Լրահոս
Օրվա լրահոսը

Պարտիզանական գործողություններ՝

Ապրիլ 05,2003 00:00

Պարտիզանական գործողություններ՝ հրթիռների եւ ռումբերի դեմ Ամերիկյան զինվորականները փաստորեն ընդունել են, որ Իրաքում ռազմական գործողությունների համար սխալ մարտավարություն էր ընտրվել։ Այժմ նրանք հապճեպորեն փոխում են ռազմական ծրագրերը, վերադասավորում ուժերը եւ նոր զորամիավորումներ տեղափոխում տարածաշրջան։ Ինչպես երեւում է, Սադամ Հուսեյնը հիանալի ուսումնասիրել է վերջին տարիների ամերիկյան զինուժի մասնակցությամբ բոլոր ռազմական կոնֆլիկտները եւ բավականին ճիշտ եզրահանգումներ արել։ Այժմյան պատերազմում իրաքյան բանակը մարտի չի բռնվում ամերիկյան եւ բրիտանական զորամիավորումների հետ «բաց դաշտում», որտեղ կարող է ի հայտ գալ հարձակվողների ռազմական տեխնիկայի մեծ առավելությունը։ Սադամը կենտրոնացրել է դիմադրությունը զավթիչների դեմ փոքր ու մեծ քաղաքներում, որտեղ փողոցային մարտերի ժամանակ չեն կարող արդյունավետ օգտագործվել ավիացիան եւ տարաբնույթ «ծանր», ժամանակակից էլեկտրոնիկայով հագեցած ռազմական միջոցները։ Հիմնական զենքը այստեղ հրազենն է, իսկ առավելություն կունենան հենց պաշտպանվող իրաքցիները, քանզի (չնայած ցանկացած հետախուզական տվյալների) ավելի լավ գիտեն սեփական քաղաքների փողոցները եւ թաքստոցները։ Սակայն անգլո-ամերիկյան զորքերին դիմագրավում է ոչ միայն իրաքյան բանակը, այլեւ ողջ ժողովուրդը, որին Սադամը կոչ է հղել պարտիզանական պատերազմ սկսել եւ օգտագործել ամեն հնարավորություն զավթիչներին ոչնչացնելու համար։ Ցերեկը նրանք սովորական բնակիչներ են, իսկ գիշերները, վերցնելով զենքը թաքստոցներից, գնդակոծում են ամերիկյան եւ բրիտանական զինվորներին։ Ակնհայտ է, որ վերջիններս բոլորովին չէին սպասում նման կատաղի դիմադրություն, այդչափ մեծ կորուստներ եւ, ինչպես երեւում է, չափազանց նյարդայնացած են եւ ապակողմնորոշված։ Իհարկե, ցանկացած պատերազմում հնարավոր են թյուրիմացություններ եւ դժբախտ պատահարներ, բայց այս պատերազմում դրանք ինչ-որ չափից ավելի շատ են։ Միմյանց են բախվում ուղղաթիռներ, ամերիկյան հրթիռը պայթեցնում է բրիտանական ինքնաթիռը, ամերիկյան եւ բրիտանական զորամիավորումները անընդհատ կրակ են բացում միմյանց ուղղությամբ։ Կարծես Աստված ամեն կերպ հասկացնում է, որ այս պատերազմը իրեն կտրականապես դուր չի գալիս։ Էլ չասենք այն մասին, որ ամերիկյան հրթիռները եւ ռումբերը անընդհատ «վրիպում» են եւ պայթում բնակելի թաղամասերում՝ հարյուրավոր զոհվածներ, հազարավոր վիրավորներ, որոնց արդեն չեն հասցնում բժշկական օգնություն ցույց տալ սեփական ուժերով։ Ամերիկացիները մեղադրում են իրաքցիներին, որ նրանք առանց կանոնների են պատերազմ վարում, սակայն իրաքցիները ընդամենը պաշտպանվում են բոլոր հասանելի միջոցներով՝ տասնապատիկ զորեղ թշնամուց, իսկ կանոնները խախտում են (գնալով ավելի շատ) հենց կոալիցիոն զորքերը։ Վերջին օրերին հաստատվեց, որ նրանք սկսել են օգտագործել արգելված կասետային ռումբեր, որոնք մեծ զոհերի պատճառ են դառնում հենց խաղաղ բնակիչների շրջանում, իսկ չպայթած բաղադրիչները վերածվում են դանդաղ գործողության ականների։ Եվս մի հանգամանք. օրերս Ռուսաստանի հեռուստատեսությունը հարցազրույց ներկայացրեց գերմանացի ինժեների հետ։ Վերջինս նախագծել եւ կառուցել է Սադամ Հուսեյնի բունկերը։ Ինժեները հանգամանորեն բացատրեց, որ այդ թաքստոցի (որը գտնվում է Հուսեյնի դղյակի տակ) երեք մետրանոց բետոնե պատերը կարող են պաշտպանել անգամ ատոմային ռումբից։ Մի՞թե դրա մասին չգիտեն ամերիկյան գեներալները, որոնք արդարացնում են Բաղդադի կենտրոնի ռմբակոծումը՝ Սադամին ոչնչացնելու նպատակով։ Պարզ է, որ շատ լավ գիտեն եւ միտումնավոր են ռմբակոծում քաղաքը՝ նպատակ ունենալով հոգեբանորեն կոտրել իրաքցիներին՝ Բաղդադի գրոհից առաջ։ Ի դեպ, ամերիկացիները չեն շտապում գրոհել Իրաքի մայրաքաղաքը, չնայած նրանց ճանապարհին այլեւս խոչընդոտներ չկան։ Առաջին հերթին հարձակվողները վախենում են մեծ կորուստներից եւ հույսը դնում քաղաքի անընդհատ շարունակվող ռմբակոծությունների վրա։ Երկրորդ՝ թիկունքում են մնացել չնվաճված իրաքյան քաղաքներ եւ տարածքներ։ Եվ վերջին հանգամանքը՝ ասում են, որ Բաղդադի վրա գրոհելու է ամերիկյան բանակի ամենամարտունակ՝ չորրորդ դիվիզիան, որը նոր է սկսում մուտք գործել տարածաշրջան։ Նախնական պլանների համաձայն, այդ դիվիզիան պետք է ներխուժեր Իրաք՝ Թուրքիայի տարածքից։ Սակայն, ինչպես հայտնի է, վերջինս մերժեց այդ գաղափարը եւ ուզում է սեփական զորքերը մտցնել Հյուսիսային Իրաք՝ քրդական բնակավայրերը վերահսկողության տակ վերցնելու նպատակով։ Ի՞նչ խոսք, դա դուր չի գալիս ԱՄՆ-ին եւ օրերս Թուրքիա էր ժամանել պետդեպարտամենտի քարտուղար Քոլին Փաուելը, որը կփորձի համոզել Թուրքիային փոխել իր դիրքորոշումը վերոնշյալ երկու հարցերի վերաբերյալ, փոխարենը խոսք տալով Թուրքիայի կառավարությանը տրամադրել 8,5 մլրդ դոլարի վարկ։ Պատերազմի սկզբից ի վեր Իրաքի հարցով ԱՄՆ-ի ընդդիմախոսները սպառնում են ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստ հրավիրել Իրաքի հարցով։ Բոլոր մեկնաբանները խոսում են այն մասին, որ այդ քայլը չափազանց կարեւոր կլիներ, սակայն մինչ օրս դա տեղի չի ունենում։ Երեւում է՝ ԱՄՆ-ի քաղաքական լծակներն առայժմ հերիքում են այդ միջոցառումները հետաձգելու համար։ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՂԱՄԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել