ՍԱՐՄԵՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ ԵՐԿՈՒ ԵՐԱՆԻՆ Հատվածներ «Գողգոթայի ծաղիկներ» վեպից «Երիտասա՛րդ, եթե իմ այս գրությունները կընկնեն քո ձեռքը, հիշիր, որ լավագույն եւ ամենահաստատ փոփոխությունները միայն նրանք են, որոնք առաջ են գալիս բարքերի բարելավումից, առանց որեւէ բռնի ցնցումների»։ Ա. ՊՈՒՇԿԻՆ «Կապիտանի աղջիկը» Ու տղան այդ կնոջը տեսավ, որ երկա՜ր, քննախույզ նայում էր այս հասարակությանը։ Եվ տղան իր կողքը կանգնած այդ կնոջը տեսավ ամբոխի մեջ։ Տարիքը բավականին առած, սակայն ջահելական գեղեցկությունը դեռեւս չկորցրած դիմագծերով ու նշաններով, բարեհամբույր ու սպիտակամորթ, կրթվածության ու ազնվազարմի, դժվար անցածի կյանքի խարանով։ Ու նա հինգամյա թոռան ձեռքը տատիկի նվիրվածությամբ բռնել եւ քննախույզ ու մեղմ ժպիտով, ներողի նվիրվածությամբ այս հասարակությանն էր նայում։ Իսկ հասարակությունը՝ ինքն իր հերթին, փողոցներում ու հեռուստաեթերի շուրջը բեւեռվել եւ դիտում ու նայում է, նայում ու դիտում է, թե Նոր տարվա գիշերը, գործող արքան ինչպես է ոտքով՝ կաթողիկոսանիստ Էջմիածնից, իր ժողովրդով շրջապատված ու իր ժողովրդի հետ, քաղաքամայր Երեւան գնում։ Եվ իր ժողովրդի հետ քայլող ու իր ժողովրդի Նոր տարին շնորհավորող Ռոբերտ-արքային տեսավ այդ կինը։ Իր ժողովրդի հետ, Նոր տարին իրար հետ նշելու Ռոբերտ-արքայի ազնիվ մղումներով ցանկությունը տեսավ այդ կինը։ Իր մեջ ու իր հետ կանգնած իր երկրի իր նախագահին տեսավ այդ կինը՝ ձի՛գ, խոհուն, խելացի, համարձակ, ժպտերես ու ձեռքի՝ պատասխան-բարեկամական թափահարումներով… «Ժողովրդից մեկուսացած մեր բոլո՜ր արքաների համա՞ր է ապաշխարում»,- անցավ կնոջ մտքով։ Սակայն կինը մեկեն շուռ եկավ, եւ հեռուստացույցների առաջ ու փողոցներում բեւեռված, իրենով ու իր ժողովրդով շրջապատված երկրի նախագահին ողջույնի ելած այս հասարակությանը նայեց… Ու կինն իր շուրջբոլորն էր նայում։ Իրեն շուրջկալած իր հասարակությանն էր նայում։ Այս հասարակությանն ու նրա դասդասված խմբերին ու շերտերին էր նայում։ Այս հասարակությանը. մեկն՝ ութամյա կրթությամբ, մյուսը՝ հազիվ տառաճանաչ, մեկելը՝ ժրաջան ու բոլոր տառերն անգիր արած։ Ու բոլորը ու մեծ մասը՝ հազար ու մի թերություններով։ Բայց հոգ չէ։ Ու իրենց հոգսը չէ։ Եվ ներկայիս արքաների ու իշխանների փոքրիկ ու մեծ բացերն անկարող են ներել։ Անկարող են ներել։ Իրենք հազա՜ր ու մի թերությունների մեջ թաթախված, սակայն ներկայիս արքաների ու իշխանավորների թերություններն անկարող են ներել։ Եվ հաջողությամբ փնովելով ու մեկուսացնելով, փնովելով ու հուսահատեցնելով ներկայիս արքաներին ու իշխանավորներին, մանկա՜ն ուրախությամբ ու երջանկությամբ մեր հի՜ն արքաների դամբանավայրերը փորփրում, ու մանկա՜ն երջանկությամբ ուրախանում-զվարճանում են նրանց թողած հետքերով եւ հարստության մեծությամբ: Թողած հետքերով եւ ունեցած մեծությամբ։ Եվ կինը մտածեց, ու ինքն իրեն մտածեց, որ ինքն էլ այս հասարակության մի մասնիկն է։ Ու այս հասարակության լիիրավ անդամն է, եւ նրա մի հյուլեն է, ու նրա մի մասնիկն է։ Եվ իր մեջ ամենքից ու ամեն ինչից՝ մի քիչ կա, մի քիչ կա։ Մի քիչ ֆիդայի է ու մի քիչ երկրապահ, մի քիչ արքա է ու մի քիչ շինական, մի քիչ ռամիկ է ու մի քիչ իշխանավոր, մի քիչ ազատամարտիկ է ու մի քիչ շոուի սիրահար, մի քիչ զինվորական-ծառայող է ու մի քիչ մտավորական, աշխարհիկ մտածելակերպով է ու մի քիչ հոգեւոր-առաքելական-հավատացյալ ու հեթանոս մի քիչ։ Եվ կինն ինքն իրեն մտածեց ու գտավ, որ որպես այս հասարակության լիիրավ անդամ ու մասնիկ ու հյուլեն-մի, ինքն էլ ներծծված է այս հասարակության արժանիքներով ու բացերով ու թերություններով։ Ու մեկ-մեկ ինքն էլ կողքի կանգնում ու կողքի կանգնած տեսնում է, զգում է, ու տեսնում ու զգում է, որ այս հասարակությունն էլ մեկ-մեկ կողքի կանգնում ու կողքի կանգնած՝ ինքն իրեն է փորձում՝ շտկել, ուղղվել, կարգի բերել ու առաքինի ու պարկեշտ ապրել ու թերություններից ու բացերից թոթափվել։ Եվ որպես մի ու որպես մի՝ հի՜ն, վե՜հ մշակույթով ու նիստ ու կացով, դարերով ազատության ու անկախության ձգտած ու հիմա անկախություն ու ազատություն ստացած ազգ մի ու ժողովուրդ մի ապրել։ Եվ որպես ազատ ու անկախ ապրել։ Սակայն ամեն ինչ դժվար եղավ այս հասարակության համար, ամեն ինչ դժվար եղավ այս ժողովրդի համար։ Ու պետականություն ստացավ ու պետականություն կորցրեց ամեն անգամ։ Եվ ամեն կորցնելուց՝ հերոսի կամակորությամբ մաքառում է, հաղթահարում է, պայքարում է՝ պետություն ունենալ ու պետականություն ունենալ։ Ու պետականություն ունենալ։ Բայց ի մի եկած երեք հայը, երեք տարբեր ուղղությամբ է նայում ու չորրորդին է փնտրում, ու փնտրել-գտնելուց՝ հինգերորդին է փնտրում։ Իրենցից դուրսին են փնտրում։ Այլազգուն են փնտրում, այլազգուն են փնտրում, որ գա՜ ու դարերով «հավաքած ու կուտակած» իրենց՝ վե՜հ ու խորը մշակույթին տեր ու տնօրինություն անի եւ տոն ու ուղղություն տա։ Ապրել սովորեցնի, պտղավորման ու սերունդ տալու ժամանակացույցը պահի, իրար տալուց ու քիթ-մռութներն արյունոտելուց՝ որպես ազդու միջնորդ մի՝ բաժան-բաժան անի ու հեծեծանք-գանգատները լսի պատժողական նախաքայլերով։ Եվ իրենցից դուրսին են փնտրում ու այլազգուն են փնտրում, որ գա… ու ղեկավա՛ր որպես գա։ Եվ Արքա որպես գա։ Քանզի՝ «Մեր արքաները մեզ ղեկավար չեն որպես»։ Ու… «Ախպարը», «Ապարանցին», «Լենինականցին», «Ղարաբաղցին», «Բանգլադեշցին», «Երրորդ-Մասցին» ու «Երեւանցին» կատեգորիա է որպես։ Եվ՝ «Աղ ու հացի» կատեգորիային պիտի դիմանա։ Ու պետություն, պետականություն ստացած, երազա՜ծ ու ստացած ժողովուրդը, տնավարի ու աղ ու հացի կատեգորիայով է փորձում եւ ուզում կազմակերպել իր պետականությունը։ Աղ ու հացի կատեգորիայով է կազմակերպում իր պետականությունը։ Եվ դեռ պետականության շեմը չկոխած, արդեն՝ ամերիկաների, եվրոպաների, ռուսաստանների դռան շեմերն է մաշում աղանդավորի ու հոգեփոխվածի ու ստրուկի հոգեբանությամբ։ Ու՝ թույլ տվեք, թող ձեզ միանանք: Թողեք, թող ձեզ միանանք։ Եվ մենք անճար ենք ու ինչքան էլ՝ ճոռթո, սակայն չտես ենք։ Ու դարերով մշակույթ ենք արարել ու մշակույթ ունենք, բայց դարերով գել ու գազան ենք իրար, ուտում ենք իրար։ Եվ եկեք մեզ՝ իրարից բաժանեք ու մեր բաժինը մեզ տվեք։ Մեր պրեզերվատիվները մեզ տվեք ու անհրաժեշտ պահին մեզ հուշեք, անհրաժեշտ պահին մեզ հուշեք եւ ձեր պահանջած թվաքանակը ապահովենք մեր մի-մի բուռ քարքարոտ-ճահճացած հողերում սերունդ որպես։ Մեր ջերմուկն ու մեր մոլիբդենն էլ ձեզ լինի, բայց մեր չկորսվող հիշողության, որպես բերդում կատաղած կանանց բաժանվող-կտրտած՝ 3 ռ. 50 կ. կոլբասները նորից մեզ բաժանեք ու մեր ձեռքից բռնած, մեր անցնելիք փողոցն անվնաս անցկացրեք։ Ու հերն էլ անիծած՝ անկախության էլ ու ազատության էլ՝ «Ի սկզբանե էր Բանը»։ Եվ կինը փռթկացրեց, ինքն իր մոգոնածից մի լավ ծիծաղեց ինքն իր մեջ՝ ասի՞, չասի՞։ Բայց ինքն իրեն բարձրաձենեց, շարունակեց բառախաղը եւ ասաց՝ «Ի սկզբանե էր Բանը», ու Բանը, որ բան է, էլի մի բանից կախված է, բայց անբան ու սոված մեր հալով, ո՞վ թույլ կտա իր կուշտ բանից կախվել։ Եվ կինը փռթկացրեց-ծիծաղեց-պրծավ ու նորից շուրջբոլորն էր նայում։ Ու նաեւ ասաց՝ լավն է այս հասարակությունը։ Լավն է այս հասարակությունը, որ՝ սոված, ծարավ, հոգսերի տակ կքած, հազար ու մի խնդիրների տեր, սակայն հողի հարցում ու թուրքի հարցում միակամ բռունցքվում ու հաղթանակած կռվի պայմաններում, հայի հարցն ու հողի հարցն է փորձում լուծել ըմբոստ. «Չենք տալու»։ Ու լավն է այս հասարակությունը, եւ ըմբոստ ու դիմացկուն հասարակությունով, արքաները շատ, շա՜տ հարցեր կարող են լուծել։ Բայց բազմաշերտ լինելու պայմաններում՝ պետականություն չի ընդունում, պետություն չի ընդունում, օրենք չի ընդունում այս հասարակությունը։ Օրենք չի ընդունում այս հասարակությունը։ Եվ նրա համբերությունը բեւեռվում է։ Ու իր ծոցից ելած իշխաններին ու իշխանիկներին՝ իր խոսակցություններում՝ արհամարհում է։ Ձեռ է առնում։ Փնովում է։ Եվ իր մեջ իր մեղքը չի գտնում։ Ու չի գտնում, որ տնից-տուն անցնող «լուսի մարդը», իր նման աղքատ-իր հարեւանի տղան, իր փնոված իշխանիկներից չէ, իրենցից մեկն է, իրենցից մեկն է, որ հանգիստ խղճով ու իշխանիկի նման տալիս եւ շենքի թռփոշների կերածը, իր նմանի գլխին է «կապում»։ Եվ չի գտնում, որ գրասենյակից-գրասենյակ անցնող ու ամենօրյա «գործը» գլխառադ անող հավաքարարը, իրենցից մեկն ու իր նման մեկն է, իր նման մեկն է, որ ամբողջ օրն արդարությունից խոսում ու հավասարությունից բողոքում է, սակայն պետի թափառող հայացքի տակ ավելը փախցնում, ու սովետից մնացած փոշին տան պուճախներում է թողնում։ Ու չի գտնում, ու չի գտնում, որ իրենք-իրենց ստվերից «հուշտ լինող», խոսքում ու գործում համարձակությունը կորցրած, ճլորած ու ծույլ-դանթող պետերի շվաքում կուչ եկած-ճլորած տղաները՝ իրենցից շատ-շատերը, իրենցից շատ-շատերը, կյանքի ճլորածության մեղքի իրենց բաժինները՝ իրենց մեջ թաղած, իրենց պետերի հայացքների տակ կուչ եկած, հեռվից-հեռու համարձակություն ստացած ճլորած գլուխները մեկ-մեկ բարձրացնում, ու նրան՝ երկիրը ղեկավարելու փորձեր են փորձում քարոզել բամբասկոտ իրենց զրույցներում։ Ու՝ «Լեւոնը չէր ծիծաղում իր ժողովրդին», ու՝ «Ռոբերտը մի տեսակ է ծիծաղում իր ժողովրդին», եւ այս հասարակությունը բողոքն ու բամբասանքը սիրեց։ Ու այս հասարակությունն իր բազո՜ւմ թերություններով հավաքվում-ի մի գալիս-ժողովուրդ դառնում, եւ հավաքական կերպարով հարթակներում բռունցքվում, ու իր միջի թերություններից բեւեռված, մեր արքաներից երկու երանին է պահանջում, երկու երանին է պահանջում։ Եվ կինը նորից իր հայացքը իր ժողովրդի հետ քայլող ու իր ժողովրդի Նոր տարին շնորհավորող-ժպտերես գործող արքային առավ… Ու պիտի որ, բոլո՜ր գործող արքաների նման, մեր բոլո՜ր արքաների նման արքայական իր պալատից, ամենամյա-ամանորյա, պարտավորված-հաշվետվություն-մաղթանքներով-հրովարտակներով հանդես գար։ Բայց ոչ, սակայն՝ ոչ, ուզում էր իր ժողովրդի մեջ լինել, նրանց դարդ ու ցավի միջով անցնել իր քննախույզ հայացքով. «Ես ձերն եմ ու ձեր մեջ եմ»՝ իր ժողովրդից սիրվա՞ծ է ուզում լինել Հայոց նախագահը։ Եվ կինը տեսավ, եւ նրան թվաց, թե Նոր տարվա ողջույնի-բարեմաղթանքների հետ միասին, երկրի նախագահը նաեւ ասելու է իր ժողովրդին, Հայոց նախագահը նաեւ բացատրելու-բացատրվելու է իր ժողովրդին. «Սիրելի իմ ժողովուրդ։ Ես ձերն եմ ու ձեր մեջ եմ։ Ես ձերն եմ ու ձեր մեջ եմ։ Ճակատագրի դիպվածով ու նախախնամությունից տրված, իմ հնարավորություններն ու կարողություններն օգտագործելու եմ ու ի սպաս եմ դնելու, ի սպաս եմ դնելու, ի սպաս եմ դնելու՝ հանուն ձեր բարօրության ու հանուն հզոր-անկախ-ազատ Հայրենիքի։ Հանուն հզոր-անկախ-ազատ Հայրենիքի։ Այդ է իմ երազանքը։ Այդ է իմ նպատակը։ Սիրելի իմ ժողովուրդ։ Սակայն թաթալաբազների կողմից քանդված ու իմ կողմից՝ օրեցօր, ամսեամիս, տարեցտարի կառուցվող-իմ մկրատի սրությունն էլ ձեռ առաք ձեր թերթերում ու ձեր խոսակցություններում։ Սիրելի ու պաշտելի ու տանջված իմ ժողովուրդ՝ ես ձերն եմ ու ձեր մեջ եմ։ Սակայն ո՞րն է ձեր ուզածը, ո՞րն է ձեր ուզածը, սիրելի իմ ժողովուրդ։ Աղն ու հացը սեղանի կատեգորիա է, պետություն ու պետականություն ձեւավորելու գործոն չէ։ Եվ նոր ստեղծված կայացվող, դարերով երազած պետության ու պետականության հետ խաղ չեն անում, մատների արանքով, ծույլի ու թափթփվածի աչքերով չեն նայում։ Թոշակի գնամ, եկեք մեր մաքուր ու… առանշահիկ լեռնաշխարհում խորոված հյուրասիրեմ, աղ ու հաց տամ, բայց սեղանի շուրջ կտրված աղ ու հացով, դարերով երազած պետականությանը տնաքանդ չեն դառնում, տնավարությամբ պետություն չեն կայացնում ու չեն կառավարում։ Եվ ընդունված է՝ աղ ու հացի կատեգորիայով խնամիներն են ապրում, քավորն ու սանիկները, 26 թվի ավազուտների բասմաչները, գնացող-եկող ընկերությունն ու բարեկամությունը։ Սակայն երբեք՝ անկախություն երազած ու պետականություն ստացած ազգի ու ժողովրդի պետական այրերը՝ թույլ չեմ տա։ Ու հատուկ նախապատրաստված շահագրգռություն չէ՝ պետականություն ունեցած ու ապրած պապական ժառանգությամբ կերպս է այդպիսին։ Եվ ես ձերն եմ ու ձեր մեջ եմ։ Ու ձեր մեջ եմ ու ձեզ հետ եմ։ Սակայն ո՞րն է ձեր ուզածը։ Ո՞րն է ձեր ուզածը, սիրելի իմ ժողովուրդ»։ Եվ կինը մեր բոլո՜ր արքաների չհասկացվածության ու տխուր ավարտ ունեցող ու նրանց ողբերգական ցավն իր ուսերին առած, Նոր տարվա գիշերը քայլքով ժողովրդի ոտքը մեղա՜-գնացող-ապաշխարող Ռոբերտ արքային տեսավ։ Ու կինը տեսավ, Նոր տարուն իր ժողովրդին ոտքով ողջույնի ելած իր երկրի արքային ու իր երկրի իշխաններին ու իր երկրի դեսպանորդներին ու իր երկրի քաղաքական գործիչներին ու մնացյալին ու իր երկրի բազմությանն ու իր երկրի ժողովրդին ու իր երկրի հասարակությանն ու իր երկրի տեսակ-տեսակ խավերին տեսավ։ Ու կինն իր արքային ու իր իշխանավորներին Նոր տարուն ողջույնի ելած իր ժողովրդին տեսավ։ Եվ նա տեսավ, թե ինչպես ժողովրդից մեկը, իր արքային ու իր իշխանավորներին ժպտալով-ձեռք թափ տալով ու ողջունելով ու թաքուն ծամածռելով, կռացավ ու իշխանիկներից մեկին մատնացույց անելով, իր հերթին ծամածռվող հարեւանի հետաքրքրասեր ականջին փսփսաց ու ասաց. «Տասը սիրուհի ունի», ու հարեւանը հետաքրքրասեր ականջը հետ տարավ ու ասաց. «Ճի՞շտ», ու պատմողն արդեն անտարբեր ու հայացքն ուրիշ իշխանիկին, ասաց. «Ասում են»։ Ու նա տեսավ, թե մեկ ուրիշն իր ժողովրդի միջից՝ ինչպես բազմության մեջ կորած իր ընկերոջը գլխների վրայով-փնտրելու նման ձայն տվեց ու ասաց. «Ամեն մեկը Շվեյցարիայում երկու միլիոն փող ունի», ու հարեւանն ասաց. «Ճի՞շտ, ստուգվա՞ծ է արդեն», ու ընկերոջը կանչողն արդեն անծանոթ հարեւանին էր բացատրություն տալիս ու ասաց. «Տեսքներից չի երեւո՞ւմ, կարո՞ղ է ինձ նման մինչեւ տասներորդ հարկ ջուր են կրում ու գիշերները խարխափում են «անջատված լուսի» պակասությունից»։