Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է 34 երթուղու 65 ՍՕ 840 համարանիշի ավտոբուսի վարորդը

Ապրիլ 05,2003 00:00

Ո՞վ է 34 երթուղու 65 ՍՕ 840 համարանիշի ավտոբուսի վարորդը Որոշ ավտովարորդներ հակակրանքով են վերաբերվում մշտական տոմս ունեցող ուղեւորներին։ Վարորդներ էլ կան՝ այդ հակակրանքը հասցնում են ատելության եւ թշնամանքի։ 2003 թ. փետրվարի 17-ին ականատես եղա մի դեպքի, որ գերազանցեց իմ պատկերացումը չար, հնադարյան քինախնդիր մարդու, ավելի շուտ՝ տմարդու մասին։ Ժամը 11-ն էր։ Հանրապետական հիվանդանոցի կանգառում ցրտից սառած կանգնած էր տարեց մի մարդ։ Վերջապես եկավ ավտոբուսը։ Վարորդը նկատեց, որ այդ տարեց մարդը մյուս ուղեւորների հետ փորձում է բարձրանալ առաջին դռնից։ Վարորդը հեռացրեց ավտոբուսը՝ առանց առաջին դուռը բացելու։ Բարեբախտաբար ուղեւորներ շատ կային եւ այդ տարեց հաշմանդամ մարդը հազիվ հասավ վերջին դռանը, կախվեց դռնից, մի կերպ բարձրացավ ու առաջ գնաց։ Հայելում վարորդի եւ «անհաճո» ուղեւորի հայացքները բախվեցին։ Մինչեւ Ռադիոտան կանգառը ավտոբուսը լցվեց, դատարկվեց. մնաց 4 ուղեւոր։ Տարեց մարդը պատրաստվեց իջնելու։ Նրանից առաջ մի ուղեւոր 50 դրամ տվեց, մոտեցավ դռանը։ Տարեց մարդն էլ ցույց տվեց իր մշտական տոմսը եւ ոտքը դրեց աստիճանին։ Վարորդը արագ փակեց դուռը եւ ուղեւորը հրաշքով փրկվեց դռների «թակարդից»։ Նա հետ քաշվեց եւ վարորդախցի աջակողմյան հարթակին հենվելով, դիմեց վարորդին. «Տղա ջան, որտեղ քեզ հարմար է կանգնիր, ես էլ իջնեմ։ Ես Ռադիոտուն պիտի գնայի»։ Վարորդը ուշադրություն չդարձրեց։ Ավտոբուսում վարորդախցի հետեւի նստարանին մնացել էին երկու ուղեւոր, հաշմանդամ ծերունին եւ ես։ Ֆիզկուլտուրայի ինստիտուտ չհասած, ծերունին նորից կրկնեց. «Տղա ջան, մի տեղ՝ որտեղ քեզ հարմար է, պահիր մեքենան, իջնեմ, հետ գնամ»։ Վարորդը չպատասխանեց։ Անցանք ֆիզկուլտուրայի ինստիտուտը, ինստիտուտի հանրակացարանը, նորակառույց սպիտակ շենքը, որի շքամուտքի մոտ գրված էր՝ «Տեքստիլ տուն»։ Տարեց ուղեւորը մի քիչ պահանջկոտ ասաց. «Տղա ջան, այսքան տարածքում մի կանգառ չկա՞ր։ Դու քրիստոնյա չե՞ս, գոնե կանգառում կանգնեիր»։ Վարորդը նրա հարձակումներից ոչ մեկին չպատասխանեց։ Ընդհակառակը, արագացրեց մեքենայի ընթացքը։ Հավասարվեցինք Վարդան զորավարի արձանին զուգահեռ փողոցին։ Տարեց ուղեւորը դեռ մի ոտքով կանգնած էր ոտնակին։ Նա ձախ ձեռքով պահելով հավասարակշռությունը, փոքր-ինչ ուղղվեց եւ հրամայական ձայնով ասաց. «Այս ի՞նչ ես անում»։ Վարորդը քար անտարբերությամբ արագացրեց ընթացքը եւ մտավ մայրուղի։ Տարեց ուղեւորը ձախ ձեռքով կանխելով անկումը, աջով երկու անգամ բռունցքով խփեց աջակողմյան թիթեղածածկ հարթակին։ Վարորդը որքան ուժ ուներ խփեց ծերունու ձախ ձեռքի բթամատին եւ դժոխային արագությամբ ավտոբուսը քշեց մինչեւ «Դինամո» ստադիոն ու կտրուկ արգելակեց։ Ուղեւորը երերաց, հետ քաշվեց՝ հազիվ պահելով հավասարակշռությունը եւ իջավ դողդողալով՝ բռնած դռներից։ Իջան վարորդախցի հետեւի նստարանի երկու ուղեւորները։ Նրանցից մեկն ասաց. «Ո՞րն էր այս ուղեւորի մեղքը, որ կառավարության տված տոմսո՞վ է երթեւեկում»։ Իջա, գրեցի ավտոբուսի համարը՝ 65 ՍՕ 840։ Բարձրանալիս չէի նկատել. ծերունին ոտք չուներ։ Այդ տարիքի վետերաններից քչերն են մնացել։ Իջնելիս նա արտասվում էր՝ բթամատի ցավի՞ց, թե՞ վիրավորանքից։ Մտածում եմ, թե նա ինչպես տուն հասավ։ Իսկ տմարդի վարո՞րդը։ ՀԱՅԿԱԶ ՄՈՒՐԱԴՅԱՆ ԽՍՀՄ ժուռնալիստների միության անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել