Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ ուզում են զոհաբերել»

Ապրիլ 08,2003 00:00

«Մեզ ուզում են զոհաբերել» «Կանազ» մշակույթի ու կրթության կենտրոնի աշխատակազմը երեկվա ժողովում որոշում է կայացրել բաց նամակով դիմել ՀՀ արդյունաբերության եւ մշակույթի, սպորտի ու երիտասարդության նախարարություններին՝ առաջարկելով ասել այն «փրկագինը», որը վճարելու դեպքում կարող են «ձեռք քաշել» իրենցից: Հիշեցնենք, որ «Կանազ» գործարանը դեռեւս 1995-96 թվականներից «Ապավեն» բեռնափոխադրման կազմակերպությանը պարտք է 54 հազար ԱՄՆ դոլար, դրան գումարվել է նաեւ 20 000 ԱՄՆ դոլար տուգանքը, որի համար «Ապավեն» կազմակերպությունը դիմել է Տնտեսական դատարան՝ պահանջելով գույքային հատուցում: Իսկ այդ հատուցումը կարող է լինել կա՛մ «Կանազ» մշակույթի պալատը, կա՛մ սպորտային համալիրը, կա՛մ սոցիալական օբյեկտները՝ ճամբարներ, մանկապարտեզ: «Կանազ» ՓԲԸ խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Ռոբերտ Ենգոյանից հետաքրքրվեցին, թե որքանով է դա համապատասխանում իրականությանը: «Ճիշտ է, ճիշտ է: Մենք «Ապավենին» պարտք ենք 54000 ԱՄՆ դոլար, դրան ավելացած կլինի երեւի 18 թե 20 000 ԱՄՆ դոլար տուգանքը: Կարծեմ՝ 18.000»,- ասաց Ռոբերտ Ենգոյանը, որն անգամ չկարողացավ նշել իր գլխավորած գործարանի կուտակած պարտքի կոնկրետ չափը: Նրա հավաստմամբ, ապրիլի 11-ին նշանակված դատավարությունը չի կարող կայանալ, քանի որ ինքը դեռ չի հասցրել վերոնշյալ օբյեկտների սեփականության փաստաթղթերը ձեւակերպել. «Մինչեւ ամսի 11-ը չենք հասցնի: «Ապավենը» չի ասել, որ անպայման պալատն է ուզում: Դատարանն է որոշելու, թե որն է տալու նրանց: Իմ կարծիքով, այդքան պարտքի դիմաց դժվար թե պալատը տան»,- գուշակում էր Ենգոյանը: Ըստ նրա, «Կանազ» ՓԲԸ-ն պետք է լուծարեն, որից հետո պիտի գործարանի ենթակայության ներքո գտնվող օբյեկտները հանձնեն այս կամ այն կազմակեպության ենթակայությանը: Ի պատասխան Ռոբերտ Ենգոյանի այս դիտարկմանը՝ «Կանազ» մշակութային կենտրոնի տնօրեն Մանվել Սարիբեկյանն ասաց. «Հիմա պետք է լուծարվի «Կանազը», որից հետո պիտի որոշվի մեր «բախտը»: Այդ «բախտն» էլ հիմա այսպես են ուզում որոշել՝ դատարանի միջոցով ու «գույք՝ պարտքի դիմաց» ձեւակերպմամբ»: Մանվել Սարիբեկյանի հավաստմամբ, Արաբկիր համայնքի նախկին թաղապետ Ֆելիքս Յայլոյանի պաշտոնավարության ժամանակ արդեն իսկ վաճառվել է համայնքային նշանակություն ունեցող երեք մշակույթի տուն, որից հետո, փաստորեն, որոշել են անցնել «Կանազին», եւ նման ճակատագրի չարժանանալու համար, որոշել են բաց նամակով դիմել համապատասխան նախարարություններին, որպեսզի վերջիններս կենտրոնի ղեկավարությանն ու կոլեկտիվին հնարավորություն ընձեռեն բանակցային եւ փոխշահավետ մշակութապահպան գործընթացներ ծավալել: «Թող կոլեկտիվին ժամկետ ու հնարավորություն տան եւ ասեն, թե որն է այդ փրկագինը, որպեսզի մենք կարողանանք ծրագիր ներկայացնել եւ այդ փրկագինը գտնել: Կազմակերպություններ կան, որոնց կարող ենք դիմել՝ թե համատեղ ինչ-որ բան անելու, թե պարզապես ներդրումների միջոցով տալ այդ փրկագինը, որ դրանք մեզանից ձեռք քաշեն,- ասաց Մանվել Սարիբեկյանը՝ շարունակելով,- «Ապավեն» կազմակերպությունը բեռների փոխադրման կազմակերպություն է, որոնք ընդամենը գիտեն, որ այդ շենքը սիրուն է: Այդքանով գիտեն: Նրանց նպատակն այն է, որ իրենց բեռը չգողանան, այլ ոչ թե իրենք գան ու ցանկանան այդ գործունեությունը շարունակել: Կոլեկտիվն ասում է, որ մենք չենք դիմակայում վաճառել-չվաճառելուն, բայց վերջին հաշվով ո՞վ կտա երաշխիք, որ այդ տիպային մշակույթի կենտրոնը շարունակելու է ծավալել ինքն իր գործունեությունը: Մարդիկ տարիներով աշխատել են ու փաստորեն այդ ամբողջը ջուրն է ընկնում: Պարտքի դիմաց գույք է վերցնում, բայց ի՞նչ պայմաններով»: Մշակույթի պալատի տնօրենի հավաստմամբ, կոլեկտիվը շատ մարտական է տրամադրված, ու անելու է ամեն ինչ, որպեսզի պահպանի այն: «Մենք փաստորեն զոհ ենք, այդ պարտքերից ոչ մի լումա մեր կենտրոնի համար չի ծախսվել, բայց հիմա որոշել են մեզանով այն մարել»,- հայտարարեց Մ. Սարիբեկյանը: ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել