Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւմ համար չէ օրենք՝ Եվրոպայի ասածը

Ապրիլ 05,2003 00:00

Ո՞ւմ համար չէ օրենք՝ Եվրոպայի ասածը Պարզվում է, «չարտոնված հանրահավաքները» խանգարում են ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժվելու իրավունքին։ Եվ սա այն դեպքում, երբ բազմաթիվ ականատեսների վկայությամբ, հանրահավաքների օրերին մարզերից մայրաքաղաք ուղեւորվող ավտոբուսների մուտքն արգելակողները (եւ, փաստորեն, ՀՀ տարածքում ազատ տեղաշարժվելու իրավունքը խախտողները) եղել են ոստիկանները։ Ընդհանրապես, պետք է նկատել, որ այսօր իշխանություններն իրենք են արգելակում ՀՀ քաղաքացիների՝ ոչ միայն ազատ տեղաշարժվելու, այլեւ՝ ՀՀ տարածքից դուրս գալու իրավունքը (չհաշված, այլեւայլ իրավունքներ)։ Գաղտնիք չէ, որ հազարավոր քաղաքացիներ, որոնք վերջնականապես կորցրել են հույսը, թե երբեւէ այս երկրում հնարավոր է օգտվել իրենց սահմանադրորեն տրված ամենատարրական իրավունքներից (իսկ դրա մեղավորն ովքե՞ր են, եթե ոչ իշխանությունները), հնարավորություն ու միջոցներ չունենալու պատճառով չեն կարողանում երկրից տեղաշարժվել ու բնակություն հաստատել որեւէ այլ երկրում, որտեղ հարգվում են մարդու իրավունքները, եւ որտեղ մարդն ամենաթանկ կապիտալն է բառի իսկական իմաստով։ Իշխանությունները, փոխանակ շնորհակալ լինեն, որ մերօրյա ակամա «բռնադատվածների» շնորհիվ իրենք, այնուամենայնիվ, կարողանում են «լցնել» բյուջեն (վերջիններիս վերջին «հյութերը» քամելով, պահանջելով՝ բայց չփոխհատուցելով), դեռ մի բան էլ ահաբեկում ու սպառնում են՝ հանրահավաքներին մասնակցելու համար «պատասխանատվության ենթարկել» արդեն ոչ թե վարչական, այլ քրեական օրենսգրքով (ինչի սպառնալիքը հնչեց վերոհիշյալ հաղորդման ժամանակ)։ Սրա հետ մեկտեղ, թերեւս, բարոյականության բոլոր սահմաններից դուրս կարելի է համարել այն, որ երկրի քաղաքական էլիտան (ի դեմս ընդդիմության առաջնորդների), որը ժողովրդի զայրույթի արդար ձայնն է բարձրացնում Մատենադարանի հարթակից, իրենց համակիրների հետ մեկտեղ, փաստորեն, ներկայացվում են (իշխանական լրատվամիջոցների կողմից) որպես «ամբոխ» կամ «մանր խուլիգանություն» կատարողներ, «աղմկարարներ», ժողովրդի հանգիստը խանգարողներ։ Այս համատեքստում պակաս հետաքրքիր չէ ՀՀ նախագահին առընթեր մարդու իրավունքների հանձնաժողովի նորընտիր նախագահի դիրքորոշումը։ Վերջինս, փոխանակ իրեն առընթեր ՀՀ նախագահից մեկնաբանություն ստանա, թե ինչու են մարդկանց ապօրինի ձերբակալում՝ հանրահավաքներին մասնակցելու համար (կամ եթե դա չի անում, գոնե հանձնաժողովի նախկին նախագահ Պ. Հայրիկյանի նման «նամուսով» հրաժարական ներկայացնի), գնում դաշնակցական մամուլում քննադատում է «Ազատություն» ռադիոկայանին, թե ինչո՞ւ է այդ կայանը բռնությունների վերաբերյալ փաստերը պարբերաբար հնչեցնում եթերից։ Հատկանշական է, որ երբ եվրոպական կառույցները փորձեցին միջամտել այդ առթիվ տեղի ունեցող գործընթացներին, կալանատներում պահվող այդօրինակ «անազատներից» սկսեցին «մեղայականներ» կորզել, թե իբր նրանք «զղջացել են» (այսինքն՝ հանցանքի կամ զանցանքի պահը առկա է), եւ, ըստ այդմ, ժամկետից շուտ նրանց ազատեցին (առավել համառները շարունակեցին կրել իրենց 10-15-օրյա պատիժները՝ չցանկանալով ներում խնդրել չգործած հանցանքի համար)։ Հարց է ծագում, ինչո՞ւ պիտի ընդունեին իրենց «չգործած» մեղքը՝ ակամա իրավախախտները, որոնք «զղջացել» ու ներողություն են խնդրել։ Միգուցե զղջացել են, որ չեն պատկերացրել, թե ինչ երկրում են ապրում (երկիր, ուր ոչնչացվել են խորհրդային տարիների լավագույն եւ վերածնվել վատագույն արժեքները), կամ զղջացել են այդ երկրում ծնվելու համար։ Փաստորեն, երկրի իշխանությունների համար Եվրախորհրդի ասածը օրենք է միայն «ժողովրդավարություն» կամ ընտրություններ խաղալիս, ժողովրդավարության մասին իշխանությունների պատկերացումներն այլ են (միգուցե, այն ընկալվում է «ժողովրդին վարել» իմաստով), ըստ այդմ, նրանք իրենց պատկան լրատվամիջոցների եւ սատարող կուսակցությունների ողջ զորությամբ աղաղակում են՝ «Դուք ի՞նչ գործ ունեք մտնեք մեր մատի ու մատանու արանքը։ Մենք ենք՝ մեր սարերը»։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել