Լրահոս
Օրվա լրահոսը

12 ՀԱԶԱՐ ՈՒՍՈՒՑԻՉ ՉՈՒՆԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Ապրիլ 05,2003 00:00

12 ՀԱԶԱՐ ՈՒՍՈՒՑԻՉ ՉՈՒՆԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ Մայրաքաղաքում ե՛ւ ուսուցիչներն են թերբեռնված, ե՛ւ դպրոցները Դպրոցների ռացիոնալիզացիայի մասին վերջերս պոպուլիստական հայտարարություններ էր անում «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավարը՝ իր ստեղծած «Ուսուցիչների միություն» հ/կ հավաքներից մեկում: Բնավ տեղյակ չլինելով խնդրի էությանը, պրն Բաղդասարյանը փորձում էր քննադատել ռացիոնալիզացիայի գործընթացը, որ այսօր իրականացվում է: Այս մասին ԿԳ նախարարն արդեն առիթ ունեցել է արտահայտվելու եւ իր խիստ բացասական վերաբերմունքը հայտնելու՝ մասնավորապես դպրոցները քաղաքականության մեջ ներքաշելու առնչությամբ: Մինչ անտեղյակներին խնդրի մանրամասներին ծանոթացնելը, նշենք, որ նախօրեին Կենտրոն եւ Արաբկիր համայնքների դպրոցների տնօրենների հետ անցկացրած խորհրդակցության ժամանակ կրթության վարչության կողմից «օրինացերկիրականացվելու» եւ դպրոցը քաղաքականության զոհ դարձնելու համար խիստ նկատողության են արժանացել թիվ 20 եւ 40 դպրոցների տնօրենները: Վերադառնալով բուն նյութին, նախ նշենք, որ այսօր մայրաքաղաքի 60 դպրոցներում մոտ 60 հազար աշակերտական թափուր տեղեր կան: Անգամ մի փողոցի վրա ունենք 2-3 դպրոց, որոնք 1500 տեղի համար պահում են ընդամենը 200-300 աշակերտ: ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նորիկ Ղուկասյանի տվյալներով, հանրակրթական համակարգում աշխատում է մոտ 56 հազար ուսուցիչ, եւ սովորում 53 հազար աշակերտ. ուսուցիչ-աշակերտ հարաբերակցությունը կազմում է 1-ը 10-ից ավելի քիչ: Իսկ աշխարհում ընդունված է 1-ը 20-ի եւ ավելի: «Այս իմաստով մենք ծանր ու իներտ համակարգ ենք ժառանգել. ունենք թերբեռնված ուսուցիչներ: Եթե անցնենք դրույքային վերլուծությունների, կտեսնենք, որ ուսուցչի միջին բեռնվածությունը դրույքից շատ պակաս է: Մինչդեռ ուսուցիչը պետք է աշխատի 1 դրույք եւ ավելի»: Սա այն դեպքում, երբ գյուղական դպրոցներում ուսուցիչները գերբեռնված են՝ մինչեւ 2 դրույք: Եթե սա էլ հաշվի առնենք, կտեսնենք, որ հատկապես խոշոր քաղաքներում՝ Երեւանում, Գյումրիում, Վանաձորում, առանձին ուսուցիչների շաբաթական բեռնվածությունը կազմում է 4-8 ժամ: Սա եւ որակական, եւ սոցիալական ծրագրերի իրագործման տեսանկյունից առաջացրել է շատ գերծանր համակարգ: Բացի այդ, մանկավարժական անձնակազմի մոտ 20 տոկոսը ոչ մասնագետներ են: Իսկ սա մենք ժառանգել ենք 1992-93 թվականներից, երբ ուսուցիչների խիստ պակաս կար, եւ դպրոց էին մտնում մասնագիտական համապատասխան կրթություն չունեցող ուսուցիչներ: Արդյունքում այսօր համակարգում ունենք 10-12 հազար այդպիսի ուսուցիչներ: «Դրանից մենք նաեւ որակական անկում ենք ունենում: Այս իմաստով աշխարհի զարգացած երկրների մոտավոր չափանիշներին հասնելու համար լուրջ ջանքեր պետք է գործադրենք»,-խոստովանում է պրն Ղուկասյանը: «Մտածում ենք առաջիկայում խրախուսանքներ, աջակցության ծրագրեր բացել, որպեսզի թերբեռնված ուսուցիչները քաղաքից տեղափոխվեն գյուղ: Մենք համապատասխան կադրեր շատ ունենք, բայց դրանք դպրոցում չեն: Դա նաեւ պայմանավորված է ընտանիքը պահելու հոգսով: Վարկային երկրորդ ծրագրի շրջանակներում ռացիոնալացմանը աջակցող գումարի սահմաններում կփորձենք նոր ծրագրեր իրականացնել, որպեսզի կարողանանք ուսուցչին նյութապես շահագրգռել՝ գյուղական վայրերում աշխատելու համար»: Ի դեպ, նշենք, որ Արցախում այլեւս դադարեցված է այլընտրանքային ծառայության ձեւը, ինչը նշանակում է, որ հարցն արմատապես լուծված է, եւ դպրոցներն այլեւս ապահովված են հիմնական կադրերով: Այսուամենայնիվ, ԼՂՀ կրթության եւ մշակույթի նախարար Արմեն Սարգսյանի հավաստմամբ, ազատագրված տարածքներ վերաբնակեցվելու ցանկություն ունեցող անձինք, եթե նրանց մեջ կան նաեւ մանկավարժներ, անպայման իրենց աշխատանք կգտնեն՝ ըստ մասնագիտությունների պահանջարկի, հենց տեղերում: Նախարարը նշեց, որ վերջերս Սիսիանից 5 շրջանավարտ է դիմել իրենց եւ ապահովվել աշխատանքով՝ Արցախի ծայրամասային գյուղերում: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել