Լրահոս
Օրվա լրահոսը

Դավադիր փախուստ

Ապրիլ 05,2003 00:00

Դավադիր փախուստ Երիտասարդական հավաքականի ավագ Կարեն Մուրադյանն Իսպանիայից չվերադարձավ Ի տարբերություն ազգայինի, Հայաստանի երիտասարդական հավաքականն Իսպանիայում 0։5 հաշվով խայտառակ պարտություն կրեց։ Ընդ որում, գոլերից երկուսը գրանցվեցին տասնմեկ մետրանոց տուգանային հարվածով, երկուսը մեր ֆուտբոլիստները խփեցին սեփական դարպասը եւ միայն մեկը տանտերերն իրենց հաշվին գրանցեցին որպես «աշխատանքային» գոլ։ Դատելով Զամորա քաղաքի «Էստադիո Ռուտա դե լա Պլատա» ստադիոնում տեղի ունեցածից, մեր երիտասարդական հավաքականով ամենայն լրջությամբ զբաղվելու խիստ անհրաժեշտություն կա։ Եվ ֆեդերացիան որքան շուտ ձեռնամուխ լինի դրան, այնքան շահեկան կլինի երիտասարդական հավաքականի համար։ Ինչպես այդ հանդիպման մասին միանգամայն ճիշտ ու դիպուկ արտահայտվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, տպավորությունն այնպիսին էր, որ մեր թիմը մտել էր խաղադաշտ, բայց չգիտեր, թե ինչ է անելու։ Ավելին, Ռ. Հայրապետյանի խոսքերով ասած, չէր զգացվում, թե դա մեկ, միասնական կոլեկտիվ է։ Երեւան վերադարձի ճանապարհին օդանավում ֆուտբոլային պատվիրակության հետ Իսպանիա մեկնած մարզական լրագրողներին տված հարցազրույցում ՀՖՖ նախագահն անկեղծորեն կիսվեց իր դիտարկումներով։ Նրա խոսքերով ասած, ինքը նկատել է, որ խաղադաշտում յուրաքանչյուր ֆուտբոլիստ որոնում էր իր ակումբակցին. փյունիկցին՝ փյունիկցուն, «Միկայի» խաղացողը՝ այդ ակումբի մյուս ներկայացուցչին, «Զվարթնոցի» նախկին ֆուտբոլիստը՝ իր երբեմնի ընկերոջը։ Այսինքն, չի եղել մեկ կոլեկտիվ, ֆուտբոլիստները գործել են մասնատված։ Երեւույթը լրջորեն մտահոգել է Ռ. Հայրապետյանին, եւ նա մտադիր է անձամբ զբաղվել դրա վերացման խնդիրներով։ Ավաղ, Զամորայում եղավ մի տհաճ իրադարձություն, որն ամբողջ ֆուտբոլային պատվիրակության վրա ավելի խորն անդրադարձավ, քան մեր երիտասարդների անդեմ ու անատամ խաղը։ Հանդիպումից հետո հավաքականի ավագ, «Միկա» թիմի անդամ Կարեն Մուրադյանն անհայտացավ։ Ավելի ուշ պարզվեց, որ նա փախել է Բելգիա, որտեղ մորեղբայր ունի։ Ֆուտբոլիստի այդ ստոր արարքի մասին Ռուբեն Հայրապետյանն ասաց. «Ամենածանր իրադարձությունը, որ տեղի ունեցավ մրցուղերթի ընթացքում, այդ ֆուտբոլիստի արածն էր։ Դա ստվեր է գցում նաեւ մեր մյուս երիտասարդների վրա։ Նրանց հետ խոսել եմ առանձին-առանձին ու գիտեմ, թե որքան են ընկճված։ Կարեն Մուրադյանի արածը ես դավաճանություն եմ համարում։ Դա հավասար է այն բանին, երբ զինվորը պատերազմի ժամանակ լքում է դիրքերը։ Ու դա շատ ավելի ստոր արարք է, երբ այդպես վարվում է թիմի ավագը։ Ես գործի եմ դնելու իմ ու ֆեդերացիայի բոլոր հնարավորությունները՝ նրան վերադարձնելու եւ օրենքով սահմանված կարգով պատժելու համար։ Արդեն հեռաձայնել եմ Երեւան։ Ֆեդերացիայի գործադիր տնօրենը տեղի ունեցածի մասին պաշտոնապես տեղյակ է պահել ՖԻՖԱ-ին եւ ՈՒԵՖԱ-ին։ Մեր ունեցած տվյալներով, պարզել ենք Զամորայի հյուրանոցից նրա զանգահարած հեռախոսահամարները, այդ տղան մեկնել է Բելգիա։ Այս ընթացքում համապատասխան որոշ քայլեր արել ենք։ Հասնելով Երեւան, փորձելու ենք արտգործնախարարության միջոցով նրան ետ բերել։ Մենք տեղեկություն ունենք, որ փախուստը նախապես ծրագրված է եղել։ Ավելին, շշուկներ կան, որ նույն կերպ վարվելու նպատակ ունեն նաեւ Կարենի ծնողները։ Ես համապատասխան գրություններ եմ ուղարկելու Երեւանում գտնվող բոլոր դեսպանատներ, որպեսզի թույլ չտրվի օրենքի խախտումներով Հայաստանից նրանց հեռանալը»։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ Հ. Գ. ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Առավոտի» հաջորդ համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930