Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՐԱՄԵԼԸ ԿԱՐԲԻԴԻՑ ՈՒ ԽՈՍՏՈՒՄԻՑ ՀԱՄԵՂ Է

Ապրիլ 08,2003 00:00

ԿԱՐԱՄԵԼԸ ԿԱՐԲԻԴԻՑ ՈՒ ԽՈՍՏՈՒՄԻՑ ՀԱՄԵՂ Է «Ընկեր ժուռնալիստ, դու կարող ա՞ իմանաս էն խիմզավոդը երբ պիտի աշխատի»,- մի տարեց վանաձորցու հարցը առիթ դարձավ, որ ի մի բերենք այն պաշտոնական հավաստիացումները, որոնք տրվել են Վանաձորի՝ 1998թ. սեփականաշնորհված քիմգործարանը եւ նրա բախտակից քիմմանրաթելերի գործարանը վերագործարկելու վերաբերյալ։ 2000թ. հունիսին, երբ արդեն անցել էր 1998թ. նոյեմբերի 6-ին Լոռու մարզպետարանում կայացած խորհրդակցության ժամանակ համալիրի սեփականատերերի կողմից տրված խոստման ժամկետը (2000թ. 1-ին կիսամյակում համալիրի գործարանների՝ արտադրանք տալու մասին), Լոռու մարզպետը մարզխորհրդի նիստում հույս է հայտնում, որ համալիրը սեպտեմբերից կսկսի աշխատել եւ մինչեւ տարեվերջ կթողարկի 1-1,5 միլիարդ դրամի արտադրանք։ Ընդհանրապես, 2000թ. սկսած, կողմնակի պաշտոնատարները ավելի շատ են խոստացել համալիրը վերագործարկել, քան՝ համալիրի սեփականատերերը։ Նույնիսկ Վանաձորի քաղաքապետն էր իր նախընտրական-վերընտրական ելույթներում հավաստիացնում, թե գործարանը «ուր որ է» աշխատելու է։ 2002թ. մայիսին, երբ արդեն ԱԺ ամբիոնից սկսեցին հարցադրումներ արվել՝ համալիրի չաշխատելու առթիվ, խոստանալու հերթը հասավ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարին, որը գազի ձեռքբերման վերաբերյալ բանակցությունները վկայակոչելով, հավաստիացրեց, որ քիմգործարանը 15-20 օր հետո կաշխատի։ Իսկ երբ քիմիական համալիրի բաժնետոմսերի 50%-ը առանց ժողովրդի, նախարարի կամ ԱԺ պատգամավորների կամքը հարցնելու հայտնվեց բրիտանական «Ռանսաթ» ընկերության ձեռքում, խոստանալու հերթը հասավ վերջինիս տնօրենին, որը նույնիսկ զարմացել էր, թե ինչո՞ւ իր նախորդը չի աշխատեցրել գործարանը։ Ամիսներ անց քիմիական համալիրի թեման արդեն դարձավ ընդդիմության համար իշխանությունների դեմ հակաքարոզչության լավագույն խաղաքարտերից մեկը։ ՀՀ նախագահն արդեն իր ելույթներում սկսեց արդարանալ, թե 2001թ. հոկտեմբերին, երբ քիմգործարանը վերագործարկելու պաշտոնական ժապավենը կտրվեց, նպատակը եղել է «ֆիքսելը», որ գործարանը պատրաստ է աշխատելու։ «Մենք ունեցել ենք ուղղակի ավերակներ։ Գերխնդիր է եղել վերականգնել ձեռնարկությունը։ 20 միլիոն դոլար է ներդրվել։ Ձեռնարկությունը պատրաստ էր աշխատել, բայց, պարզվեց, որ այն ետ է մնացել իր տեխնոլոգիաներով։ Շատ ակտիվ փնտրում ենք ներդրումների աղբյուրներ» (մեջբերում ՀՀ նախագահի նախընտրական ելույթից)։ Հատկանշական է, որ այս առնչությամբ նախագահի եւ առեւտրի ու տնտեսական զարգացման նախարարի տեսակետները էապես տարբերվում են. վերջին մի քանի ամիսներին նախարարը հաճախակի մեղադրում էր «Ռանսաթին»՝ իր ներդրումային պարտավորությունները չկատարելու մեջ (բա մինչեւ «Ռանսա՞թը» ով էր մեղավոր։ – Գ. Հ.), մինչդեռ, փաստորեն, նախագահը մեղքը գցում է «հնացած տեխնոլոգիաների» վրա։ Ի դեպ, հարկ է նկատել, որ այդ գործարանները մինչեւ 1998 թիվը իսպառ անգործության չէին մատնվել (ինչպես փորձ է արվում ներկայացնել իշխանությունների կողմից)։ «Թալանվելու» մասին պնդումներին ի հակակշիռ, ստույգ ոչինչ չենք կարող ասել, բայց որ դրանք 1989-98թթ. տարբեր ժամանակահատվածներում տարբեր տեւողությամբ աշխատել են, բազում ապացույցներ կան (նախեւառաջ՝ պաշտոնական մամուլում)։ Թերեւս, լավագույն զավեշտը կարելի էր համարել այն, որ նախագահի նախընտրական հոլովակներից մեկում (որը պաշտոնական գովազդի տեսքով չէր, այլ՝ սովորական հաղորդման) քիմգործարանի հաջողությունների «սկիզբը» կապվեց «Ռանսաթի» հետ։ Իսկ ներկայումս պաշտոնական շրջանակներում խոսակցություններ կան, որ քիմիական համալիրի բաժնետոմսերի 50 տոկոսը (թե ո՞ր 50-ը՝ պարզ չէ) կտնօրինի «Գրանդ-Հոլդինգը»։ Թե ինչ է դրանից դուրս գալու, կերեւա մոտ ժամանակներս: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել