխանեց պրն Նազարյանը։ Կցանկանայի ավելացնել, որ բացի մարդկային մեր լավ հարաբերություններից, մայրաքաղաքի կառավարման այս ողջ ընթացքում, առնչվելով քաղաքի բազմաթիվ պրոբլեմներին, հստակ պատկերացնում ենք, թե ինչպիսի լուծումներ են անհրաժեշտ։ Եվ այս առումով կարեւորում ենք Երեւանի կարգավիճակի փոփոխության խնդիրը։ Գտնում ենք, որ մայրաքաղաքի մասին ԱԺ-ում հատուկ օրենքի ընդունումը անհրաժեշտություն է։ Այս ամենը մանրամասնորեն ընդգրկված է «Հզոր Հայրենիքի» ծրագրում։ Ամբողջ աշխարհում, զարգացած երկրներում տեղական ինքնակառավարման համակարգը համարվում է երկրի՝ պետության հիմքը։ Ինչպիսին կլինի այդ հիմքը՝ այդպիսին կլինի նաեւ երկիրը։ «Հզոր Հայրենիքը» այն եզակի կուսակցություններից է մեր քաղաքական դաշտում, որ իր ծրագրերում հատուկ ուշադրություն է դարձնում երկրի տեղական ինքնակառավարման համակարգի բարեփոխումներին։ Ես երկար տարիներ աշխատելով այս համակարգում, առավել քան պատկերացնում եմ, թե ինչպիսի փոփոխություններ են անհրաժեշտ այս ոլորտում մեր երկրի զարգացման համար։ Իսկ բարեփոխումների հիմնախնդիրների եւ անհրաժեշտ աշխատանքի ընթացքի վերաբերյալ «Հզոր Հայրենիքի» իմ եւ Ռ. Նազարյանի տեսակետները լիովին համընկնում են։ Եվ դրանով է պայմանավորված քաղաքապետի՝ մեր կուսակցության մեջ ընդգրկվելը։ Համոզված եմ, որ եթե մենք ներկայացված լինենք ԱԺ-ում, ապա Երեւանը եւ երեւանցիները՝ ի դեմս «Հզոր Հայրենիքի», կունենան, լավ իմաստով, «քաղաքական տանիք»։ – Օրերս ԱԺ-ն որոշեց նախագահի կողմից առաջարկված սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնել։ Ի՞նչ կասեք այդ մասին, Ձեզ գոհացնո՞ւմ են մասնավորապես Երեւանի կառավարման կարգավիճակի փոփոխման դրույթները։ – Ասեմ, որ «Հզոր Հայրենիքը» պաշտպանում է սահմանադրական փոփոխությունների նախագիծը, միաժամանակ նշեմ, որ կուսակցությունն իր առաջարկություններով մասնակցում էր սահմանադրական փոփոխությունների տարբերակների մշակմանը եւ մեր առաջարկությունների մեծ մասը տեղ է գտել այս նախագծում։ Միաժամանակ «Հզոր Հայրենիքը» կողմ է, որ Երեւանի քաղաքապետի պաշտոնը լինի ընտրովի, ինչը, կարծում եմ, ոչ հեռու ապագայի խնդիր է, եւ ժամանակն է նաեւ, որ ընդհանրապես հանրապետության մարզերի կարգավիճակը հստակեցվի։ Եվ եթե մենք գալիք խորհրդարանական ընտրություններին հաղթահարենք 5%-ի պատնեշը եւ մտնենք խորհրդարան, ապա այս բոլոր խնդիրները բարձրացնելու ենք։ Այսպես ավելի ճիշտ կլինի արտագաղթին դեմ կանգնել եւ փոխարենը խթանել ներգաղթը, որն ավելի հեշտ է կազմակերպել մերձավոր սփյուռքից։ – Ո՞րն է Ձեր տնտեսական ծրագրերի մեխը, երկրի զարգացման առումով, ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս կարելի է հանրապետությունը դուրս բերել ճգնաժամից։ – Մեր կարծիքով, մարդկանց սոցիալական վիճակի բարելավման կարեւորագույն գործոններից է արտաքին ներդրումների խթանումը։ Առանց դրա նոր աշխատատեղեր չեն ստեղծվի։ «Հզոր Հայրենիքը» մեր քաղաքական դաշտում միակ կուսակցությունն է, որ այս 4 տարիների ընթացքում կարողացել է լայն կապեր հաստատել Ռուսաստանի, Վրաստանի եւ ԱՊՀ երկրների հայ համայնքների հետ։ Այդ երկրներում կան հայ գործարարներ, ովքեր մեծ հաջողությունների են հասել։ Մեր կուսակցությունն աշխատելով այդ գործարար շրջանակների հետ, ծանոթ է նրանց խնդիրներին եւ գիտի նաեւ, թե ինչպես շահագրգռել նրանց վերադառնալ Հայաստան։ Հաշվի առնելով այս ամենը՝ «Հզոր Հայրենիքը» մշակել է տնտեսական օրենսդրական նախագծերի փաթեթ, որի ընդունելու դեպքում մենք այդ գործարարներին կընձեռենք հնարավորություններ։ Ես համոզված եմ, որ նրանք կգան Հայաստան, երբ վստահ լինեն, որ այս երկրի օրենքներն աշխատում են հօգուտ ներդրողի եւ այդ վստահությունը ցանկանում է ապահովել «Հզոր Հայրենիքը» իր գործելակերպով։ Զրուցեց ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930