Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՏԸՆՏՐԱԿԱՆԻՑ՝ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ

Ապրիլ 05,2003 00:00

ԵՏԸՆՏՐԱԿԱՆԻՑ՝ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ Հայաստանում այսօր շարունակում են ուշադրության կենտրոնում մնալ Սահմանադրական դատարանը եւ նրա նախագահ Գագիկ Հարությունյանը: Սահմանադրական դատարանը ապրիլի 3172ին սկսեց քննել նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի՝ մարտի 5-ի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները անվավեր ճանաչելու դիմումը: Հանրահավաքներ անցկացնող միավորված ընդդիմադիր ուժերը Ստեփան Դեմիրճյանի գլխավորությամբ հնարավոր են համարում Սահմանադրական դատարանի միջոցով ՀՀ նախագահական ընտրություններն անվավեր ճանաչելը: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը մոտ է ընդդիմության թեւերից մեկի հետ: Որոշ ընդդիմադիր քաղաքական գործիչների համար հենց սա է նման համոզվածության հիմքը: Չնայած, հակառակ դրան, շատ քաղաքական գործիչներ համոզված են, որ Գ.Հարությունյանը նման քայլի երբեք չի գնա: Իր քաղաքական կարիերայի ընթացքում Գ. Հարությունյանը միշտ շատ զգույշ է եղել. «յոթ անգամ չափում է, նոր կտրում է»: Միաժամանակ նա նաեւ հասկանում է երկրում ստեղծված քաղաքական իրավիճակը եւ նախագահ Ռոբերտ Քոչարյանի չափազանց թույլ դիրքերը: Չի բացառվում, որ այդ պաշտոնյան կարող է հայտնվել ներքաղաքական իրադարձությունների կիզակետում եւ այս փուլում ունենալ որոշիչ դեր: ՍԴ-ում Ստեփան Դեմիրճյանի լիազոր ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի համոզմամբ, իրենց ներկայացրած դիմումն այնքան հիմնավոր է, որ դժվարանում է պատկերացնել, թե ՍԴ-ն ինչպես պետք է այն մերժի: «Մենք ՍԴ-ում պետք է փորձենք ապացուցել, որ ի սկզբանե պետական մակարդակով գործել է մի համակարգ, որը նպատակաուղղված է եղել անօրինական ընտրություններ անցկացնելուն»,- ասում է Վ.Դալլաքյանը: ՍԴ-ն նման իրավիճակում հայտնվել է 1996-ի նախագահական ընտրություններից հետո: Ուժային կառույցներն այն ժամանակ սատարեցին Լ.Տեր-Պետրոսյանին` նրան թույլ չտալով զիջել իշխանությունը: Դատարանը մերժեց նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջը: Սակայն երկու տարի անց նման ձեւով իշխանության եկած Լ.Տեր-Պետրոսյանը ստիպված էր հրաժարական տալ: Շատ գործիչներ եւ քաղաքական մեկնաբաններ նրա հրաժարականը հիմնականում կապում են այդ ընտրությունների հետ: Նա լեգիտիմ չէր, ուստի իր շրջապատի պատանդն էր: Այսօր որոշ գործիչներ եւ մեկնաբաններ, զուգահեռներ տանելով այս երկու ընտրությունների միջեւ, համոզված ասում են, որ նման վախճան կունենա նաեւ Ռ.Քոչարյանի իշխանությունը: Նա նույնպես պատանդ է ընտրախախտումներ կատարած իր շրջապատի ձեռքում: Իսկ երկրում ստեղծված ներքաղաքական վիճակը սկսում է նմանվել 1998-ի նախագահական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակին: 1998-ին պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը` Հայաստանի ամենաազդեցիկ դեմքը, սատարելով Ռ.Քոչարյանին՝ խոչընդոտեց Կարեն Դեմիրճյանին դառնալ նախագահ: Սակայն կարճ ժամանակ անց նույն պաշտպանության նախարարը դաշինք կազմեց Կ.Դեմիրճյանի հետ եւ «վերցրեց» խորհրդարանի մեծամասնությունը: Շատերը գիտակցում էին, որ այդ երկու քաղաքական առաջնորդներն իշխանությունն օրինական ճանապարհով փորձում են վերցնել Ռ. Քոչարյանից: Եթե տեղի չունենար 1999թ. հոկտեմբերի 27-ը, ապա երկրի կառավարման ղեկը Ռ.Քոչարյանի ձեռքում չէր մնա: Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն օժանդակեց Ռ.Քոչարյանին` դառնալով նրա նախընտրական շտաբի պետը եւ նրան դարձրեց նախագահ: Իսկ այժմ պաշտպանության նախարարը միացել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանի «Հանրապետական» կուսակցությանը եւ փորձում է լուծել խորհրդարանում մեծամասնության հարցը: Բնականաբար, երկրի նախագահը դեմ է նման ռեւանշին եւ ամեն ինչ պետք է անի դրան խանգարելու համար: Ինչքան էլ նախագահ Քոչարյանը եւ պաշտպանության նախարարը հայտարարեն, որ իրենց միջեւ հակասություններ չկան, միեւնույն է, արդեն հստակ է, որ այդ հակամարտությունն առկա է եւ խորհրդարանական ընտրությունների մոտենալուն զուգընթաց այն խորանալու է: Այսօր Քոչարյանը ստիպված է դիմակայել մի քանի ճակատով: Այս տարիների ընթացքում նա այդպես էլ չկարողացավ ձեւավորել իր թիմը եւ իր հենարան քաղաքական ուժը: Ս. Սարգսյան172 հանրապետականներ տանդեմը շատերին է մտորելու տեղիք տալիս: Միանշանակ քայլեր անելը շատ գործարարների, քաղաքական ուժերի համար պարզապես կործանարար կարող է լինել: Արդեն տասը տարի մշտապես ուժային կառույցներ ղեկավարած Սերժ Սարգսյանը շատ բան գիտի: Նա տիրապետում է հսկայական տեղեկատվության, որը ցանկացած պահի կարող է դուրս «սպրդել» նրա հովանավորությամբ լույս տեսնող թերթերում: Ուշագրավ է նաեւ այն փաստը, որ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի ձերբակալության մասին Սերժ Սարգսյանն առայժմ լռում է: Նա կարծես փորձում է հեռու մնալ այս պատմությունից եւ իր անունը չկապել ձերբակալության հետ: Համենայնդեպս, դարձյալ դժվար է կռահել, թե մոտ ժամանակներս ինչ տեղի կունենա ներքաղաքական դաշտում: «Հանրապետական» կուսակցությունը, որն իր բոլոր ռեսուրսները ներդրել էր ի նպաստ Քոչարյանի, այսօր տագնապի մեջ է: Հանրապետական վարչապետ Անդրանիկ Մարգարյանի համար արդեն հայտնի է, որ Քոչարյանի վարչապետը լինելու է դաշնակցությունը ներկայացնող Արտաշես Թումանյանը: Իսկ դաշնակցությունը լուրջ խնդիրներ ունի ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախկին նախարար Սերժ Սարգսյանի հետ: Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հենց նրանց ջանքերով մի կողմ մղվեց Քոչարյանի շտաբը ղեկավարող պաշտպանության նախարարը: Նախագահական ընտրությունների ընթացքում Քոչարյանի ունեցած բոլոր ձախողումները հենց նրան են վերագրվում: Մյուս կողմից՝ իր հեղինակությունը ինչ-որ չափով վերականգնելու համար Քոչարյանն այսօր կտրուկ քայլեր անելու ժամանակ չունի: Իսկ ժամանակը երբեք այնքան ի վնաս նրա չի աշխատել, որքան այսօր: Նրա շրջապատում ոմանք պնդում են նման քայլերի անհրաժեշտությունը: Այդ քայլերից մասնավորապես նշվում է մի քանի նախարար պաշտոնանկ անելը, ովքեր իրենց աթոռներն օգտագործում են միայն սեփական բիզնեսը զարգացնելու համար եւ ժողովրդի համար կաշառակերության խորհրդանիշներ են։ Հաջորդ քայլերից մեկը, որ Քոչարյանին համոզում են անել՝ տնտեսության առանձին ոլորտներում մենաշնորհ ունեցողներին դրանից զրկելն է: Որքան էլ տարօրինակ կարող է թվալ, բայց Քոչարյանին համոզում են նաեւ բացել «Ա1+» հեռուստաընկերությունը: Սակայն նման խորհուրդներ տվողները համոզված են, որ Քոչարյանն այդ քայլերը չի կարող անել: Նա իր շրջապատի պատանդն է եւ զորակցող թիմ չունի: Քոչարյանը երբեմն ստիպված է լինում զբաղվել ամեն ինչով եւ խոսել ամեն ինչի մասին: Նրա Գլխավոր դատախազի մտքով նույնիսկ չի անցել, որ Տիգրան Նաղդալյանի սպանության «բացահայտման» մասին խոսելն իր մենաշնորհն ու պարտականությունն է: Այսօր Քոչարյանը նորից շրջանառության մեջ է դրել 40 հազար աշխատատեղ ստեղծելու խոսակցությունը, որը միայն քմծիծաղ է առաջացնում: Նախագահ Քոչարյանին մնացել է ընդամենը մի բան` կատարել նաեւ մամլո քարտուղարի պարտականությունները: ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ www.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել