ԴԻՎԻԴԵՆԴ ՀԱՎԱՔԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը ի պատասխան մեր այն հարցի, թե արդյոք նախընտրական շրջանում «Օրինաց երկրի» ստեղծած «Ուսուցիչների միություն» հասարակական կազմակերպությունը հատուկ քաղաքական նպատակաուղղվածություն չունի, կոչ արեց ընդհանրապես ուսուցչական կազմը հանգիստ թողնել եւ դպրոցը չքաղաքականացնել: «Հիմա եթե բոլոր կազմակերպությունները սկսեն նախընտրական շրջանում դիվիդենդ հավաքելու համար կեղծ խոստումներ տալ, մեր համակարգը, որ լուրջ փոփոխությունների շեմին է, որ կարիք ունի հասարակության աջակցության, իսկապես ծանր վիճակի մեջ կընկնի: Այս իմաստով հատկապես բացասական եմ գնահատում այն պաշտոնյաների պահվածքը, որոնք իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով հավաքներ են կազմակերպում: Սա հետապնդում է ոչ թե ուսուցչության սոցիալական կարիքների բարելավում, այլ նախընտրական քարոզչության նպատակ, որ բարոյական չեմ համարում»: Խոսքը միության՝ օրերս կազմակերպած հավաքի մասին է, որտեղ մասնավորապես շոշափվեցին դպրոցների ռացիոնալիզացման գործընթացին վերաբերող հարցեր, եւ կարծիք հայտնվեց, թե դպրոցներին սպառնում է մանկապարտեզների ճակատագիրը: «Դրանք բացարձակապես միմյանց հետ կապ չունեցող խնդիրներ են: Ցանկացած քննադատությունից առաջ պետք է գոնե ընդհանուր պատկերացում ունենալ գործընթացի մասին»,- նշեց ԿԳ նախարարը: Ի դեպ, ոչ քաղաքապետարանի կրթության վարչությունից, ոչ էլ ԿԳ նախարարությունից կազմակերպության կազմում պաշտոնյաներ չկան, բացի Կրթական բարեփոխումների կենտրոնի տնօրեն Վիկտոր Մարտիրոսյանից, որը հրաժարվեց այս առնչությամբ որեւէ կարծիք հայտնել: Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ