Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՎԵՏՈՒՄՆ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ

Ապրիլ 05,2003 00:00

ԱՎԵՏՈՒՄՆ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ Ս. Կույս Մարիամ Աստվածածինը քրիստոնեական եկեղեցու արագահաս բարեխոսն է: Մենք հարգանքի ու սիրո գերագույն տուրք ենք մատուցում Աստվածամորը: Հայ Առաքելական եկեղեցին ունի Տիրամորը նվիրված յոթ տոն, որոնցից է Ս. Աստվածածնի Ավետման տոնը: Այն նշվում է ապրիլի 7-ին: «Ավետել», «Ավետիս տալ» նշանակում է բարի լուր հաղորդել: Այդ բարի լուրը Աստվածորդու մարդեղացման եւ փրկության ուղու բացման երջանիկ ավետիսն է: Ադամի եւ Եվայի մեղանչումով մարդկությունը զրկվեց Աստծո շնորհից եւ դատապարտվեց մեղքի ու մահվան իշխանությանը: Սակայն ամենագութ Աստված մարդուն ընդմիշտ չզրկեց իր ողորմությունից, այլ ուխտ կապելով նրա հետ, պատրաստում էր այն մեծ փրկությանը, որը ծրագրել էր: Հազարամյակներ շարունակ մարդկությունը սպասում էր Աստծո խոստացած փրկությանը` Մեսիային, որը պետք է ծնվեր կնոջից եւ մարդուն փրկեր չարի գերությունից: Եվ ահա աստվածաշնորհ մարգարեները սկսեցին ազդարարել Փրկչի մոտալուտ գալուստը: Եսային մարգարեացավ, որ «Ահա կույսը պիտի հղիանա եւ մի որդի պիտի ծնի, եւ նրան պիտի կոչեն Էմմանուէլ, որը նշանակում է Աստված մեզ հետ» / Եսայի Է 14, Մատթ. Ա 23/: Ղուկասու ավետարանը սկսվում է մի պատմությամբ, ըստ որի` Գաբրիել հրեշտակապետը Աստծո կողմից ուղարկվում է Հրեաստանի քաղաքներից մեկը` ավետելու Զաքարիա քահանային նրա որդու` Հովհաննես Մկրտչի ծնունդը, որը պետք է դառնար Աստվածորդու Կարապետը: Այնուհետեւ Գաբրիելը նոր առաքելությամբ ուղարկվում է Գալիլիայի Նազարեթ քաղաքը` Մարիամ անունով մի կույսի մոտ, որը նշանված էր Դավթի ցեղից Հովսեփ անունով մի արդար մարդու հետ: Հայտնվելով՝ Գաբրիելը ողջունում է կույսին. «Ուրախացիր, ով շնորհընկալ, Տերը քեզ հետ է», եվ ապա ավետում, որ նա կոչված է դառնալու Մեսիայի մայրը: Մարիամի խոնարհությամբ մարդկության համար բացվեց նոր կյանքի արշալույսը: Արարատյան հայրապետական թեմի մամլո դիվան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել