Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԺԱՆԻ՞ Է ԺՈՂՈՎՐԴԻՆ

Ապրիլ 05,2003 00:00

ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԺԱՆԻ՞ Է ԺՈՂՈՎՐԴԻՆ Ստեփան Դեմիրճյանի կողմից 2003-ի նախագահական ընտրությունների արդյունքների վիճարկման գործի շրջանակներում 26.03-29.03 ՍԴ հրավերով Հայաստանում է գտնվել ԵԽ Վենետիկի hանձնաժողովի փորձագիտական խումբը /Գաել Մարտին-Միկալե՝ Քարտուղարության անդամ, փորձագետներ Դոմինիկ Ռեմի-Գրանժե /Ֆրանսիա/, Ռիչարդ Բարե /Իռլանդիա/: Կատարված աշխատանքի արդյունքների վերաբերյալ հաղորդագրության մեջ նշված է, որ ՀՀ ՍԴ-ին խորհրդատվություն է տրամադրվել «համեմատական ընտրական իրավունքի ընդհանուր խնդիրների վերաբերյալ»՝ չանդրադառնալով քննության առարկա գործի էությանը կամ ՍԴ-ի կողմից կայացվելիք որոշմանը: Պատվիրակությունը հարկ է համարել ընդգծել, որ «Եվրախորհուրդը եւ Վենետիկի հանձնաժողովը բարձր են գնահատում ՀՀ ՍԴ կառուցողական մոտեցումը՝ միջազգային փորձառությանը դիմելու»: ՀՀ նախագահական ընտրություններից ի վեր Հայաստանի հասցեին հնչող քննադատության մեջ առաջին անգամ միջազգայնորեն ընդունելի դրական գործընթաց է մատնանշվում: Հասկանալի է, ՀՀ ՍԴ-ն, հատկապես նրա նախագահը, տարիների եւ ջանքերի գնով են միջազգային ասպարեզում որոշակի ճանաչման հասել, այն դյուրությամբ վտանգելու համար: Իսկ որ 2003-ի նախագահական ընտրությունների արդյունքները միջազգային հանրության կողմից արձանագրված օրինախախտումներով են մթագնված, որոնց նկատմամբ ՍԴ-ի վերաբերմունքին հետեւելու են նաեւ արտերկրից, կասկածից վեր է: Նույնիսկ մի կողմ թողնենք հանգամանքը, որ Դեմիրճյանի կողմից ՍԴ ներկայացված գործի ծավալը 1700 էջ է, ասել է թե, օրինախախտումների՝ 1700 էջ զբաղեցնող դեպքեր, երբ ՀՀ-ում գոյություն ունի ընդամենը 1865 ընտրատեղամաս: Միայն ԵԽ Վեհաժողովում Ռասել Ջոնսթոնի զեկույցի եւ ՀՀ ՍԴ-ի «Գեղամյանի գործով» կայացրած որոշման համադրումն էլ բավական է՝ պատկերացնելու համար ընտրություններն անվավեր ճանաչելու հարկադրանքը: ՍԴ որոշումից. «Միջազգային իրավական պրակտիկան եւ սահմանադրական արդարադատության փորձը վկայում են նաեւ, որ, մասնավորապես. ընտրություններն անվավեր ճանաչելու կամ չճանաչելու որոշումը յուրաքանչյուր դեպքում կախված է կոնկրետ հանգամանքներից, եւ պետք է հաշվի առնել իրավաբանորեն փաստարկված խախտման լրջությունն ու ծանրությունը, խախտումների ընդգրկման ծավալը, խախտումներ կատարելու միջոցներն ու ձեւերը»: Ջոնսթոնի զեկույցից. «Մտահոգիչ էին քվեատուփերի լցոնման լայնատարած բնույթը, ընտրությունների օրը եւ նույնիսկ նախօրեին քվեարկության վայրից դուրս ստորագրված եւ կնքված քվեաթերթիկների շրջանառության խրոնիկ դեպքերը: …Խնդիրներ են ծագել զինուժի կողմից բաց քվեարկության առնչությամբ: …Պարբերաբար հաղորդումներ էին ստացվում ընտրատեղամասերում չլիազորված անձանց ներկայության մասին, որոնք ընտրողների հանդեպ ճնշումներ են գործադրել հօգուտ գործող նախագահի: …Մինչ նախագահը եւ նրան սատարող խորհրդարանական կուսակցությունները նշանակում էին ընտրական հանձնաժողովների 9 անդամներից 6-ին, ընդդիմադիր թեկնածուն ներկայացվում էր միայն մեկ վստահված անձով՝ առանց ձայնի իրավունքի: …Երկրորդ փուլից առաջ ՏԸՀ անդամները մեծ համամասնությամբ փոխվեցին, հանձնաժողովների կազմերը դարձան էլ ավելի կողմնակալ՝ հօգուտ գործող նախագահի, քան առաջին փուլում էր: …Տագնապահարույց էին դիտորդների եւ վստահված անձանց հաղորդումները, որ իրենց արգելվել է ամբողջությամբ հետեւել քվեների հաշվման գործընթացին: ՏԸՀ-ների շուրջ 2/3-ում քվեների հաշվումից անմիջապես հետո արձանագրություններ չեն հրապարակվել եւ փակցվել»: Ջոնսթոնի զեկույցից եւ ԵԱՀԿ դիտորդական առաքելության կուտակած փաստական նյութից հետո /քվեատուփերի լցոնումներ, արձանագրությունների կեղծում, հօգուտ Քոչարյանի տրված 100%-ից ավելի ձայներ, ընտրական ցուցակում նշված քաղաքացու փոխարեն մեկ ուրիշի անձնագրային տվյալների լրացում եւ այլն, եւ այլն/, որոնք այնքա՜ն հաճախադեպ են, նույնական ու կրկնվող, ո՞վ կկասկածի իրականացված ընտրակեղծիքի «լրջությանը, ծանրությանը, ընդգրկման ծավալին, միջոցներին եւ ձեւերին»: Միով բանիվ՝ համատարած եւ կազմակերպված բնույթին: Չասելով այլեւս, որ եթե ուրիշ ոչինչ էլ չլիներ, միայն ԿԸՀ կնիքով կրկնական ծրարների պատմությունն արդեն իսկ հաղթաթուղթ է: Հազիվ թե ՍԴ-ում չգիտակցեն իրենց պատասխանատվությունը ե՛ւ Հայաստանի ժողովրդի, ե՛ւ միջազգային հանրության առջեւ: Առավել եւս այն հեղինակության առջեւ, որ վերջին 15 տարիների իր պատմությամբ կարողացել է ստեղծել Հայաստանի ժողովուրդը: Նույնիսկ մարտի 31-ին Ստրասբուրգում Հայաստանի հասցեին հնչող քննադատության մեջ ամբիոնից նաեւ հետեւյալն է ասվել. «Հայաստանը բացառիկ է ետխորհրդային երկրների մեջ, այն ունի մի համընդհանուր դրական միտում դեպի ժողովրդավարություն»: ՍԴ-ն ցույց կտա. արդյո՞ք Հայաստանի Երրորդ Հանրապետությունն արժանի է Հայաստանի ժողովրդին: ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել