Լրահոս
Օրվա լրահոսը

Փակագծերից այն կողմ

Ապրիլ 03,2003 00:00

Փակագծերից այն կողմ Մշակութային ժառանգության ուսումնասիրությամբ զբաղվող Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտն այսօր լուրջ ներդրումների կարիք ունի։ Ըստ ինստիտուտի տնօեն Արամ Քալանթարյանի, իրենց պետականորեն հատկացվում է ընդամենը 35 մլն դրամ։ Մինչդեռ առկա են նյութատեխնիկական բազան հարստացնելու, կահույքի նորացման, ուսումնասիրություններ կատարելու եւ այլ խնդիրներ, որոնց մասին նա խոսեց մակերեսորեն՝ առանց փակագծերը բացելու՝ հնարավոր հետեւանքներից խուսափելու նպատակով։ Հայաստանի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրենը տեղեկացրեց, որ «ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել են մի շարք նոր, պատմական մեծ նշանակություն ունեցող հուշարձաններ»։ Այդ թվում են Էջմիածնի շրջանի Առատաշեն գյուղի բացառիկ ու Աշտարակի շրջանի Ագարակ գյուղի 5000 տարվա պատմություն ունեցող տուֆակերտ հուշարձանները։ Օշականում եւս հայտնաբերվել է ինքնատիպ ուրարտական ամրոց՝ իր տաճարով։ Բոլոր այս մշակութային արժեքներն էլ, ըստ ինստիտուտի տնօրենի, մեր տարածաշրջանի համար լուրջ նշանակություն ունեն։ Սակայն «գործը միայն հայտնաբերելով չի ավարտվում»։ Անհրաժեշտ է նախ դրանք պահպանել եւ գիտական լուրջ աշխատանք տանել, որպեսզի նոր հայտնաբերված հուշարձանները չարժանանան այն պատմական արժեքների ճակատագրին, որոնք այսօր «խնամքի» կարիք ունեն։ Դրանց պահպանության համար, բնականաբար, բավականին գումար է անհրաժեշտ, որը Հայաստանի Հանրապետությունը իրեն թույլ տալ չի կարող։ Իսկ Հայաստանի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտն էլ Ֆրանսիայի կամ Ռուսաստանի նմանօրինակ ինստիտուտների կարգավիճակն ու երազելի հնարավորությունները չունի։ Այսօր արդեն ԵՊՀ-ի աստվածաբանության ֆակուլտետի դեկան Շահե արքեպիսկոպոս Աճեմյանի աջակցությամբ վերանորոգվում է Ուշի գյուղի վանքը։ Ուսումնասիրություններ են կատարվում նաեւ Եղեգիսում (Եղեգնաձոր)։ Պարզվել է, որ նախկինում այստեղ բնակվել են հրեաներ։ Հայտնաբերվել է հրեական համայնքին պատկանող գերեզմանատուն։ Արամ Քալանթարյանը տեղեկացրեց, որ մտադիր են ստեղծել Հայաստանում կատարված 200 տարվա հնագիտական պեղումների աշխատանքների պատմություն եւ հրատարակել եռահատոր «Հայ հնագիտություն» աշխատությունը, ինչպես նաեւ՝ «Հայաստանի հնագույն հուշարձանները» մատենաշարը։ Այս ամենի համար ներդրումներ են անհրաժեշտ, որոնք, ըստ Ա. Քալանթարյանի, ցավոք, չկան։ Դրա համար էլ հաճախ ինստիտուտը ստիպված է լինում դիմել ոչ թե հայաստանցի, այլ սփյուռքահայ գործարարների, որովհետեւ վերջիններիս «սիրտն ավելի է ցավում» մեր մշակութային արժեքների հայտնաբերման ու պահպանման համար, քան հայաստանցի նորահարուստներինը։ Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել