ԿՈՄՊԼԵՄԵՆՏԱՐԻԶՄՆ ԱՎԱՐՏՎԵ՞Ց Մեկնաբանում է պաշտպանության նախկին նախարար, «Արդարություն» դաշինքի միացյալ շտաբի ղեկավար Վաղարշակ Հարությունյանը: -Եւրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում եւ Եվրամիությունում վերջին քննարկումներն ապացույց դարձան, որ միջազգային հանրության համար Հայաստանի նախագահի ընտրություններն այլեւս անցած փուլ են, ու առավել շեշտադրվում են առաջիկա խորհրդարանական ընտրությունները: Չե՞ք կարծում, որ սա ընդդիմության գործունեության հետեւանքն է, որն առավել կենտրոնացավ ԱԺ ընտրությունների վրա: – Համաձայն չեմ: Ոչ մի շեշտադրում էլ փոխված չէ: Նախ՝ Եվրախորհուրդը եւ Եվրամիությունն այս քննարկումներում նույնպես հստակ գնահատականներ տվեցին նախագահի ընտրությունում կատարված խախտումների վերաբերյալ: Ուղղակի այնտեղ նաեւ քննարկվեց ԱԺ ընտրությունների հարցը: Պետք է տարբերել՝ այն, ինչ այժմ ասվում է մայիսին կայանալիք ընտրությունների մասին, չի նշանակում, թե փետրվար-մարտին եղածն արդեն մոռացվել է: Նաեւ պետք է տարբերել պետության ու Քոչարյանի հանդեպ վերաբերմունքը: Եվրախորհուրդն այժմ ասում է, թե որպեսզի մեր պետությունը համապատասխանի միջազգային չափանիշներին՝ պետք է խորհրդարանական ընտրությունները կազմակերպի եւ անցկացնի բնականոն հունով՝ առանց կեղծիքների: Իսկ Քոչարյանի առումով հստակ է, որ նրա ընտրությունը չի համապատասխանում այդ չափանիշներին: – Միջազգային հանրության ուշադրության կիզակետում այժմ Իրաքի դեմ պատերազմն է, ուստի չե՞ք կարծում, որ մեր ընտրությունների օրինականության հարցը մղվել է հետին պլան, այլեւս օրախնդիր չէ: – Բնական է՝ Իրաքի դեմ պատերազմը լուրջ խնդիր է եւ իր ազդեցությունն ունի նաեւ եվրոպական կառույցների վրա: Բնականաբար՝ այն նաեւ ավելի շատ է լուսաբանվում մամուլում: Սակայն այդպես չէ, թե այդ պատճառով մոռացվել են Հայաստանի նախագահի ընտրության վերաբերյալ դիտորդական առաքելությունների եզրակացությունները: Միջազգային կառույցների այն մարմինները, որոնք զբաղվում են ընտրությունների հարցերով՝ անկախ նրանից, թե ինչ է կատարվում Իրաքում կամ այլ տեղ՝ իրենց գործն են անում: – Իշխանամետների սիրած փաստարկն է դարձել, թե տեսնո՞ւմ եք իրավապահներն այլ երկրներում հակազդման ի՜նչ խիստ միջոցներ են կիրառում հակապատերազմական ցույցերի մասնակիցների նկատմամբ, ուստի բնական են նաեւ Հայաստանում ընդդիմության կազմակերպած հանրահավաքների մասնակիցների ձերբակալությունները: Ի՞նչ կհակադարձեք այս զուգահեռին: – Իշխանամետներն ուղղակի թյուրիմացության մեջ են գցում մեր հանրությանը: Այդ երկրներում ոստիկանությունն օրենքների համաձայն է գործում. եթե խախտվում է հասարակական կարգը՝ ասենք, քար են գցում դեսպանատան կամ իրավապահների վրա՝ բնականաբար, վերջիններս պիտի տեղում միջոցներ ձեռնարկեն: Իսկ Հայաստանի հանրահավաքների ժամանակ չի արձանագրվել նման որեւէ միջադեպ: Մեր օրենսդրությունը հնարավորություն է ընձեռում երթեր ու հանրահավաքներ անցկացնել, սակայն իշխանությունը խոչընդոտներ է ստեղծում, որի իրավունքը չունի: Մեր դեպքում՝ ձերբակալում են ոչ թե հասարակական կարգը խախտածներին կամ ոստիկանների նկատմամբ բռնություն կիրառածներին, այլ հանրահավաքների եւ երթերի մասնակիցներին՝ չունենալով ոչ մի հիմնավորում: Դատավարություններ են անցկացնում առանց պաշտպանների, խախտվում են օրենքի այլ դրույթներ եւս՝ սրա մասին է խոսքը: Այժմ էլ դատախազություն են հրավիրվում հանրահավաքների կազմակերպիչները, այդ թվում եւ՝ «Հանրապետության» գործիչները: Այդ հրավերքները եւս անօրինական են: – Ընտրության հետեւանքները Հայաստանի արտաքին քաղաքականության վրա թերեւս կարելի է բնորոշել «կոմպլեմենտարիզմի վախճանը» արտահայտությամբ. նման ձեւով վերընտրությունից խորապես հիասթափված ամերիկացիներից ու եվրոպացիներից իշխանությունները երես թեքեցին ՝ միանշանակ կողմնորոշվելով դեպի Ռուսաստան: Սա ա՞յն է, ինչ մինչեւ ընտրությունները ցանկանում էր «16»-ի միավորումը, որ փոխլրացումից հրաժարվելով՝ առավել սերտացվեն հարաբերությունները Ռուսաստանի հետ: – Այն քաղաքականությունը, որ վարում էր Քոչարյանը՝ դա անվանելով «կոպլեմենտար», անհեթեթ էր: Երբ Ռուսաստանի հետ պայմանագրերը հակասում են այն փաստաթղթերին, որոնց շուրջ համաձայնություններ ունենք այլ պետությունների հետ՝ դա «կոմպլեմենտարիզմ» չէ, այլ մի քաղաքականություն, որ միանշանակ հանգեցնում է մեկուսացման: Այն, ինչ մենք հիմա տեսնում ենք: – Դուք այլեւս չեք կարող ռուսամետության մեջ մրցել ներկա իշխանության հետ, որը մեկը մյուսի ետեւից՝ ՌԴ-ին է հանձնում Հայաստանի ռազմավարական նշանակության ձեռնարկությունները, անգամ դրանց հողը: – Մենք իշխանության հետ չե՛նք մրցում, քանի որ Ռոբերտ Քոչարյանն արտաքին քաղաքականություն չի վարում, այլ լուծում է իշխանության մնալու հարցը: Ես լիովին համոզված եմ, որ նախընտրական փուլում արված այդ քայլերը միայն նպատակաուղղված էին այդ՝ իշխանության խնդիրը լուծելուն, եւ մոտ ապագայում կտեսնեք, որ կլինեն նոր զարգացումներ՝ ոչ ի նպաստ Հայաստանի: – Սակայն Ռուսաստանն ապացուցեց, որ պատրաստ է ԲԷՑ-երի, ատոմակայանի ֆինանսական կառավարման կամ «Սեւան-Հրազդան» կասկադի բաժնետոմսերի դիմաց իշխանությանը ձեռնտու, դրական գնահատական տալ ընտրությունների ընթացքի վերաբերյալ՝ անկախ նրանից, որ իրականությունը բացարձակապես այլ է: Այսինքն՝ նրանք պատրաստ են վճարել այդ գինը: – Իսկ ո՞վ պատրաստ չէ: Ո՞ր պետությունը չի ցանկանա լիակատար ազդեցություն ձեռք բերել այլ պետության վրա: – Ըստ որոշ մեկնաբանությունների՝ ընտրությունների վերաբերյալ գերտերությունների հակադիր գնահատականները պայմանավորված են նաեւ Ղարաբաղի խնդրով. ուղղակի ցանկանում են լծակներ ունենալ Հայաստանի ղեկավարության վրա առավելագույնս ճնշումներ գործադրելու համար: Այդ առումով՝ դատապարտվում էր ընդդիմության վարքը, որ հաղթաթուղթ է տրամադրում գերտերություններին: Ճշմարտություն կա՞ այս վերլուծությունում: – Բնական է, որ ինչ պետություն էլ լինի՝ միշտ հետապնդելու է սեփակա՛ն շահերը: Հարցն այդ հարթությունում չէ, թե ինչ խնդիր էին նրանք փորձում լուծել՝ զեկուցելով այս խախտումների մասին: Ուղղակի պետք չէր խախտումներ անել, եւ առիթ չէր լինի նաեւ հնարավոր ճնշումների: Ուստի, երբ խոսում են անկախության մասին՝ պետք է հիշեն, որ դա վերացական հասկացություն չէ, այլ նաեւ երկրի նախագահ, որ ինքն է օրենքներով հստակ առաջնորդվում եւ այդպես է ղեկավարում նաեւ պետությունը, այս ամենի հիման վրա՝ զարգացած տնտեսություն եւ ճիշտ արտաքին քաղաքականություն: Փոխարենը կեղծիքներ են արվում եւ դրանք պայմանավորում մեր մենթալիտետով… Չկա՛ այդպիսի երկիր եւ ժողովուրդ, որի մենթալիտետը օրենքներ խախտելը եւ կեղծիքներ անելն է: Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ