Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍԴ-Ի ՈՐՈՇՈՒՄԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ»

Ապրիլ 04,2003 00:00

«ՍԴ-Ի ՈՐՈՇՈՒՄԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» Վստահ է Գալուստ Սահակյանը Խորհրդարանական խումբ- խմբակցությունների ներկայացուցիչները հիմնականում միակարծիք էին. Սահմանադրական դատարանը Ստեփան Դեմիրճյանի հայցին՝ անվավեր ճանաչել 2003 թ. նախագահական ընտրությունների արդյունքները, տալու է քաղաքական լուծում եւ ոչ թե իրավական։ Անշուշտ, օրենսդիրները չեն կարող չիմանալ, որ Սահմանադրական դատարանը հենց նրա համար է, որ զերծ մնա քաղաքականությունից (նրա նախագահն ու անդամներն ընտրվել են ցմահ՝ ցանկացած իշխանությունից եւ նախագահից անկախ լինելու համար), եւ հարցերը քննի ու համապատասխան որոշում կայացնի բացառապես իրավական հարթությունում։ «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Մհեր Շահգելդյանը՝ պատասխանելով մեր հարցին՝ ի՞նչ սպասելիք ունի վերոհիշյալ հայցի մասին ՍԴ որոշումից, եւ եթե ՍԴ-ն որոշում կայացնի անվավեր ճանաչել նախագահական ընտրությունները, ո՞րն է լինելու «Օրինաց երկրի» դիրքորոշումը, ասաց. «մենք բազմիցս շեշտել ենք, որ դատական իշխանությունը Հայաստանում պետք է հստակ աշխատի, եւ սա վերաբերում է նաեւ ՍԴ-ին։ Ինչպիսին կլինի ՍԴ որոշումը, օրենքների շրջանակում է, եւ մենք ընդունելու ենք այս որոշումը»։ ՀԿԿ խմբակցության ղեկավար Ֆրունզե Խառատյան. «մամուլում հրապարակվածի հիման վրա ես կարծում եմ, որ այս անգամ ՍԴ ներկայացված հայցադիմումը շատ ավելի հիմնավոր է, քան Գեղամյանի կողմից ներկայացվածը։ Ես չգիտեմ բայց՝ դա ՍԴ-ին հիմք կտա՞ ընտրություններն անվավեր ճանաչելու համար, թե՞ ոչ։ Նյութերի հետ ես ծանոթ չեմ, միայն մամուլից գիտեմ»։ Իսկ ակնհայտ չէ՞, որ հարցն ավելի շատ քաղաքական լուծում է ստանալու, քան իրավական։ Պրն Խառատյանը, որը, կարծեմ, մասնագիտությամբ իրավաբան է, սեփական մասնագիտությունը կարծես թե չհարգող պատասխան տվեց. «Գիտեք ինչ կա, երբեմն իրավականը եւ քաղաքականը սահմանազատել շատ դժվար է։ Իրավականը չի կարող միաժամանակ քաղաքական չլինել։ Ամեն ինչի մեջ էլ քաղաքականություն կա, մանավանդ այդ բնույթի դատական հայցերը եւ դատական քննարկումները չեն կարող քաղաքականությունից զերծ լինել։ Դա որոշակի քաղաքականություն է։ Այդ պատժական քաղաքականությունը՝ ասենք, արդարադատության մարմինների կողմից տարված, էլի քաղաքականություն է, դա էլ պատժական քաղաքականություն է։ Այնպես որ, հստակ սահմանազատել, թե որտեղ է քաղաքականությունը վերջանում եւ արդարադատությունը սկսվում եւ հակառակը, դժվար է ասել»։ Ընկեր Խառատյանի խոսքից ուշադիր ընթերցողն, անշուշտ, զգաց կոմունիզմի սառը շունչը, իսկ թե օրենսդիր մարմնում «աշխատողը» ինչո՞ւ է այդքան թերագնահատում օրենքի գերակայությունը, կարծում ենք, պարզ է՝ այս պահին ընկեր Խառատյանին նման պատասխանն է ձեռնտու։ ՀՅԴ խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը՝ «Առավոտի» հարցին պատասխանելով, ասաց, որ Դաշնակցությունը կհարգի ՍԴ-ի ցանկացած որոշում. «ՍԴ-ն պետք է գործի իր լիազորությունների սահմաններում եւ, բնական է՝ քննի հարցն օբյեկտիվորեն, բազմակողմանի, լիարժեք, եւ միայն այդ դեպքում կասկածները կվերանան։ Սա, իհարկե, թե՛ քաղաքական խնդիր է, թե՛ իրավական։ Եվ այդտեղ երկուսն իրար հետ են։ Բայց մենք ստեղծել ենք պետություն, ստեղծել ենք որոշակի ինստիտուտներ եւ չենք կարող շրջանցել այդ ինստիտուտները, մենք պետք է հարգենք այդ ինստիտուտները»։ «Ժողովրդի ձայն» պատգամավորական խմբի ներկայացուցիչ Շավարշ Քոչարյանն իր գնահատականներում կարծես թե լավատես չէր. «Հայաստանում չկա որեւէ մարմին, որն ինքնուրույն է որոշում կայացնում՝ ելնելով մասնագիտական կամ արդարության սկզբունքներից։ Ակնհայտ է, որ Հայաստանում լիովին վերահսկելի են բոլոր կառույցները, այդ թվում նաեւ (ցավոք սրտի) Սահմանադրական դատարանը»։ Այդ դեպքում ինչո՞ւ ընդդիմությունը որոշեց նախագահական ընտրությունների արդյունքը բողոքարկել Սահմանադրական դատարանում. «չդիմելն էլ էր սխալ, ամեն դեպքում ՍԴ պետք էր դիմել, ՍԴ-ի որոշումը ես չեմ ուզում կանխորոշել կամ գնահատական տալ, բայց խնդիրը հետեւյալն է՝ այնուամենայնիվ, ՍԴ-ի վրա, ինչքան էլ պնդեն ե՛ւ ՍԴ նախագահը, ե՛ւ անդամները, բնական է՝ ճնշումը կա, ճնշումը կա հենց նախագահի եւ նրա շրջապատի կողմից։ Այդ ճնշումը կարող էր հավասարակշռվել մթնոլորտով, որը տիրում է Հայաստանում։ Այս պարագայում ես չեմ համարում, թե այդ մթնոլորտը բավարար է, որպեսզի լինի համապատասխան հակակշիռ»։ «Ագրոարդյունաբերողների» խմբի անդամ Մարտին Հովհաննիսյանը լավատես է եւ գտնում է, որ ՍԴ-ն կընդունի շատ օբյեկտիվ որոշում. «Եվ անկախ նրանից՝ ինչ որոշում կլինի, ես եւ մեր պատգամավորական խումբը, վստահ եմ, կհարգենք այդ որոշումը»։ Խորհրդարանական մեծամասնության ղեկավար Գալուստ Սահակյանը ճեպազրույցների էր եկել ուղիղ Սահմանադրական դատարանից եւ տպավորություն էր ստացել, «որ սովորական ընտրական տեխնոլոգիայի հետեւանք է ՍԴ դիմելը, որովհետեւ առաջին իսկ փորձերից ակնհայտ է դառնում, որ դիմողներն ասելիք չունեն, պարզապես խնդիրներ ունեն»։ Եթե ՍԴ-ն վճռի անվավեր ճանաչել նախագահի ընտրությունները, ի՞նչ դիրք է բռնելու Հանրապետականը։ Ըստ Գալուստ Սահակյանի, «պետության համար դա շատ վտանգավոր կարող է լինել, Հանրապետականը ձեր ասած մասով պիտի չքննարկեր (երեւի հարցը նկատի ունի.- Մ. Ե.), որովհետեւ հաստատ համոզված է, որ ոչ թե խոսքը վերաբերում է ընտրություններում խախտումներին, այլ՝ նոր ընտրությունների, նոր ընտրատեխնոլոգիաներ կիրառելուն, որովհետեւ ակնհայտ դարձավ հենց առաջին օրը, որ դիմող կողմը ցանկանում է ժամանակ վերցնել նորից փաստաթղթերն ուսումնասիրելու համար, մինչդեռ իրենք են դիմել ՍԴ, պիտի ուսումնասիրած լինեին»։ Մենք հետաքրքրվեցինք, թե ի՞նչ նկատի ունի Գալուստ Սահակյանը, երբ ասում է, թե «դա շատ վտանգավոր կարող է լինել պետության համար», արդյո՞ք ՍԴ-ի վճիռը։ Պրն Սահակյանի պատասխանը. «Դուք ասում եք՝ եթե դիմող կողմը հայցը բավարարի, ասում եմ՝ դա վտանգավոր երեւույթ կլինի պետության համար, անկախ նրանից՝ որս ինչպես ենք մտածում՝ օրինական է թե անօրինական է։ Սովորաբար, մենք նորաստեղծ պետություն ենք, եւ պիտի նման նախադեպերից խուսափենք»։ Եզրակացություններն այստեղ, կարծում ենք, ավելորդ են՝ ամեն ինչ այնքան պերճախոս է։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել