ԱՐՎԵՍՏԸ ԿՄԱՔՐԻ՞ ՀԵՏՔԵՐԸ Վերջերս Վրաստանի Բաթում քաղաքում կազմակերպվել է «ALEATORY» սիմպոզիում-փառատոնը, որին մասնակցում էին երեք երկրների modern արվեստի ներկայացուցիչներ։ Շուրջ մեկ շաբաթ Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի արվեստագետները հանդիսատեսին զարմացնում էին իրենց բացառիկ ստեղծագործություններով։ Հայաստանից Բաթում էր մեկնել 12 մասնակից, որոնց թվում էր նաեւ Մարտիրոս Բադալյանը՝ ժամանակակից արվեստագետ, փոփ- արտ արվեստի ներկայացուցիչ եւ հետաքրքիր կոլաժների հեղինակ։ Ընթերցողին տեղեկացնենք, որ Մարտիրոս Բադալյանը նախկինում մասնակցել է նաեւ հանրապետական եւ համամիութենական բազմաթիվ ցուցահանդեսների։ Հայաստանի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարիչների միության անդամ է, Երեւանի մարիոնետների թատրոնի գլխավոր նկարիչը։ Նրա աշխատանքները ցուցադրվել են Իտալիայում, Հոլանդիայում, Շվեյցարիայում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Ռուսաստանում եւ այլուր։ Բուռն են նրա տպավորությունները Բաթումում կազմակերպված փառատոնից։ – Ի՞նչ եք կարծում, ո՞րն էր փառատոնի նպատակը, խորհուրդը։ – Իմ կարծիքով, փառատոնը նախեւառաջ համերաշխության կոչ էր՝ ուղղված երեք երկրներին։ Արդեն քանի տարի է՝ զրկված էինք նման հնարավորությունից։ Այս առումով եւս սիմպոզիումը կարեւոր էր բոլոր մասնակիցների համար։ – Չունեի՞ք անհանգստություն, որ ինչ-որ բան այնպես չի ստացվի կամ Բաթումում ճիշտ չեն հասկանա ձեր արվեստը։ – Անհանգստության մասին խոսք լինել չէր կարող։ Ընդհակառակը, ինձ թվում է, մյուս մասնակիցներն էին անհանգիստ ու կասկածամիտ մեր՝ հայերիս հանդեպ։ Սակայն վերջում, երբ հրաժեշտ էինք տալիս, հասկացանք, որ վախն էլ, կասկածն էլ, անհանգստությունն էլ արդեն վաղուց վերացել են։ – Դուք ինչպե՞ս ներկայացրիք ձեր աշխատանքները։ Ամեն ինչ էքսպրո՞մտ մատուցվեց, թե՞ նախօրոք պատրաստվել էիք։ – Ես ինձ հետ տարել էի տեսաֆիլմ՝ 4 րոպե տեւողությամբ։ Բացի այդ, ծովափից հավաքված իրենց տեղական նյութերի համադրությունից հանպատրաստից ծնվեց ցուցադրվելիք կոլաժը։ – Ինչպե՞ս անվանեցիք ձեր այդ աշխատանքը։ – Պայմանականորեն անունը «Տրամադրություն» էի դրել։ Հետո հետաքրքրության համար որոշեցինք այլ անուն մտածել, իսկ հաջողված տարբերակի համար մրցանակ սահմանել։ Մրցանակը հայկական հուշանվերային կոնյակ էր։ Առաջարկվեցին բազմաթիվ հետաքրքիր անվանումներ կոլաժիս համար։ Մասնակիցներից մեկն էլ օրիգինալ տարբերակ առաջարկեց՝ այն կոչել «Բադալյան, Բադալով, Բադալաշվիլի»։ Եվ ամենազվարճալին այն էր, որ ադրբեջանցիների մեջ իսկապես կար Բադալով։ Փառատոնի մասնակիցները հրճվում էին՝ համեմատելով մեր ազգանունները։ Վերը նշված տարբերակի հեղինակն էլ ստացավ մրցանակը։ Արվեստն այն մաքրությունն է, որում քաղաքականությունը պիտի մաքրվի։ Այս գաղափարը սիմպոզիումի առանցքում էր։ ԳՈՀԱՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ Ռուս-հայկական համալսարանիուսանողուհի