Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԵՐՈՆՆԵՐԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԵՆ

Ապրիլ 05,2003 00:00

ՆԵՐՈՆՆԵՐԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԵՆ «Կեսարը պարտավոր է մտածել ժողովրդի բարօրության մասին»,- հայտարարում է «Ներոն» ներկայացման համանուն հերոսը ու արյուն սփռում ամենուր։ Նա ավելի քան համոզված է, որ «արյունն ու սարսափը առաջմղիչ են» եւ միայն դրանց առատության պարագայում բոլորը կփառաբանեն ու կաստվածացնեն իրեն։ Եւ ամենատարօրինակն այն է, որ իրեն՝ մեծ մարդասպանին դաստիարակել է ոչ ավել-ոչ պակաս, մեծ բարոյախոսը՝ Սենեկան։ «Ներոնի» պրեմիերան կայացավ ապրիլի 3-ին՝ Երիտասարդական կամերային թատրոնում։ Մինչ ներկայացման սկսվելը հանդիսատեսը ծափահարություններով ողջունեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանին, որը կատակեց. «Նախօրոք ծափահարելը լավ նշան չէ։ Խնդրում եմ՝ ծափահարությունները միայն ներկայացումից հետո»։ Նա նորից հիշեցրեց, որ թատրոնը դուրս է մնացել Լինսի հիմնադրամի «Մշակույթ» ծրագրով վերանորոգվող մշակութային օջախների ցանկից։ Փոխարենը քաղաքապետարանը խոստացել է, որ օրերս թատրոնի շենքը կսկսվի նորոգվել եւ կամերայինցիները առանց ամաչելու կընդունեն հանդիսատեսին։ Ա. Երնջակյանը նշեց, որ շուրջ 17 տարի առաջ «Ներոնը» խաղացվել է Կամերայինի բեմում։ Եվ նոր «Ներոնը», ըստ նրա, բոլորովին էլ նախկինի վերաբեմադրությունը չէ։ Այն էապես տարբերվում է 17 տարի առաջ խաղացված «Ներոնից» ու միակ անփոփոխը գլխավոր դերակատարն է՝ Գեորգի Ամիրաղյանը։ Ա. Երնջակյանը տեղեկացրեց, որ շուտով կմեկնեն Կիեւ՝ մայիսի 17-18-ը կայանալիք հեղինակավոր թատերական փառատոնին մասնակցելու համար։ Իսկ օգոստոսի 11-ին Կամերային թատրոնը կմեկնի Նյու Յորք ու Բրոդվեյում կներկայացնի հայ թատրոնը։ Չնայած մասնակի թերություններին (երկարաշունչ մենախոսություններ, ձգված տեսարաններ), ընդհանուր առմամբ, ներկայացումը հաջողված էր։ Դերասանները (Ներոն՝ Գեորգի Ամիրաղյան, սենատոր՝ Գրիգոր Բաղդասարյան, Վեներա՝ Լուիզա Ներսիսյան, Դիոգենես՝ Արշալույս Հարությունյան, ստրուկ՝ Սուրեն Խանզադյան) կարողացան ժամուկես լարվածության մեջ պահել հանդիսատեսին։ Կարծում ենք, «Ներոնի» ընտրությունը պատահական չէր՝ այն շատ համահունչ է մեր օրերին։ Խառնակ ու խրթին էին Ներոնի ժամանակները, այդպիսին է եւ մեր ներկան։ Ուշագրավ են Սենատի որոշումները (հիշեցնում է մեր Ազգային ժողովը, որը եւս հեռու չէ իրեն պարտադրված, ձեւված-հարմարեցված օրենքներ ընդունելուց)։ Սենատը կարող է պոռնիկին կույս հռչակել, տղամարդուն՝ կին, արդարացնել Ներոնի կատարած սպանությունները, եթե այդպես է կամենում Կեսարը։ Նույն Սենատը կարող է Կեսարի՝ կերպարանափոխության մասին անբարո ցանկությունները հաստատել, վավերացնել, օրենքի ուժ տալ։ Ամենահաջողվածը, թերեւս, Ներոնն էր, իսկ մյուս կերպարները նրա ստվերներն էին։ Հետաքրքիր էր Դիոգենեսի կերպարը, որն ավելի քիչ էր «խոսում» ու «երեւում», բայց ավելի հաջողված էր, քան մյուսները։ Նա խոսում է աքսիոմի ուժ ունեցող ճշմարտությունների մասին, որոնք տրորվում ու բռնաբարվում են ուժեղի կամքով։ Ըստ Դիոգենեսի, մարդը մարդու եղբայրն է ու բոլորը պետք են մեկմեկու, բոլորը փոխադարձաբար միմյանց սիրո կարիքն ունեն (գաղափար, որ բացակայում է մեր իրականությունում եւս)։ Դիմացինին սպանողը սպանում է ինքն իրեն։ Բացի այդ, Դիոգենեսը կարծում է, որ մեծ սերը կարող է «սրբագրել» անգամ ամենաճղճիմ ու նողկալի արարածին եւ միայն անպարագիծ սիրով կարելի է «արեւի երեսը ծածկող» չարությունը վանել հեռու։ Հատկանշական է, որ ներկայացման մեջ (ինչպես մեր իրականությունում) բոլորը խոսում են ժողովրդի անունից եւ հանուն ժողովրդի բզկտում են նույն ժողովրդին։ «Ներոնի» առանցքում մի կարեւոր գաղափար էլ կա. նա, ում վստահված է երկրի ճակատագիրը, պարտավոր է զերծ լինել սովորական մահկանացուներին բնորոշ թուլություններից ու սովորույթներից եւ ոչ թե, օրինակ, «քնար նվագի, կրկեսում ճառ կարդա կամ տրվի այն զբաղմունքներին, որ ամբոխին է բնորոշ»։ Չնայած, ըստ գլխավոր հերոսի՝ Ներոնի, այդպես կարելի է ավելի դեմոկրատ երեւալ ժողովրդի աչքին։ Բայց հարկ է նկատել, որ դրանից ղեկավարի շնորհները չեն ավելանում։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930