Թարս գործ Կամ անհաջող բիզնես Մարտի 4-ին Երեւանի թիվ 141 միջն. դպրոցի երեխաները սպասում էին ամերիկյան խոստացված ծանրոցները ստանալու: Աշակերտներից մեկի վկայությամբ, դպրոցի դահլիճում ավելի քան մեկ ժամ սպասելուց հետո իրենց ասել էին, թե նվերները կստանան Նոր Նորքում գտնվող Սուրբ Գեւորգ եկեղեցուց: Առժամանակ անց եկեղեցու բակը վերածվել էր «մարտադաշտի». ծնողների ու ծանրոցներ բաժանող կազմակերպության՝ «Խաղաղություն աշխարհին եւ Սուրբ Գեւորգ» բարեգործական միության ղեկավար Սիլվա Եղիազարյանի միջեւ բանավեճ-կռիվ էր սկսվել, որն ավարտվել էր տիկին Սիլվային քաշքշել-հրմշտելով: Արդյունքում նրա համար շտապ օգնություն էին կանչել: Բայց ամեն ինչ սկսենք սկզբից: Աշակերտներն իրենց ծնողների հետ եկել էին նույն օրն իրենց բաժանված նվերները ետ տալու եւ, իրենց ասելով, դրա դիմաց վճարած 700 դրամը ետ ստանալու համար: Տեղում եղանք, բաժանված նվերը տեսանք՝ թափանցիկ ցելոֆանե տոպրակ էր: 3-4-րդ դասարանցի մի աղջնակի բաժին էին հասել կանացի զուգագուլպաներ, տոնածառի փոքրիկ խաղալիք, մոտ 1 տարեկան երեխայի գործած շալվարիկ, 1-2 գունավոր թուղթ ու ամենակարեւորը՝ ռուսական արտադրության ատամի մածուկ: Ակնհայտորեն՝ նվեր ասվածը 700 դրամ չարժեր: «Մեզ դեռ մեկ տարի առաջ խոստացել էին որպես օգնություն երեխաներին ծանրոցներ տալ: Բայց հետո մեր նախապես վճարած 700 դրամը ետ տվեցին ու ասացին՝ չի ստացվում: Հետո՝ արդեն երկու ամիս առաջ, էդ փողերը նորից հավաքեցին, կտրոններ տվեցին: Իսկ երեկ էդ կտրոնները նորից փոխել են, բաժանել նոր կտրոններ կապույտ ու կարմիր կնքիներով՝ տակը գրված, որ գումարը ոչ թե ծանրոցի, այլ համերգի համար է»,- պատմեց ծնողներից մեկը՝ վստահեցնելով, թե իրենք միայն այդ ժամանակ են իմացել, որ ինչ-որ համերգ է լինելու: Իսկ համերգ ասվածը բարեգործական ճաշարանի սրահում «ռաբիսի» անճաշակ կլկլոցն էր, որն անգամ դրսում հավաքվածներին հետաքրքիր չէր, որովհետեւ նրանք իրենց գումարն էին ետ պահանջում: Կանանցից մեկը, որ ներկայացավ որպես աշակերտներից մեկի տատիկ՝ Արուսյակ Շեկոյան, պարզաբանեց, թե կապույտ կնիքներով կտրոններ ներկայացնողները ստանում են, իրոք, ԱՄՆ-ից ստացված ծանրոցներ, իսկ կարմիները՝ «ցելոֆանե տոպրակ՝ զիբիլը մեջը լցրած», ու եթե չես համաձայնում, ասում են՝ վաղը կգաս, գումարը ետ կվերցնես: «Հարցը դրամը չի, այլ մեզ հիմարի տեղ դնելը»,- վրդովված բողոքում էր Ա.Շեկոյանը, որը վստահեցնում էր, թե մանկավարժներին ու ծանոթներին տվել են կապույտ, մյուսներին՝ կարմիր կնիքներով կտրոններ: Մենք այս բողոքները փոխանցեցինք Ս. Եղիազարյանին ու ստացանք նրա պարզաբանումները: «Նվերները գումարով չի: Գումարով նվեր չեն բաժանում: Կտրոնների վրա գրված է, որ գումարը համերգի համար է»,- իրեն ներկայացված դժգոհություններին առարկեց տիկին Սիլվան՝ հերքելով նաեւ ծանոթ-բարեկամներին «լավ» ծանրոց տալու հանգամանքը: «Ես 15 տարի առաջ՝ 88-ի դեկտեմբերի 3-ին կլինիկական մահ եմ տարել ու մինչեւ այսօր բարեգործություն եմ անում: Մեծահարուստի աղջիկ եմ եղել: Ստացածս ժառանգությունն ու ամուսնուս հետ վաստակածը բաշխել եմ մարդկանց՝ Գյումրիում, Սպիտակում, Ղարաբաղում: Երկրաշարժի տուժած 52 ընտանիք իմ տանն եմ պահել ու մինչ օրս էլ զբաղվում եմ բարեգործությամբ»,- ասում էր տիկին Սիլվան՝ մանրամասնելով, որ երեխաների համար այդ օգնությունը ստացել են Ավետարանչական եկեղեցու հետ համագործակցության արդյունքում: Վերջինս որպես օգնություն կազմակերպության միջոցով աշակերտներին պետք է տար 750 ծանրոց, բայց հատկացրել էր միայն 300-ը: «Ես էլ իմ գումարով հայթայթեցի, ինչ-որ բաներ գնեցի, դրեցի տոպրակների մեջ, որ մարդիկ դատարկաձեռն չգնան: Իսկ մեր սիրելի ժողովուրդը…»,- դառնությամբ ասում էր տիկին Սիլվան, որն այս անգամ, իր ասելով, ստիպված էր իր գրպանից վճարել նաեւ ծնողների պահանջած 700-ական դրամները: Սեփ. լր.